Արևհատ Պետրոսյանի պատմությունը
1905 թ., Կարս
Գուրգեն Ավետիսյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նա պատմել է, որ մայրը ֆայտոն է կանչել, արագ հավաքել է անհրաժեշտ իրերը, իրեն ու փոքր եղբորը՝ Գուրգենին նստեցրել է կառքի վրա ու հեռացել են՝ մի մեծ կողպեք կախելով Կարսի իրենց տան սպիտակ դռնից:
«Մեծ մայրս՝ տատս՝ Արևհատ Մուրադի Պետրոսյանը, պատմում էր, որ 1918 թվականի այդ օրը ցուրտ գարնանային օր էր Կարսում: Մայրը ֆայտոն էր կանչել, իրեն ու փոքր եղբորը՝ Գուրգենին շտապեցնում էր, որ արագ հավաքեն անհրաժեշտ իրերն ու հեռանան:…
«Տատս մեր տան ճերմակ դռան վրա կախեց մի մեծ սև կողպեք ու արագ-արագ նստեց ֆայտոնը: Ես մի վեջին հայացք ձգեցի մեր տանը, մեր ճեմակ դռանն ու սև կողպեքին, մեր ժամին (հավանաբար Առաքելոց եկեղեցին), Կարսի բերդին ու կամուրջով անցանք գետի մյուս ափն ու ճանապարհ բռնեցինք դեպի Ալքսանդրապոլ: Ճանապարհը լիքն էր Կարսից և այլ բնակավայրերից հեռացող գաղթականներով: Թուրքն էր գալիս… Երեկոյան հասանք Ալեքսանդրապոլ ու տեղավորվեցինք մորաքրոջս տանը, որտեղ այդ օրերին պատսպարվել էին ևս մի քանի գաղթական ընտանիքներ: Այդ օրերին Ալեքսանդրապոլում էր Անդրանիկը և զորահավաք էր կազմակերպում թուրքերի առաջխաղացումը կասեցնելու համար:
Հաջորդ օրը մայրս եղբորս՝ Գուրգենին, ու մորաքրոջս որդուն տվեց իր մատի մատանին ու իր մոտ եղած ամբողջ դրամը՝ ուտելիք գնելու համար, քանի որ մորաքրոջս տան ամբողջ պարենը սպառվել էր:
Գյումրեցիները իրենց ունեցած-չունեցածը բաժանում էին քաղաքը լցված մազապուրծ գաղթականներին: Օրը մթնում էր, իսկ տղաները չկային ու չկային: Կեսգիշերին մոտ գլխահակ տուն մտավ մորաքրոջս տղան ու ասաց, որ Գուրգենը կամավոր անդամագրվել է Անդրանիկի բանակին:
Մորաքրոջս այն հարցին, թե ինչու թույլ տվիր, որ էտ երեխեն մտնի բանակ, նա պատասխանել է՝ ինչ արեցի-չարեցի՝ վրեն չկարացա: Ասեց. «Մինչև ուր պիտի փախնենք էդ շներից, էրեկ Կարսը, էսօր Ալեքպոլը, բա վաղը… Չե, պիտի գնամ…»: Այդ ժամանակ նա 15-16 տարեկան էր: Այդ օրերին նրանք հանդիպում են նաև իրենց ավագ եղբորը՝ Արշավիր Պետրոսյանին, որը վաղուց էր անդամագրվել Դաշնակցությանը և նրանց շարքերում ակտիվ գործունեություն էր իրականացնում: Իմանալով կատարվածի մասն՝ նա հանդիմանում է մորը, թե այ պուշո, էս երեխեքին ինչի ես բերել էստեղ, բա ես չասեցի գնացեք Էրևան:
Մի քանի օր հետո հոծ բազմություն էր հավաքվել եկեղեցու հրապարակում ու հարակից փողոցներում:Անդրանիկը զորահանդես էր կազմակերպել Ալեքսանդրապոլում: Անդրանիկի, դրոշակակրի ու թիկնազորի հետևից ընթացող հեծելազորի առաջին շարքում տատս ու իր հարազատները հազիվ են նշմարում Գուրգենին, որը, ձեռքով վերջին հրաժեշը տալով հարազատներին, մեկնում է ռազմաճակատ ու հավերժ մնում է հայրենի հողի համար պաշտպան կանգնած նվիրյալների շարքում…
Այդ օրերից հետո տատս իր մոր հետ տեղափոխվում են Երևան, այնուհետև նրանք լուր են ստանում իրենց հորաքրոջից և տեղափոխվում են նրա մոտ՝ Ախտա: Այստեղ էլ նա հանդիպում է պապիս՝ Աղբյուրակի ռես Վարդանի թոռ Դոլուխանին, և ստեղծվում է մի շատ գեղեցիկ ընտանիք՝ համեմված Կարսից բերած իր հայրենի հողի վարք ու բարքով ու Մակվեցի Ռես Ավետիսի գերդստանի ավանդական սովորույթներով»: