Առավոտ.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, «Ֆեստիվառ» փառատոնին ընդառաջ՝ վաղը Գյումրի կժամանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ամենայն հավանականությամբ կգա իր ընտանիքի անդամների հետ ու հանգստյան օրերը կանցկացնի այս քաղաքում։
Փաշինյանը, ինչպես միշտ, գիշերելու է Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորիա» հյուրանոցում։ Մեր տեղեկություններով, այստեղ նախապատրաստվում են նրան դիմավորելու։
Չի բացառվում, որ վարչապետին ուղեկցեն նաև կառավարության այլ անդամներ ու կուսակից ընկերներ։ Կուսակցական կամ աշխատանքային-պաշտոնական հանդիպումներ կլինեն, թե՞ ոչ, այս մասին դեռ հստակ տեղեկատվություն չկա։
Հիշեցնենք, որ «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը տեղի է ունենալու շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին։ Հայաստանում այն կազմակերպվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ։