▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչները չեն կարող խոստովանել, որ իրենք ագռավ և ստոր կենդանիներ են. Ռոլանդ Գասպարյան

Դիտեք նաև՝

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանի հետ: Վերջինս ինչպես միշտ հնչեցրել է համարձակ մտքեր և բավական սուր քննադատություններ: Զրույցի ընթացքում Ռոլանդն անդրադարձել է «կրկես» հիշեցնող համերգներին, «կապիկից չտարբերվող երգիչ-երգչուհիներին», ինչպես նաև խոսել է իրենց գործունեությունն առանց ավելորդ աղմուկի ներկայացնելու  պատճառների մասին: 

-Ռոլանդ, շուտով ՌԴ-ում հանդես եք գալու մենահամերգով, ի՞նչ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:  (Հիշեցնենք, որ  ապրիլի 19-ին Մոսկվայում տեղի է ունենալու «Ռեինկարնացիա» խմբի  մենահամերգը):

-Ողջ ձմեռը  ձայնագրման ստուդիայում էինք  անցկացրել. աշխատում էինք նոր ալբոմի վրա: Հիմա անհամբեր սպասում ենք Մոսկվայի համերգին, որովհետև նախորդ անգամ մոսկովյան հանդիսատեսը մեզ զարմացրել էր  ջերմությամբ և ցուցաբերած հարգանքով:  Կարծում եմ, շուտով մեզ  լավ էներգիայով  համերգ է սպասվում:

-Իսկ  ո՞րն էր Ձեր զարմանքի պատճառը,  ինչո՞ւ չէիք ակնկալում  նման ընդունելություն:

-Զարմանքի պատճառն այն է, որ տվյալ համերգի ընթացքում հավաքված տարբեր  մարդիկ անգիր գիտեին մեր  երկու  ալբոմների բոլոր երգերը:

-Իսկ Ձեր  կարծիքով ի՞նչն էր հատկապես գրավել նրանց, ի՞նչ էին գտել ձեր երաժշտության մեջ:

-Հաստատ իմ սոխակ ձայնը չէր գրավել նրանց: Կարծում եմ, որ մեզ լսելու կամ չսիրելու միակ պատճառը մեր անկեղծ արտահայտվելն է, շատերին դա դուր է գալիս և հակառակը: Շատերի «սրտից» է դա, իսկ կան մարդիկ, որոնք վախենում են  իրենց դիմակի պատռվելուց:

-Իսկ անկեղծության գլխավոր պայմանն այս դեպքում ո՞րն է, նաև հետաքրքիր է իմանալ, թե ինչպե՞ս են տեղի ունենում Ձեր նշած  մարդկանց դիմակազերծումը:

-Անկեղծության գլխավոր պայմանը մարդ մնալն է… իսկ ինչ վերավերում է դիմակազերծելուն, ապա դրա համար տարբեր մեթոդներ կան: Օրինակ` երգիչների դեպքում դիմակազրկվելու ամենահեշտ ձևը «ֆոնոգրամա» երգելու ընթացքում ձեռքով միկրոֆոնը «ծեծելն» է, այն դեպքում, որ միկրոֆոնը երգելու, ոչ թե այն առանց միացնելու ձեռքում  պահելու և կապիկություն անելու համար է:

-Իսկ երգիչները շատ հաճախ իրենց ոչ կենդանի կատարումները բարդում են կազմակերպիչների վրա, սա ուղղակի արդարացո՞ւմ է:

-Իհարկե, չէ՞ որ չեն կարող խոստովանել, որ  իրենք ագռավ են և չեն կարող երգել, կամ էլ այնքան ստոր կենդանիներ են, որ չեն կարող իրենց լսողներին չխաբել: Թեև կազմակերպիչներն էլ իրենցից այդքան էլ չեն տարբերվում և դա տեղի է ունենում երկկողմանի համաձայնությամբ: Մի խոսքով` գտել են միմյանց: Ի վերջո, կազմակերպիչներին ձեռք  են տալիս ոչ կենդանի կատարողները, որովհետև ձայնային հնչողության վրա ծախսում են գրոշներ, այնուհետև չնչին գումար էլ տալիս են այդ «կապիկներին» և շարունակում աշխատել մյուս համերգ կոչվածի վրա:

-Չե՞ք կարծում, որ հանդիսատեսն էլ իր մեղավորությունն ունի ստեղծվածի համար, գուցե բավականաչափ խստապահանջ չէ՞:

-Իսկ ինչպե՞ս այդ մասին տեղյակ լինի հանիդասատեսը, երբ տվյալ «չգիտեմ ինչը» այնքան է «ֆոնոգրամայություն» արել, որ արդեն այնպես է կարողանում բացել-փակել բերանը, որ չիմացողը գլխի չի ընկնի:

Մի հարց… երբ մենք բոլորս գնում ենք կրկես, ամենավերջում դժգոհո՞ւմ ենք, որ ծաղրածուներից մեկը մեզ լավ չի ծիծաղեցրել: Ոչ, քանի որ մենք տոմս էինք գնել ամբողջ կրկեսը դիտելու համար…

-Բայց մենք ունենք ընտրության հնարավորություն և եթե իսկապես դժգոհ ենք մնացել ծաղրածուից, ուրեմն այլևս կարող ենք չհաճախել այդ կրկես...

-Էհհհհհհ, մենք շատ բաներում ունենք ընտրության հնարավորություն, բայց դե միշտ չէ, որ հնարավոր է լինում ընտրություն կայացնել:

-Իսկ ի՞նչն է խանգարում ընտրության կայացման հարցում, հանգամանքնե՞րը, թե՞ որոշ մարդիկ:

-Չգիտեմ, թե ում ինչն է խանգարում… բայց սուտը, կեղծիքը և այլասերված մարդիկ ինձ միշտ խանագարում են:

-Վերջիններս հաճախ ե՞ն հանդիպում Ձեր ճանապարհին:

-Մեր ճանապարհներն  ուրիշ են, աշխատում ենք չհանդիպել… բայց նման հանդիպումներից և էժանագին առաջարկներից հետո տվյալ մարդիկ հասկանում են, որ պետք չէր հանդիպել:

-Լավ Ռոլանդ, վերադառնալով ձեր համերգային թեմային, կուզեի իմանալ, թե որտեղ կարո՞ղ է  հայաստանաբնակ  հանդիսատեսը լսել Ձեզ, արդյո՞ք այստեղ ունենում եք ակումբային ելույթներ:

-Մենք մեր քաղաքի տարբեր վայրերում միշտ էլ ելույթ ենք ունենում: Ցանկացողները, եթե պետք  լինի, մեզ կգտնեն: Իսկ մոտակա համերգները միայն Հայաստանից դուրս են լինելու: Չնայած հույս ունեմ, որ երևանյան ծրագիրն էլ շուտով պարզ կլինի և լավ մարդկանց  կրկին հանդիպելու առիթ կունենանք:

-«Ցանկացողները միշտ էլ կգտեն մեզ»  մոտեցումը չեք կարծո՞ւմ, որ  ոչ միշտ է ճիշտ: Համեմատության համար նշենք, որ ապաշնորհ երգիչ-երգչուհիներն իրենց չնչին աշխատանքի մասին գրեթե միշտ բարձրաձայնում են, այն դեպքում, որ Դուք այդ ընթացքում համեստաբար լռում եք:

-Մենք վաղուց արդեն գովազդի և գովազդվելու կարիք չունենք: Ով պետք էր մեզ, արդեն լավ գովազդել է, ու շատերի վրա դա  ազդեցություն է թողել: Այդ պատճառով ավելի լավ է, որ  հանգիստ շարունակենք մեր ճանապարհը: Այսօրվա  մեր ասելիքն այլ բանի մասին է:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին