▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Մարիոթում.«ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. Պարզվում է՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել Երեւանի Մարիոթ-Արմենիա հյուրանոցում: Գիտական աստիճանն էլ նրան շնորհվել է հասարակական կազմակերպության կողմից: Իսկ Խաչատրյանը, ինչպես վերջերս հայտնի դարձավ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր է:

Ինտերնետային լրատվամիջոցներից մեկի հրապարակման համաձայն, Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության պաշտպանությունը տեղի է ունեցել Միջազգային տեղեկատվայնացման ակադեմիայում: Լրատվամիջոցը նաեւ զրուցել էր ակադեմիայի տնօրեն Ազատ Վարդանյանի հետ ու փոխանցել նրա խոսքերը, թե հրաշալի պաշտպանություն էր, համակողմանի ներկայացված էր նյութը, գիտական լուրջ հիմնավորումներ կային: «Մեզ ուրախացրեց այն հանգամանքը, որ ատենախոսությունը պաշտպանության էր երաշխավորել Գորիսի պետական համալսարանի գիտական խորհուրդը, որպես ատենախոսության ընդդիմախոսներ էին հանդես եկել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը եւ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գեւորգյանը»,- ասել էր տնօրենը:

Նշված ակադեմիայի մասին, որն ի դեպ, կանադական է, որեւէ տեղեկություն ու կոորդինատ գտնելու մեր փորձերը, կարելի է ասել, անհաջողության էին դատապարտված: Դրա գոյության մասին փոքրիկ ինֆորմացիաները միայն հուշում էին Սյունիքի մարզպետի հետ ունեցած կապերի մասին եւ վերաբերում էին համատեղ իրականացրած տարբեր միջոցառումներին: Սփյուռ տեղեկատուն նույնպես ոչ մի տվյալ չուներ Ազատ Վարդանյանի ղեկավարած ակադեմիայի մասին, իսկ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության վարչությունից, մեր հարցին ի պատասխան, փոխանցեցին, որ նման բարձրագույն ուսումնական հաստատություն նախարարության ցանկում գոյություն չունի:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դոկտորականին վերաբերող շատ ավելի ուշագրավ մանրամասներ ի հայտ եկան վերը նշված երկու պատմաբանների հետ մեր զրույցի ընթացքում: Համլետ Գեւորգյանը, ով Պոլիտեխնիկ ինստիտուտի պատմության եւ քաղաքագիտության բաժնի պրոֆեսոր է եւ, ի դեպ, հիացած է մարզպետի գիտական աշխատանքով, ասաց, որ ի սկզբանե այդ ատենախոսության պաշտպանությունը նախատեսված է եղել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում, ինչը, սակայն, տեղի չի ունեցել: Այն ժամանակ ատենախոսության ղեկավարը եղել է մանկավարժական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանը, իսկ ինքը պետք է ընդդիմախոսեր: Կարապետյանի մահից հետո, ինչպես բավականին մեծ դժվարությամբ խոստովանեց Համլետ Գեւորգյանը, ատենախոսության ղեկավար դարձել է ինքը: «Ես այդ դիսերտացիային ծանոթացել եմ, բավականին լավ դիսերտացիա է, ազատ Սյունիքը եւ Լեռնահայաստանը այնտեղ ներկայացվում են որպես պետություն՝ իր ատրիբուտներով: Իսկապես բավականին նոր խոսք է այդ շրջանի վերաբերյալ»,- ասաց նա եւ պատմեց, թե ինչպես է ինքը զարմացել՝ բացահայտելով ինտելեկտուալ Սուրիկ Խաչատրյանին: «Մեր իրականության մեջ այնքան այլանդակություններ կան, դուք մեկին բռնել եք ու թնդանոթում եք, իբր թե մյուսները լավ են, Սուրիկը վատ է: Սուրիկը հարյուրից ավելի գիրք է ֆինանսավորել՝ տպագրելու, ոչ միայն իմ գիրքը: Իսկ էս մյուսնե՞րը ինչ են անում, բացի թալանից, ուրիշ ինչո՞վ են զբաղված: Գորիսի համալսարանում Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է իմ գրքերից մեկին նվիրված գիտական կոնֆերանսի եւ ինձ հետ մեկ ժամից ավելի պատմության հարցերի վերաբերյալ շատ լավ բանավիճում էր, ես էլ ուղղակի զարմացել էի. պետական պաշտոնյան այդ իմացությամբ ինձ համար շատ հաճելի է: Ես իրեն չէի ճանաչում եւ ես էլ կարծում էի, որ այդ մարդն ընդհանրապես ոչ մի բան չգիտի, պարզվեց, որ դա այդպես չէ: Գրականությունից էր խոսում, նույնիսկ քառյակներ էր ասում Շեքսպիրից, Գյոթեից: Դրանից հետո համաձայնեցի, որ կարելի է ընդդիմախոսել»,- ասաց պատմաբանը: Հետաքրքրվեցինք, թե որտե՞ղ է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի ատենախոսության պաշտպանությունը եւ ովքեր են եղել աստիճանաշնորհման հանձնաժողովում: «Ես չեմ հիշում: Կարծում ես՝ ամեն օր էդ երեխեքի հետ անընդհատ ներվային վիճակում շա՞տ եմ հիշում՝ ով կար, ով չկար»,- ասաց Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է ատենախոսության պաշտպանության վայրին, մեր զրուցակիցը նույնպես չհիշեց. «Էն որտեղ է՞ր... Դե հիմա առավոտ շուտ զանգել եք, շա՞տ եմ հիշում: Մի տեղ: Ի՞նչ է ձեզ հետաքրքրում,  պաշտպանություն էր, եղել է, էլի, հիմա: Այստեղ կարեւորն այն էր, որ ես ինչքան ծանոթացել եմ այդ դիսերտացիային, միանգամայն, շատ լավ մակարդակով գրված դիսերտացիա էր: Այնտեղ լիքը ժողովուրդ կար՝ ե՛ւ պատմաբաններ, ե՛ւ այլն, ինքը շատ լավ ներկայացրեց իր թեզը»:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը, ով ներկայացվում է որպես ատենախոսության ընդդիմախոս, մեր զրույցում նկատեց, որ պաշտպանության օրը ելույթ են ունեցել եւ Սուրիկ Խաչատրյանի դոկտորական աշխատանքը գովաբանել կանադացիները: Ինքը՝ մարզպետը, միջոցառման վերջում ընդամենը շնորհակալական խոսք է ասել: Ընդ որում, պաշտպանությունը, ըստ մեր զրուցակից պատմաբանի, կազմակերպված է եղել Մարիոթ-Արմենիա հյուրանոցում, ու ինքն էլ բոլորովին ընդդիմախոս չի եղել: «Պարզապես ինձ տարան այնտեղ, նստեցրին ու վերջ»,- ասաց նա՝ հավելելով, որ Սուրիկ Խաչատրյանի ատենախոսության պաշտպանությանը ներկա լինելու խնդրանքով իրեն դիմել է Գորիսի համալսարանի նախկին դեկան Մարտին Զիլֆուղարյանը, որն էլ իրականացրել է կազմակերպչական այդ աշխատանքները: «Ես ոչ մի կապ չունեմ դրա հետ: Ես չեմ էլ կարդացել այդ գործը, բայց իրենք կեղծիք արեցին ուղղակի: Իմ ազգանունը ինչ-որ տեղ է եղել, գրել են, իբրեւ թե ես կարծիք եմ հայտնել: Ես դա չեմ կարդացել, ինչպե՞ս կարող էի կարծիք հայտնել, ո՞ւր է իմ գրավոր կարծիքը: Չկա»,- ընդգծեց նա: Պրոֆեսորը, սակայն, չի պատրաստվում բողոքել այդ կեղծիքի դեմ: «Չէ, ի՞նչ բողոքեմ: Եթե աղուհացով են այդ դմբոները ընդունում իրեն, ի՞նչ բողոքեմ»,- ասաց:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին