▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Team-ի «Շեյքիր» ակցիան՝ քողարկված օնլայն խաղատուն

«Հրապարակ»-ը գրում է. «Այն օրվանից, երբ «Յուքոմից» առանձնացած Եսայան եղբայրներն իշխանությունների ու պետական կասկածելի հովանավորչությամբ ձեռք բերեցին Հայաստանում գործող Beeline ընկերությունն ու դարձրին այն Team Telecom Armenia, նրանց մատուցած բջջային ու ինտերնետ կապի որակը սկսեց կտրուկ վատանալ։ Երբեմնի «Բիլայնի» հաճախորդների դժգոհություններն այսօր պարբերական բնույթ են կրում՝ գրեթե ամեն օր։ Ընդ որում, դժգոհում են թե՛ բջջային, թե՛ ինտերնետ կապից։ Բայց դա չի խանգարում, որ Team-ի թիմն ագրեսիվ գովազդային արշավ իրականացնի՝ իր մատուցած ծառայությունների որակը բարելավելու փոխարեն։ Թեպետ նրանց օպերատորները ցանկացած դժգոհությունից հետո հպարտորեն հայտարարում են, թե իրենք ամենօրյա աշխատանք են տանում որակի լավացման ուղղությամբ, բայց արդեն մեկ տարի է՝ նույն վիճակն է:

Փոխարենը ընկերությունն ամենուր գովազդում է իր ծառայությունները՝ տարատեսակ գայթակղիչ առաջարկներ անելով հայ սպառողին։ Դրանցից մեկն անգլերեն անվանումով Shake («Շեյքիր») ակցիան է՝ «Շեյքի՛ր և շահի՛ր» կարգախոսով։ Այն ոչ այլ ինչ է, քան օնլայն բեթթինգ՝ քողարկված բջջային օպերատորի անվան տակ։ Եվ այն, որ դա օնլայն կազինոյի մեթոդով ակցիայի իրականացում է, չհերքեցին հենց Team Telecom Armenia-ից։ Ակցիայի շրջանակներում տարատեսակ անակնկալ նվերներից բացի, մասնակիցները հնարավորություն ունեն վերջում շահելու նաև Volkswagen ID.4 էլեկտրական ավտոմեքենա, որն իր ամբողջ ծավալով այս պահին կանգնած է Հյուսիսային պողոտայում՝ Team-ի մեծածավալ պաստառներով պատված պատվանդանի վրա։

Մինչդեռ Երևանի կենտրոնում անգամ մի փոքր ցուցանակ սեփական խանութի պատին տեղադրելու համար լուրջ խնդիրներ ու բյուրոկրատական քաշքշուկներ են առաջանում՝ Երեւանի քաղաքապետարանը մերժում է։ Այս պարագայում, փաստորեն, հեշտությամբ համաձայնել են մի քանի քառակուսի մետր մակերեսով տարածք տրամադրել Team Telecom Armenia-ին՝ Երևանի ամենակենտրոնական ու մարդաշատ փողոցներից մեկում անճաշակ ու ոչ հայեցի գովազդի համար։ Առհասարակ, քաղաքում ամեն քայլափոխի նրանց ակցիան ու բրենդը գովազդող հսկայածավալ պաստառներն են, այս ընկերությունը նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակման գլխավոր հովանավորն է։ Ակնհայտ է, որ ամեն ինչ անում են, որ Team-ը դառնա Հայաստանի առաջատար բջջային օպերատորը, որոշ հարցերում գուցե մոնոպոլ դիրք գրավի, որին մենք հետագայում առանձին կանդրադառնանք։ Եվ այս ամենը՝ պետության ու գործող իշխանությունների ակտիվ ջանքերով, որոնցում, ասում են, հատկապես շահագրգիռ է ինքն իրեն արդեն Երևանի քաղաքապետ ընկալող Տիգրան Ավինյանը։

Ինչ վերաբերում է Team-ի կասկածելի «Շեյքիր» ակցիային։ Այն, ինչպես նշեցինք, աշխատում է նույն սկզբունքով, ինչ, օրինակ, «Վիվառոյի» կամ «Աջարաբեթի» առաջարկած խաղերն են։ Իսկ թե ինչպես է տեղի ունենում դա, ինչպես կարող է քաղաքացին մասնակից դառնալ այդ ակցիային, փորձեցինք ճշտել հենց Team Telecom Armenia-ից՝ զանգահարելով ընկերության սպասարկման կենտրոն։

Մեր զանգին պատասխանած օպերատորն ասաց, որ նախ պետք է ներբեռնել համապատասխան հավելվածն ու որոշակի գումարի դիմաց «շեյքել», այսինքն՝ թափահարել սմարթֆոնը։ «Ամեն օր թափահարում եք, 1 դրամ գանձում է, ինտերնետ ծավալ է տրամադրում, կա՛մ րոպեների առաջարկ է լինում, կա՛մ շեյքի և րոպեի առաջարկ է լինում։ Միայն մեկ անգամ օրական երբ թափահարում եք, 1 դրամ գանձում է, իսկ մնացած առաջարկներն արդեն վճարովի են՝ յուրաքանչյուրը՝ արդեն 100 դրամ, որը տալիս է 1 շեյքի և 1 ԳԲ ինտերնետի հնարավորություն։ Էնտեղ, որ Դուք թափահարեք, առաջարկներում կտեսնեք»,- ասաց օպերատորը՝ նշելով, որ ծառայությունը հասանելի է ոչ միայն իրենց, այլև բոլոր բջջային օպերատորների բաժանորդներին։

Իսկ մեքենան շահելու համար պետք է կտրոններ կուտակել և վերջում դրանցով մասնակցել խաղարկությանը։ Օպերատորի հետ զրույցում նկատեցինք՝ փաստորեն, նույն «Վիվառոյի» կամ «Աջարաբեթի» սկզբունքո՞վ է գործում ակցիան, Team Telecom Armenia ընկերության աշխատակիցն ասաց․ «Այո»։

Փաստորեն, մի կողմից իշխանություններն ԱԺ պատգամավորների բերած օրենքներով սահմանափակում են օնլայն բեթթինգի ծառայությունների գովազդը՝ մեծ վնասներ հասցնելով կայքերին։ Իբրև թե որ դրանք հնարավորինս քիչ հասանելի դառնան հասարակությանն ու կամաց-կամաց կտրեն մարդկանց վիրտուալ խաղատներից։ Մյուս կողմից այդ ամենը թույլ են տալիս, խրախուսում բջջային օպերատորի միջոցով, որը, բնականաբար, հասարակության շատ ավելի լայն շերտերին է ներգրավում, քան լրատվական կայքերի հարթակների ընձեռած հնարավորությունն է»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին