▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար, սիրելի երևանցիներ․ Տիգրան Ավինյան

Շնորհակալ եմ յուրաքանչյուր ձայնի համար, սիրելի երևանցիներ,- գրել է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում։

ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի ժողովուրդ, սիրելի երևանցիներ,
Կիրակի օրը Երևանում տեղի ունեցան հերթական ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները: Եվս մեկ անգամ վերահաստատվեց, որ մեր երկրում կեղծվող ընտրությունների էջն անդառնալիորեն փակված է և սա մեծ հպարտություն է մեզ համար:
Շնորհակալ ենք մեզ վստահության քվե տված տասնյակ հազարավոր երևանցիներին, ում շնորհիվ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացած ձայների թվով առաջինն է և ամենամեծ խմբակցությունը կունենա Երևանի ավագանիում:
Հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին քվե տված քաղաքացիներին: Ընտրություններին այս կամ այն պատճառով չմասնակցած մարդկանց ձայնը նույնպես լսում ենք:
Առջևում դեռ հսկայական աշխատանք կա կատարելու՝ հանուն Երևանի, հանուն անկախ Հայաստանի: «Քաղաքացիական պայմանագիրը» հավատարիմ է մնալու իր հռչակած սկզբունքներին և իր ստացած մանդատը ծառայեցնելու է իր նախընտրական ծրագրի իրագործմանը:
Մոտակա օրերին ավելի մանրամասն կխոսենք առաջիկա անելիքների մասին, բայց մի բան հստակ է, աներկբա և անփոփոխելի՝ ինչպես ասացիք, այնպես էլ կանենք: Մեր նպատակը ձեզ ծառայելն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին