Դեկտեմբերի 21-ին, Գրինվիչի ժամանակով 23:03, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ ամենացածր կետով, ինչն էլ աստղագիտական ձմռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը: Երկրի հասարակածի թեքվածությունը Երկրի` Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ 23°26' է:
Տարբերվում են երկու տեսակի արևադարձեր՝ ամառային և ձմեռային: Երկրի հյուսիսային կիսագնդում ձմեռային արևադարձը ներկայումս տեղի է ունենում դեկտեմբերի 21-ին, իսկ ամառայինը՝ հունիսի 21-ին: Ձմեռային արևադարձի ժամանակ, ինչպես նշվեց, դիտվում է ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը, իսկ ամառային արևադարձի ժամանակ՝ հակառակը՝ ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: Երկրի միջին աշխարհագրական լայնություններում աստղագիտական ձմռան և գարնան ընթացքում կեսօրին Արեգակը հորիզոնից ավելի ու ավելի է բարձրանում (գիշերվա տևողութունը սկսում է նվազել, իսկ ցերեկվանը՝ աճել), և ամառային արևադարձի ժամանակ, գտնվելով հորիզոնի նկատմամբ ամենաբարձր կետում, կարծես կանգ է առնում, և սկսում է շարժվել հակառակ ուղղությամբ (գիշերվա տևողութունը սկսում է աճել, իսկ ցերեկվանը՝ նվազել) մինչև ձմեռային արևադարձի ժամանակ կրկին հայտնվում է հորիզոնի նկատմամբ ամենացածր կետում: Հարավային կիսագնդի ձմեռային արևադարձը համընկնում է հյուսիսային կիսագնդի ամառային արևադարձին, իսկ ամառայինը՝ հյուսիսային կիսագնդի ձմեռային արևադարձին: Այնպես որ, հարավային կիսագնդի բնակիչների համար ներկայումս ամենաերկար ցերեկներն ու ամենակարճ գիշերներն են։
Հայկական աստղագիտական ընկերություն