▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է մանկապարտեզի տնօրենի` «անվայելուչ» գրառմանը

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում բուռն քննարկման ալիք դարձած Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայքում գտնվող թիվ 85 մանկապարտեզի տնօրեն՝ Լիլիթ Ավետիսյանի գրառմանը, որում նշված է, որ ապտակը ավանդական տարբերակն է սերունդներին ինֆորմացիայի փոխանցման համար: Տնօրենը նման գրառում է արել՝ կից ներկայացնելով օրեր առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի լուսանկարը: 

«Քաղաքային ենթակայության կրթարանների մանկավարժներին, հատկապես,  նախադպրոցական հաստատությունների աշխատակիցներին խստիվ հորդորում եմ պահպանել քաղաքական կոռեկտությունը և իրենց հանրային պաշտոնը չշփոթել քաղաքացիական ակտիվիստի կոչման հետ: Խնդրում եմ չմոռանալ, որ մենք ծառայում ենք բոլորին՝ անկախ որևէ նախասիրությունից, և այդ իմաստով քաղաքական ելույթներն անթույլատրելի են, առավելևս, անթույլատրելի է որևէ դիրքորոշում, որը կարող է մեկնաբանվել իբրև բռնության արդարացում»,- գրել է փոխքաղաքապետը։

Նշենք, որ  ըստ շրջանառվող լուրերի՝ մանկապարտեզի տնօրենը Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի քենին է:

Հիշեցնենք, որ Լիլիթ Ավետիսյանի գրառմանն անդրադարձել էր նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը՝ գրելով․

«Չափալախը ինֆորմացիայի փոխանցման միջոց է» - այսպես է արտահայտվում իր ֆեյսբուքյան պատին Երևանի N մանկապարտեզի տնօրենը։ Իսկ գիտե՞ք ինչու է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏՆՕՐԵՆԸ այդպիսի նախադասություն գրում, որովհետև նա դարձել է մանկապարտեզի տնօրեն իր քրոջ ամուսնու՝ Երևանի իմքայլական քաղաքապետի տեղակալի միջնորդությամբ։

Սա՛ է այս իշխանությունների նկարագիրը։ Ըստ իրենց հները պետք է հեռանան ոչ թե նոր և պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու համար, այլ իրենց ծանոթ-բարեկամներին գործի տեղավորելու համար։

Քաղաքապետի տեղակալը կարող է ցույց տալ քաղաքապետին, թե իր կնոջ քույրը ինչպե՞ս է արդարացնում ԱԺ-ում տեղի ունեցած բռնությունը իր նոր կարգավիճակում՝ մանկապարտեզի տնօրենի դերում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին