Այս պահին վիճաբանություն է ընթանում ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև։ Ոստիկանները ցուցարարներից պահանջում են բացել ավտոճանապարհը՝ նշելով, որ իրենց քայլը հակաիրավական է, սակայն բնակիչները ընդդիմանում են։
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը բնակիչներին վստահեցնում է, որ ՀԷԿ–ի շինարարությունը դադարեցված է, սակայն ակցիայի մասնակիցներն ասում են, որ դա բավարար չէ և պահանջում են, որպեսզի շինտեխնիկան նույնպես հեռացվի շինհրապարակից։
-Տեխնիկա, տրուբա-մրուբա, սաղ հանեք էստեղից,-ասում են բնակիչները` հավելելով, որ լսում են այլ բան` տեսնում այլ բան:
Բնակիչները մարզպետից պահանջում են, որ իրենց ներկայությամբ զանգահարի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որպեսզի վերջինս գա և լուծում տա խնդրին։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ Կարբի ձորում նոր ՀԷԿ-ի կառուցման դեմ պայքարող հարակից յոթ գյուղերի մոտ 300 բնակիչներ այսօր կեսօրին քարեր են շարել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա ու մայրուղին փակել՝ պահանջելով հեռացնել շինհրապարակ բերված խողովակները։ Նրանք բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ։