▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրտս պայթում է. ի՞նչ նամակ է գրել գերեվարված Ազնիվը

Ադրբեջանցիների հրապարակած տեսագրությունը, որում Ազնիվ անունով կինն ադրբեջանցի զինծառայողներին ասում է` համեցեք ձեր տուն, մեծ աղմուկ բարձրացրեց և տևական ժամանակ քննարկման թեմա դարձավ սոցցանցերի հայկական տիրույթում։ Ակնհայտ էր, որ տեսանյութը բեմականացված է, և մարդկանց մոտ կասկած առաջացավ` կինը հա՞յ է, թե՞ ոչ։

/filemanager/uploads/2020/10/week-4/Azniv.jpg

Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։

Ավելի ուշ Ազնիվը հայտնվեց Բաքվում կազմակերպված ասուլիսին և պատմեց, որ գիտակցությունը կորցրել է այն խանութում, որտեղ աշխատել է, իսկ երբ գիտակցության է եկել, կողքին արդեն ադրբեջանցի զինվորներ են եղել։

Հայաստանում քչերը գիտեին, որ կինն իրականում հայուհի է, անունն էլ` Ազնիվ։ Իմացողների մեծ մասը Ազնիվի հարևաններն էին, որոնք նրա հետ նույն գյուղում (անունը գիտակցաբար չի նշվում – խմբ.) էին ապրում։ Տեսագրությունը տեսնելուց հետո հարևանները հասկացել են, որ դժբախտություն է պատահել։

«Երբ տեսա, հասկացա` մեր Ազնիվը գերի է ընկել։ Նույն օրը ինձ հետ կապ հաստատեցին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից», – կայքին ասել է գյուղապետը։

ՀՀ ԱԱԾ–ում կայքին արդեն հաստատել են, որ ադրբեջանցիները գերի են վերցրել Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանին։ Վերջերս նրան այցելել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

Գյուղում պատմել են, որ Ազնիվը որոշ ժամանակ աշխատել է Արցախում` տեղի խանութներից մեկում։

Մենակ է ապրել Պուշոկ անունով կատվի հետ։ Երկու դուստրերն ամուսնացած են, բնակվում են Ռուսաստանում։ Ամուսին չունի, ծնողները մահացել են, միակ ընկերները համագյուղացիներն են։ Կարմիր խաչի միջոցով նա նամակ է ուղարկել մտերիմ հարևանուհուն։

«Նամակում նա մի քանի նախադասություն է գրել` ամեն ինչ լավ է, մի անհանգստացի՛ր, ոչ մեկին մի լսիր։ Իսկ վերջում գրել է. «Շուտով կհանդիպենք, ջանա»։ Այո, այդպես էլ գրել է։ Դա նրա ձեռագիրն էր, ես հատուկ համեմատել եմ նրա նոթատետրի գրառումների հետ։ Ի պատասխան ես փոխանցեցի, որ կատվի հետ ամեն ինչ լավ է, տանն ամեն ինչ նորմալ է, մենք սպասում ենք նրան։ Նա դեռ չի զանգել, բայց Կարմիր խաչից ասացին, որ զանգելու հնարավորություն կտան նրան։ Երևի ինձ կզանգի», – կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Ազնիվի ընկերուհին։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին