«Ամբողջ աշխարհը վերափոխվեց Սպիտակի երկրաշարժից հետո: Միջազգային կառույցները սկսեցին մշակել տարբեր համակարգեր, մեխանիզմներ՝ բնակչության պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Գլխավոր դասերից մեկն այն էր, որ սեյսմիկ վտանգ հասկացությունը մեր երկրում սխալ էր գնահատված: Հաշվառված էր, որ առավելագույնը կարող է մինչև 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ լինել Հայաստանում, սակայն փորձը ցույց տվեց, որ դա կարող է լինել 9, 10 բալ: Այդպիսին էր Սպիտակի երկրաշարժը: Սխալ էր գնահատված նաև սեյսմիկ ռիսկը, այսինքն՝ ի՞նչ հետևանքներ կարող են լինել, ինչպե՞ս կարելի է դա կառավարել, փրկել մարդկանց...»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը՝ հավելելով, որ թվարկված խնդիրներն այսօր արդեն լուծված են.
«Բոլոր դեպքերի համար բնակչության պաշտպանության համապետական պլան կա, ունեն մարզերն ու համապատասխան գերատեսչությունները: Եվ մեր երկիրը, որ երկրաշարժից հետո բավական երկար ժամանակ հանդիսանում էր օգնություն ներմուծող երկիր, այսօր դարձել է օգնություն, փրկություն, հմտություն, փորձ ու գիտելիք արտահանող երկիր: Մեզ համար կարևոր ձեռքբերումներից է բոլոր մարզերում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների ստեղծումը, ինչպես նաև 911 ծառայությունը»,-նշեց Նիկոլայ Գրիգորյանը:
Բանախոսի հաղորդմամբ՝ սեյսմիկ ռիսկը գնահատելու համար պետք է հաշվի առնել մի շարք գործոններ. հողն ինչպիսի՞ն է, ի՞նչ շենքեր են կառուցված, որքանո՞վ է բնակչությունը իրազեկ.
«Սեյսմիկ վտանգի հետ կապված ոչ ոք քայլ չի կարող ձեռնարկել, միջամտություն չի կարող լինել: Չենք կարող այնպես անել, որ թույլ լինի երկրաշարժը: ՀՀ-ում սեյսմիկ նորմերը նախատեսված են 9 բալ երկրաշարժերի համար: Դա նվազագույնն է: Մեր նորակառույց և ամրացված շենքերը համապատասխանում են այն մարտահրավերներին, որ կարող են ծագել, ինչ վերաբերում է հին շենքերին, առաջնայնությունները հաշվի առնելով՝ ծրագրեր են ձեռնարկվում՝ դրանք ամրացնելու ուղղությամբ»,-մանրամասնեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալը:
Հեղինակ՝
Անի Կարապետյան