▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տկարապետություն. Պատմվածք

 Բոլորը շուտ էին գալիս հիմնարկ,  բայց զոռով, մի կերպ: Դրա համար պատճառներ շատ կային: Հիմնարկ ոտք դնելու առաջին պահից ոչինչ նկատելի չէ: Բարեհամբույր դեմքեր, որոնք անցնում են ժպիտի ողջամիտ սահմանները. եթե դու քեզնից բան ես ներկայացնում և նույնչափ ջանասիրաբար արհամարում, եթե սովորական ես ու առանձնապես աչքի չընկնող: Հիմնարկում հիմնականում կանայք են աշխատում, տարբեր տարիքի ու տարբեր փառամոլության: Սկսենք առաջին հարկից:

Առաջին հարկում ոստիկանության համակարգում պետից տեղակալ իջնող ու էլի բարձրացող պաշտոնավորի  կին Ռիտան ամբողջ կյանքում ապրել է գործընկերների աշխատանքի հաշվին: Երբեք  ոչ ոքի առանց շահի բարև չի տվել, բայց դա չի խանգարում, որ իրեն դասի սրբերի շարքն ու, ով գիտե, իր աղոթքների հասցեատաեր համարի հենց իրեն: Ֆանտաստիկ հուզառատությամբ օժտված լինելով՝ ուզած պահին կարող են նրա աչքերն արցունքոտվել: Միաժամանակ կարողանում է կեղծավորություն անել ու անկեղծ երևալ, գործընկերուհիների համար բեմադրում է հոգատար և կանացի կնոջ կերպար, սակայն դեռ վարպետանալու տեղ շատ ունի, որ կարողանա  մարմնավորել այդ կնոջը: Ամբողջ ամուսնական կյանքում ստիպված  տանում է ամուսնու  անտաշ մրթմրթոցը (չնայած մրթմրթոցի տաշվածը որն է), բայց իրեն ներկայացնում  է խանդող ամուսնու զարդ և բարեպաշտ տիկին, ով առանց ամուսնու  տեղեկության մեկ քայլ անգամ չի գցել: Ռիտայի մասին մի հետաքրքիր պատմություն հիշեցի: Այնպես է պատահում, որ հիմնարկի աշխատակիցները գործի բերումով գնում են քաղաքից դուրս: Հետո այնտեղ գիշերելն անխուսափելի է դառնում,  Ռիտան կոկորդով ու ոտքերով պնդում է, որ քաղաք վերադառնա: Ստիպված մի վարորդ են գտնում, սակայն Ռիտան կտրականապես հրաժարվում է նրա հետ գնալ` ամուսնու խանդից դողալով: Զանգում են ամուսնուն: Հավուր պատշաճի ներկայացնում են  վարորդի տարիքը, աչքերի գույնը, կրթական ցենզն ու էլի շատ բաներ: Հասկանալով, որ գյուղի վարորդից միայն օգուտ կա,  ամուսինը  համաձայնում է կնոջը նրա  մեքենայով քաղաք տանելուն: Ռիտայի մասին էլի պատմություններ կան, բայց այս պահին հակված չեմ այդքան մանրանալու:

Առաջին հարկում է աշխատում նաև մեկը, ում նմանները ստիպված են հատում երևակայության սահմանը, որ սեփական անմխիթար վիճակը մոռացնել տան:  Նրա նմաններին ընդունված է ասել  պառաված օրիորդ, սակայն դա խեղճ ու կրակ պիտակ է  հմուտ սուտասան Ժանետի պարագայում: Այ նրա մասին արժե շատ խոսել: Նախօրոք ասեմ, եթե շատ բան լինի պատմելու` նրան կանդրադառնամ նաև մյուսների մասին խոսելուց հետո: Եվ այսպես...

Աշխարհի ամենասուտասան, բայց ոչ խաբեբա, երևակայական հիվանդության համախտանիշով տառապելու քառակի մեդալակիր ու իր մասին վիթխարի  կարծիք ունեցող այս աժդահա կինն իր կոպտությամբ ու խոշորությամբ համեմատության եզր չունի:  Տգեղ ու պարթևահասակ   Ժանետը շատ կարևոր պաշտոն է զբաղեցնում ու եթե դա չլիներ, նա գուցե  հայտնվեր հոգեբուժարանում: Նրա անունը լսելիս` հիմնարկի աշխատակիցների ուրախությունն ու հաճույքը ուղիղ համեմատական են դառնում: Ժանետի մասին պատմությունները հյուսվում են ամեն օր հենց իր օգնությամբ: Նա ավելի քան վստահ  է, որ իրեն սիրահարված են բոլոր տղամարդիկ` անկախ տարիքից: Նրան թվում է, որ ինքը ժամանակին չքնաղ է եղել ու Մոսկվայում է սովորել, Մոսկվայում ավարտել է բուհը, իսկ դպրոցն, իր յուրահատուկ խելքի շնորհիվ, ավարտել է 14 տարեկանում: Նրա մտքով անգամ չի անցնում, որ հիմնարկի խելոքները  շոկոլադե մի սալիկով քարտադարանից վերցրել են Ժանետի անձնական գործը ու... Ու պարզվել է, որ նա դպրոցն ավարտել է 17 տարեկանում, իսկ ինստիտուտը 27-ում` հեռակա կարգով ու  Երևանում: Ժանետը նույն շորը  երբեք երկրորդ անգամ չի հագնում, ու որ չհարցնեն, թե այդ այդքան գումար որտեղից իրեն,  նա ամեն անգամ ասում է, որ եղբայրն է արտասահմանից ուղարկել: Հիմնարկի նույն խելոքները դեռ չեն ցանկացել պեղել եղբոր գտնվելու վայրը, թե չէ կպարզեին, որ նա երբեք արտասահմանում չի եղել ու Ժանետի չափսերն ամենաքիչն են, որ հուզում են խեղճ ու կրակ, բազմազավակ եղբորը:  Տղամարդիկ էլ, Ժանետի ասելով, իրեն օր ու արև չեն տալիս այնքան, որ չի հասցնում  կողմնորոշվել, թե ում ընտրի...  Մեկը շատ գեղեցիկ է, մյուսն ազդեցիկ է, մեկը փող ունի, մյուսն ամեն ինչ ունի. որևէ մեկին անտեսելը մեծ հանցանք կլինի Ժանետի կողմից:  Հիմնարկում խոսում են, որ Ժանետն ամուսնալուծված է, սակայն կարծում ենք արժե գոնե մի անգամ չհավատալ հեքիաթներին, մանավանդ, երբ հեքիաթը հրաշապատում ժանրից է: Երբեմն  Ժանետը մոռանում է, թե նույն բանի մասին նախորդ անգամ ինչ փայլուն սուտ էր հորինել: Սակայն հիմնարկը նրան ներում է ու սնվում նորանոր ստեղծագործություններով, որոնք բոլորն էլ իր մասին են ու չեն կրկնվում: Ժանետի ամենասիրած զբաղմունքը նոր ընդունված երիտասարդ աղջիկներին  ներկայանալն է:  Նա մի ձեռքին թանքարժեք արծաթեղեն է կրում, մյուսին` ոսկեղեն ու հպարտորեն շեշտում, որ դրանք՝ իր իշխանուհի տատիկից մնացած ժառանգության մի աննշան մասն են, մնացածը այնքան ճոխ են, որ գործի տեղում կրել չի համարձակվում: Երիտասարդ աշխատակից-աղջիկերին պատմում է իր ուսանողական տարիներից, նկարչական նուրբ ճաշակից ու եթե հանկարծ աղջիկներից մեկին հոգնած է տեսնում, անմիջապես հիշում է իրեն այդ տարիքում. կամ որպես համարյա մյութենական լողորդի կամ որպես հնգամարտիկի ու շախմատիստի միացության և ամոթանք է տալիս հոգնած ջահելին...

 Ժանետն այնքան էր խոսել իր մասին, որ հավատացել էր իր ստեղծած կերպարին, միակ զբաղմունքը սցենարն առավել հարստացնելն ու խորհրդավոր դարձնելն էր:  Մի անգամ երեք օր գործի չեկավ: Հիմնարկին հայտարարեց, որ հիվանդ է: Ոչ ոք առանձնապես չէր ցանկանում զանգել ու հետաքրրվել,  թե ինչպես է իրեն զգում: Երրորդ օրը սակայն որոշեցին, որ կարճ կխոսեն ու ամենախղճովը զանգեց: Պարզվեց, որ Ժանետն ապաքինվել է, զանգողը փոխանցեց բոլորի բարևներն ու հեռախոսը կախեց: Երկուշաբթի  հիմնարկում անզուսպ ծիծաղ էր: Բոլորը իրար աչքով էին տալիս ու փռթկացնում: Պատճառը Ժանետի կտրուկ ձևափոխությունն էր: Նա ղեկավարի ընդունարանից դուրս եկավ բոլորի ժպիտների ներքո: Նման տեսք ունեցողներին  մեկ էլ տղամարդկանց շոուներում կարելի է հանդիպել, երբ հաղթանդամ տղամարդը փոխակերպվում է հսկա շիկահեր կնոջ: Ժանետը ցանկացած տղամարդու հետ կմրցեր իր տեսքով: Նա երկար, շեկ մազեր էր դրել. որոնք քարացել էին նրա պինդ ուսագոտիներին: Հսկա մարմինը տեղավորել էր մի կիպ սեղմիրանում և կարմրատակած դեմքը ծածկել ամեն ինչ մոռացության տվող դիմափոշիով: Իր տեսքով շատ էր գերված, հիացմունքը չէր կարողանում զսպել և արհեստական երկարացրած բահատիպ եղունգներով նազելիորեն հետ էր մղում մազերը դեմքից: Դա տեսնելու բան էր, քանի որ պատմելով բառերը շատ են ստացվում, տպավորությունն էլ՝ թերի:

Նրան դեռ կանդրադառնանք: Միայն նշենք, որ Ժանետը Սոֆիկի, Ժենիկի ու ծանծաղամիտ Վարդուհու ղեկավարն էր, որոնցից միշտ դժգոհ էր: Նրա դժգոհությունը մեղմել չկարողացավ նաև շիլ Կարապետը, որին պարզապես կցեցին իր բաժնին: Կարապետը լավ մարդ էր, սուր լեզու ուներ և  Ժանետի թիկունքում  ծաղրում էր նրան`  հիմնարկի աչքին ուրախ մարդ մնալու նպատակով: Սոֆիկն ու Ժենիկը հին աշխատող էին ու նրանց բացի իրենց դիմացի մատյանից ուրիշ բան չէր հուզում:  Սոֆիկի երազանքը թոռնիկ ունենալն էր: Սակայն նա, համարելով իրեն հայ ինտելիգենցիայի վառ ներկայացուցիչ, թոռնիկի մասին  միայն ակնարկում էր: Հիմնականում նրա զբաղմունքը շատախոսելն էր: Ռուսերեն գովում էր բոլորին՝ հիմնավորելով այն պնդումը, որ ռուսերենը քաղցր ու գովեստի լեզու է: Նրա համար պուպուշիկ էին բոլոր աղջիկները և կանայք, բայց թե սրտին ինչ կար, ոչ ոք չգիտեր...

Ժենիկն իր աջը քաշած աշխատում էր ու նրա մասին այսքանն ամողջական ու բավարար տեղեկատվություն է: Վարդուհին առանձին զրույցի թեմա է: Չգիտեմ ինչ հրաշքով էր նա հաղթահարել հիմնարկում իր տեղի համար մրցութային քննությունը, բայց նա այնքան էլ անպատասխանատու պաշտոն չէր զբաղեցնում: Անորոշ տարիքի աղջիկ էր՝ հիմար ժպիտն ու հարցերն անպակաս: Նրա հարցերից հիմնականում ազդվում էր Ժանետը, սակայն նա Վարդուհու ընդունված օրից նրան վերաբերում էր, որպես սեփական խաչի, որի թե զորությունը, թե ծանրությունը իրեն էին միայն հայտնի: Վարդուհին սիրում էր անականկալ  հայտնվել  հիմնարկի աշխատակիցների սենյակներում: Դուռը թակում էր, ժպտում ու ներս մտնում: Նստում էր աշխատակցի դիմացի աթոռին, անիմաստ շարունակում ժպտալ:  Երբ մարդիկ հարցնում էին նրա որպիսությունը, նա մի անհեթեթ պատասխան էր տալիս, մոտավորապես ասում, որ ծովի հանգիստը ոչնչի հետ չի փոխի ու քննադատում էր անիմաստ կյանքը: Հետո վեր էր կենում ու գնում: Հիմնարկի հետ նրա յուրօրինակ հաղորդակցությունը սկզբում շատ էր կասկածելի: Հետո, երբ մի քանիսը մի օր կիսվեցին նրա մասին, համեմատությունը ցույց տվեց, որ բոլորի հետ նույնն է պատահել և  բավարարվեցին ուս թոթվելով:

Առաջին հարկում էլի մարդիկ կան, սակայն նրանց մասին խոսել չեմ ուզում, որովհետև նրանք աշխատում են սովորական ռիթմով և աչքի չեն ընկնում բացարձակապես:

Երկրորդ հարկը հիմնարկի ղեկավարության հարկն էր, այտեղ էր ղեկավարի ընդունարանը, տեղակալների աշխատասենյակները:

