▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շնորհավոր ծնունդդ, Շանթ

Էսօր ընկերներդ հավաքվում են Ազատության հրապարակում՝ ծնունդդ նշելու։
Կոչով ես դիմել՝ բոլորիս գեթ մեկ ժամով հրապարակ գալու հրավեր անելով։
Գիտես՝ էդ հրապարակն ինչքան եմ սիրում, համարձակության պակաս էլ չունեմ։ Էդ հրապարակի խորհուրդն ինձ երկու անգամ բերդ է տարել. շղթաների ծանրությունն ավելի ազատ վիճակ եմ համարել, քան՝ հայտնի կենդանու պես սողալը։
Այսքանով հանդերձ՝ վաղվա միջոցառմանն ինձ բացակա դիր, Շանթ ջան, ու հասկացիր, որ իմ բացակայությամբ՝ ավելի եմ արժևորում ծնուդդ, ընդվզում էն անորմալության դեմ, որ կոչվում է՝ քո ժամանակավոր բացակայություն։
Ես քո արարքն էլ չեմ արդարացրել, բայց ինձ Շանթ եմ զգացել քո անազատության ամեն օրը, որովհետև համարել ու համարում եմ, որ մղումդ անկեղծ է, արարքդ՝ անանձնական։
Այսօր բացակա եմ, որովհետև ինձ մեղավոր եմ համարում՝ չարաբաստիկ այն օրը քո ձեռքը բռնել չկարողանալու իմ անկարողության համար։ Նվազ, հալումից հալումաշ մոմով՝ փորձեցիր տասնամյակներով քարացած խավարի դեմ առնել՝ գաղափարի ու մտքի անապատացումը կանխելու համար, անկախությունը բաժակաճառի հարթությունից՝ կենսակերպ դարձնելու համար։
Արդյունքում՝ դիսիդենտ դառար սեփական հայրենիքում, ոմանք էլ չարախնդացին, որ ռուսական կայսրության դեմ պայքարում են մի քանիսը, ընդամենը՝ մի քանիսը անբովանդակ դարձած, լիմոնի պես ճզմված միլիոնի մեջ։
Ես էդ «մի քանիսի» խենթությունն եմ սիրում, որովհետև «էդ մի քանիսը» նման են օազիսների, որ փրկում են անապատում հայտնված ու իրենց ճակատագրի գերի համարող հազարների…
Բայց էդ «մի քանիսի» ու հատկապես քո աննպատակ անազատությունը տանջում է ինձ, իմ տեսակի անազատությունը սպանում է հոգիս…
Այսօր հրապարակում գերակշռելու են մարդիկ, որ դեպքի օրը «մկան ծակը» հազար թումանով էին առել, էսօր քեզ հերոսացնում են, որովհետև հեշտ է քո թիկունքում քաջնազարություն անելը։
Ես հավատում եմ քեզ, անկախության քո իդեալներին, վաղվա հետ ավետիս բերող մեր հայրենիքին, մեր նահատակ ախպերների վեհությանն ու ուժին, այն ամենին, որ կոչվում է Ազատ Հայաստան։
Ազատության հրապարակից բացակա եմ, բայց օրհնում եմ ծնունդդ ու աղոթում ազատությանդ համար…

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին