Երեկ՝ հունիսի 3-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ է տեղի ունեցել: Նշված դատարան է դիմել ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Ալիկ Ղազարյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Գորիս քաղաքի բնակիչներ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ. տեղեկացնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակ` բավարարել է զինդատախազության քննիչի միջնորդությունը, որից հետո նշված անձինք տեղափոխվել են ՀՀ Արդարադատութան նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանից ստորագրություն է վերցվել՝ հանրապետությունից չբացակայելու համար:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 23:40-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Գորիս քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կրակոցներ են հնչել: Կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: