Դիտեք նաև՝
Ռեգգիի սիրահարներին միակ հայկական ռեգգի ներկայացնող բենդից` «Ռեինկարնացիա»-ից, նոր անակնկալ է սպասվում: Հուլիսի 1-ին ժամը 13:00-ին «El Garden» սրճարանում տեղի է ունենալու «Ռեինկարնացիա»-ի նոր` «Սպիտակ» կոչվող ձայնասկավառակի շնորհանդեսը: Սա բենդի թվով 4-րդ ձայնասկավառակն է: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում «Ռեինկարնացիա»-ի պրոդյուսեր Արամ Սուջյանն ասաց, որ իրենց երաժշտության սիրահարներին մեծ անակնկալ է սպասվում.
«Մեր նոր ձայնասկավառակը նախորդներից ԱՄԵՆ ԻՆՉՈՎ տարբերվելու է, ոճային փոփոխություններ չեն լինելու, բայց նորամուծություններ հաստատ կնկատեք»:
Ի ուրախություն բոլոր երկրպագուների` նշենք, որ ինչպես և բենդի նախորդ ձայնասկավառակները, այնպես էլ «Սպիտակ»-ը բաժանվելու է անվճար: Եվ այն հարցին, թե արդյո՞ք իրենք, ձայնասկավառակներն անվճար բաժանելով գումար չեն վատնում, այն դեպքում, երբ շատ երգիչ-երգչուհիներից հաճախ կարող ենք լսել դժգոհություններ այն մասին, որ համացանցի առկայության պատճառով իրենք չեն կարողանում շահույթ ակնկալել իրենց ձայնասկավառակների վաճառքից, պրոդյուսերը պատասխանեց.
«Մեկ բառով կարող եմ պատասխանել` բարեգործություն: Շնորհանդեսի ընթացքում անվճար նվիրելու ենք մեր ձայնասկավառակը, սակայն այդ օրը ժամանակը հնավոր է, որ չբավականացնի, քանի որ երեկոյան շնորհանդեսի կապակցությամբ փակ միջոցառում պետք է անկացնենք: Բայց բոլորին տեղյակ կպահենք, թե որտեղից կարող են անվճար ձեռք բերել մեր ձայնասկավառակները»:
Նշենք, որ Ռոլանդ Գասպարյանը նախքան ապրիլ ամսին տեղի ունեցած մոսկովյան համերգը, Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ իրենք ողջ ձմեռը ձայնագրման ստուդիայում էին անցկացրել, քանի որ աշխատում էին նոր ալբոմի վրա: Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ են իրենց լսում, ասաց, որ «Ռեինկարնացիա»-ի երաժշտությունը գրավում է մարդկանց իրենց անկեղծության շնորհիվ.
«Հաստատ իմ սոխակ ձայնը չի գրավում: Կարծում եմ, որ մեզ լսելու կամ չսիրելու միակ պատճառը մեր անկեղծ արտահայտվելն է. շատերին դա դուր է գալիս և հակառակը: Շատերի «սրտից» է դա, իսկ կան մարդիկ, որոնք վախենում են իրենց դիմակի պատռվելուց»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան