▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թախանձագին խնդրում եմ ԵՄ անդամ երկրներին ընդունել օրենսդրություն, որը կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Ֆաբիո Մասիմո Կաստալդո

Ֆաբիո Մասիմո Կաստալդո – Fabio Massimo Castaldo Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ

Հարգելի՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, սիրելի՛ ընկերներ, Կան օրեր, որ մեզ հիշեցնում են այն արհավիրքները, որի միջով կարող է անցնել մարդ արարածը։ Մինչդեռ, հենց այդ օրերին է, որ մենք մի խոր իմաստ, հույսի մի նշույլ փնտրելու պատասխատանավություն ենք կրում։ Դասեր քաղելու, որոնք կօգնեն մեզ կերտել ապագան և համոզվել, որ նման իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի։ Այս օրն այդ օրերից մեկն է։ Ինձ համար մեծագույն պատիվ է խոսքս հենց ձեզ ուղղելու հնարավորություն ունենալ, և ես շատ հուզված եմ այդ առիթով։

Ապրիլի 24-ին մենք նշում ենք Ցեղասպանության հիշատակի օրը՝ հիշելու համար հայ ժողովրդի դեմ կատարած վայրագությունները և ոգեկոչելու 1915 թ․-ից ի վեր Օսմանյան Կայսրության կողմից բարբարոսական դաժանությամբ իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Այս առիթով ես իմ համերաշխությունն եմ հայտնում ձեզ և կոչ եմ անում բոլոր իմ եվրոպացի քույրերին և եղբայրներին միանալ հայ ժողովրդին՝ հիշելով և ոգեկոչելով այս վայրագության և բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը։ Սա մի շատ կարևոր առիթ է խորապես մտորելու գիտելիքի և պատմական հիշողության անհրաժեշտության մասին։ Այսպիսի օրերն իսկապես մեծ արժեք են ներկայացնում, քանի որ դրանք հիշեցնում են մեզ անցյալում և ներկայում խտրականության և ատելության յուրաքանչյուր դրսևորման դեմ ամբողջ ուժով պայքարելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ցեղասպանության ցանկացած քաղաքականության դեմ կտրուկ ընդդիմանալու անհրաժեշտության մասին՝ նոր սկսվող, կամ արդեն ամբոջովին դրսևորված։

Դեպի արդարություն և հաշտեցում, դեպի մարդկության և համայնքների պատմության մեջ ցեղասպանությունների նման իրադարձությունների պատճառած խոր վերքերի ամբողջական ապաքինում տանող ուղին պահանջում է նախևառաջ կատարված հանցագործությունների միաձայն ճանաչում։ Ահա թե ինչու ես թախանձագին խնդրում եմ ԵՄ բոլոր անդամ երկրներին ընդունել օրենսդրություն, որը պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիան մինչ օրս վճռականորեն ժխտում է այն, և, ցավոք, այս պահին միայն 30 կառավարություններ են ճանաչել 1915 թ․-ի իրադարձությունները։ Մենք պիտի անենք ավելին և ավելի լավ։ Ճանաչումը միայն ֆորմալ գործողություն չէ, այն նաև բացառիկ մի բան է՝ իր կարևորության և խոր իմաստի առումով։ Լռությունը, երկմտանքը, կեղծավորությունը քայքայում են հիշողության հավաքական օգտագործումը՝ ի վնաս ազատական ժողովրդավարությունների կենսական տարրերի, որոնք գնալով ավելի ու ավելի հարվածի տակ են հայտնվում։ Այս և այլ ողբերգությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում ունենալը շատ կարևոր է, որպեսզի ավտորիտար և ավտոկրատ պետությունները չփորձեն աղավաղել ճշմարտությունը և չնպաստեն մեր հասարակության բևեռացմանը՝ ի վերջո խեղաթյուրելով իրականության ընկալումը և կառավարությունների գործողությունները։ Այս համատեքստում կրթությունը նմանատիպ ողբերգությունների կանխարգելման հիմնարար գործիք է։ Մարդկային պատմության սարսափները ոչ միայն պետք է հիշել, այլև ուսումնասիրել խորությամբ։

Ես համոզված եմ, որ Հայոց ցեղասպանության նման իրադարձությունները պետք է անպայմանորեն ներառվեն դպրոցական ծրագրերում՝ մեր հասարակությունում վերջին տարիներին անողոքաբար տարածվող ատելությունը և բռնությունը կանխարգելող միջոցների հետ միասին։ Ատելությունն ու բռնությունը հնարավոր է միայն կանգնեցնել հանդուրժողականության և գիտելիքի խթանման միջոցով։ Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, սիրելի՛ ընկերներ, Հուսով եմ, որ հաջորդ տարի ես վերջապես կկարողանամ ձեզ հետ նորից գնալ Ծիծեռնակաբերդ՝ Ցեղասպանության հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու անմար կրակի մոտ։ Բայց այսօր, շնորհակալություն հայտնելով այս հանդիսավոր և կարևոր արարողությանը մասնակցելու հնարավորության համար, ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել ձեզ իմ անսասան բարեկամության, իմ համերաշխության և առավելագույն նվիրվածության մեջ։ Եվ ես միանում եմ ձեզ բոլորիդ՝ փոխաբերական իմաստով բղավելով առ երկինք, ասելով, որ մենք հիշում ենք և պիտի շարունակենք հիշել։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին