Գոնե դատարանում ազնի՛վ եղիր:
Այս խոսքերը ես ուղղեցի Արմեն Մկրտչյանին` հենց դատարանի դահլիճում: Արմենին ճանաչում եմ փողոցային ակցիաներից: Սկզբում իբրև պայքարում էր համասեռականների դեմ, հետո ինչ-որ կուսակցության վարչության անդամ դարձավ ու համախոհվեց Մաշտոցի պուրակի դեղին սաղավարտավորներից մի քանիսի հետ: Դրանից հետո աչքի ընկավ Րաֆֆիական բարևների ժամանակ, այնուհետև մի քանի տխուր օրեր անցկացրեց ԵՊՀ-ի դիմաց` աջակցելով դասադուլավորներին: Փորձեց մասնակցել քաղաքապետարանի դիմաց անցկացված տխրահռչակ ակցիաներին: Եվ այսպես գրեթե բոլոր չստացված ու անփառունակ միջոցառումներին մասնակից դառնալով` փորձեց աչքի ընկնել: Երևի ավելի ճիշտ կլինի ասել` չկարողացավ աչքի ընկնել, քանզի իր նկրտումներով ազնիվ չգտնվեց: Եվ ահա եկավ պահը <համբավ> ձեռք բերելու`դեմ առ դեմ հանդիպեց ինձ դատարանում: Սրանից լավ պահ չկա, Արմեն ջան, որքան ուժ ունես ստի՛ր, ստի՛ր և <համբավ> ձեռք բեր: Ասա՛, որ դու Կոմիտասի 5-ում ոչինչ չես արել, ոստիկաններին չես քաշքշել, ասա, որ այդ ոստիկաններն օրինական պահանջ չեն ներկայացրել, ասա, որ դու անմեղության տիպար ես, ասա, որ դու դիտորդի դերում կանգնած էիր, բայց քեզ իմ հրահանգով բերման ենթարկեցին... Ասա, որ ես հայհոյել եմ և շինարարներին և իշխանությանը, իսկ ակտիվիստների նկատմամբ, մասնավորապես քո` ունեմ հակակրանք և ցուցաբերել եմ անարդար մոտեցում: Այ այստեղ փառքդ նորից մարում է, քանզի խոսելուց առաջ մտածել է պետք: Ինքդ քեզ մի հակասիր, որ փայլդ չխամրի: Արմեն ջան, ինձ մեղադրում ես մեզանտրոպության մե՞ջ: Եթե հավատամ քո խոսքերին, ապա համայն մարդկության նկատմամբ ատելությամբ պետք է լցվեմ: Եղբայր, այդ դեպքում բա ես ո՞ր բևեռից եմ... Հարցիս դժվար թե պատասխան ստանամ... Արմեն Մկրտչյան, ազնի՛վ եղիր, գտի՛ր քեզ այս կյանքում, ակցիայից ակցիա մի՛ վազիր, արդա՛ր եղիր, կողմից կողմ մի՛ թռչիր, կյանքը բատուտ չէ... Մի՛ ստիր, քանզի ստի պոչը կարճ է...