Asekose.am-ում տեղ գտած հրապարակմանն արձագանքել է Լոս Անջելեսի ARTN – SHANT հեռուստաընկերությունն, որի նամակն ամբողջությամբ ու առանց մեկնաբանությամբ ներկայացնում ենք ստորև.
Հարգելի <<Ասեկոսե>>, հարգելի Մարգո Բաղինյան
Հուլիսի 22-ին <<Մեծ աղմուկ Թաթա Սիմոնյանի լոսանջելեսյան համերգի նախաշեմին>> վերնագրված հոդվածին անդրադառնալուց առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ARTN հեռուստաընկերության հաղորդումները դիտելու համար և խնդրել, այսուհետ մեր հեռուստաընկերությանը վերաբերող որևէ նյութ հրապարակելուց առաջ լսել նաև մեր կարծիքը՝ անճշտություններից խուսափելու նկատառումով: Չէ՞ որ ներկայացվող նյութի վերաբերյալ փաստերին պատշաճ կերպով տեղեկացված լինելը լրագրողական էթիկայի տարրական պահանջն է: Ինչևիցէ, սկսեմ վերնագրից: Անաչառ մոտեցման և Լոս Անջելեսի հայ համայնքի շահերից հոդվածը հրապարակելու պարագային այն առնվազն պետք է վերնագրվեր <<Մեծ աղմուկ <<Ժողովրդական երգիչ>> նախագծի հաղթողների և Թաթա Սիմոնայնի լոսանջելեսյան համերգների նախաշեմին >>:
Ինչ վերաբերում է <<Նիլսեն>> ընկերությանը, ապա ARTN – SHANT հեռուստաընկերությունը միակն է սփյուռքի հայկական հեռուստաշուկայում, որ իրեն թույլ է տվել համագործակցություն հեռուստառեյտինգների չափման ոլորտում աշխարհում հայտնի ու հեղինակավոր այդ ընկերության հետ: <<Նիլսենից>> ստացվող ամենօրյա արդյունքներին և լոսանջելեսյան հեռուստաշուկայում մեր դիրքերին տեղեկանալու համար կարող եք պարզապես այցելել մեր գրասենյակ: Մեր յուրաքանչյուր խոսքն ու հրապարակումն ամրագրված է հստակ փաստերով՝ ԱՄՆ հայ համայնքի ու հայ դատի խնդիրներին վերաբերող հեռուստաանդրադարձերից մինչև ազգային արվեստն ու մշակույթը պրոպագանդելու մեր իսկ որդեգրած սկզբունքներին համապատասխան:
Ազգային երգարվեստի պրոպագանդման ավելի լավ տարբերակ է առաջարկվու՞մ: Կամ, միթե՞ ժողովրդական երգերի անաղարտ կատարումներով աշխարհասփյուռ հայությանն ազգային ակունքներին անդրադառնալու հնարավորություն ընձեռող նախագիծը սփյուռքում կարող է մրցակից ունենա՞լ: Իհարկե ոչ: Բարեբախտաբար <<Ժողովրդական երգիչ>> նախագծի հանդիսատեսը շատ լավ տարբերակում է մնայուն մշակութային արժեքները անցողիկ ժամանցային նախագծերից: Անշուշտ, դրանց կարիքն էլ ամեն մարդ ունի, բայց Թաթա Սիմոնյանի նման սիրված երաժշտի անունը հանուն պարզունակ հաշվարկների շահարկելը պատիվ չի բերում:
Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչու են <<Ժողովրդական երգիչ>> նախագծի մասնակիցների համերգի մասին երկու ամիս շարունակ հնչող հայտարարություններին տեղյակ լինելով, նույն օրը նույն ժամին, սփյուռքահայ համայնքում մեկ այլ սպասված համերգ նախաձեռնում, մեզ մոտ պետք չէ փնտրել: Պատասխանը նաև մեզ է հետաքրքիր և մեր հավատարիմ հեռուստադիտողին, ում էլ, փաստորեն, զրկել են երկու համերգին էլ ներկա գտնվելու հնարավորությունից:
Մեր տեսանյութը, որը հոդվածագիրը որակել էր տհաճ հաղորդում, հենց այդ պատասխանը փնտրելուն էր ուղղված:
Այնպես որ, շնորհակալություն պարզաբանումների հնարավորություն ընձեռելու համար:
Հարգանքով
ARTN – SHANT հեռուստաընկերություն
Լոս Անջելես
Լուսանկարում`Լոս Անջելեսի ARTN – SHANT հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Ռոբերտ Օխլախչյանը