Սկսենք ընդունարանից: Ընդունարանում էր աշխատում խեղճ ու կրակ Համեստը: Նրան հաճախ կարելի էր տեսնել սուրճի բաժակներ լվալիս ու դեկորատիվ բույսեր խնամելիս: Համեստը շատ բան գիտեր հիմնարկի անցուդարձից, ղեկավարի հյուրերից, բայց այդ ամբողջը նա սեփական անձից վանել էր այնքան հեռու, որ անգամ հիվանդ ժամանակ չէր համարձակվում ղեկավարի 3 լիտրանոց մեղրից մի գդալ վերցնել: Նա խոհանոցի տիրուհին էր, կարգուկանոն հաստատողն ու պահպանողը: Նրա երեք տարիների աշխատանքի ընթացքում տուժել էր ընդամենը մեկ սուրճի բաժակի պոչ, ինչը հետո Կարապետը խնամքով կպցրել էր: Համեստը մինչ օրս այդ բաժակով էր սուրճ խմում: Նա գիտեր խոհանոցի պարագաների թիվը, երբ հանկարծ աշխատակիցներից մեկը պատահմամբ վերցնում էր որևէ իր, Համեստը սպասում էր մի քանի օր, հետո խնդրում բերել: Նա աչքը կուշտ մարդ էր, այնքան, որ չէր  համարձակվում ղեկավարի մրգերից գոնե մի, չէ ինչ եմ ասում, կես կտոր ուտել: Դե  ղեկավարը մրգի ոչ պակասություն էր քաշում, ոչ էլ հիշում էր, որ ունի: Նրա հիշողության  միջից բացի մրգերից ջնջվում էր նաև Համեստին տուն ուղարկելու ժամը, այնպես էր պատահում, որ Համեստը ժամերով սպասում էր, որ Շեֆը դուրս գա սենյակից և ասի. կարող ես գնալ, ու հենց լսվի այդ հոգեցունց նախադասությունը, Համեստը եղանակից կախված վերցնի վերնազգեստը, թարմացնի շրթներկը, անջատի խոհանոցի լույսն ու գնա: Սակայն, այդ փափագած նախադասությունը ոչ միշտ էր հաջողվում լսել աշխատանքային օրվա ավրտին:  Շեֆը նրան մոռանում էր ու ամենավատն այն է, որ երբ Աստված Համեստի աղոթքներին անսալով` Շեֆին դուրս էր բերում սենյակից, նա նայում էր Համեստին ու իբր զարմացած խայտում. <<Յաաաաաա, դու դեռ ստեղ ես>>: Համեստըը կախում էր գլուխը ու հասկանում, որ արդեն կարող է վերցնել վերնազգեստը, թարմացնել շրթներկն ու մնացածն ըստ հերթականության:  Նրա ու Շեֆի շփումը մի ժամանակ այդքանով չէր սահմանափակվում: Համեստի պնդմամբ, եթե հին աշխատողներին հարցնենք, կվկայեն, որ  Շեֆը մեկ-մեկ զրուցում էր նրա հետ ու անգամ, եթե մութն ընկած էր լինում, Համեստին հասցնում էր մինչև տուն: Ճիշտ է ճանապարհին ոչինչ չէին խոսում, բայց մեկ է էլի Համեստը իր Շեֆից դժգոհ չէր: Այդ բարի ժամանակները հին աշխատողներն իրենց հետ վերցրին ու չվերադարձրին` Համեստին թողնելով տարակուսանքին շատ նման մի զգացում: Շատ մտածեց նա, անգամ Շեֆի վերաբերմունքը բերեց, որ կապի սուրճի բաժակի կոտրած պոչին, բայց մտածածի ու բաժակի հումքը ի բնե տարբեր էր, կապել չեղավ: Համեստը մի քիչ էլ մտածեց ու որոշեց,  որ պատճառի անունը Սև կատու էր ու այն ոչ միայն անցավ նրանց միջով, այլ օրը մի քանի անգամ գալիս էր ու անցնում: Այդ Սև կատուն է   այն պատճառը, որն ինձ դրդեց պատմելու հիմնարկից: Նա աշխատում, ավելի ճիշտ ծվարում էր երրորդ հարկում: Նրան մի քանի էջ  մտքում եթե պահեք, ես շատ շնորհակալ կլինեմ ու կպատմեմ մյուսների մասին...

Երկրորդ հարկում էր աշխատում բարձրագույն կրթությամբ, սուրճ պատրաստող, ձկնկուլի երախագծերով և ակնակապիճներով Պայծառը: Նա Համեստի աչքի փուշն էր  հիմնավոր  պատճառներով: Նախ ` Համեստը չէր ուզենա այդքան անհարթ ու լպրծուն բան կրեր իր աչքին, երկրորդ Համեստը պետք եղած ժամանակ կարողանում էր տեղը դնել Պայծառին և երրորդ` Պայծառից վտանգի հոտ էր գալիս: Պայծառը օրը մի քանի անգամ օգտվում էր Համեստի խոհանոցից և, ինչպես բոլորն էին նկատել, բայց Համեստը արտահայտվել էր մի անգամ` շատ անփույթ ձևով էր օգտվում: Նրա սեղանին թափված սուրճն ասես  ավելի դանդաղ էր մաքրվում քան ուրիշներինը, էլ չենք խոսում հատակին թափված ջրից, որը Համեստի հատակի շորով ոչ մի կերպ չէր ներծծվում: Չմոռանանք վտանգի հոտի մասին, որը Պայծառի գնալուց հետո կիպ կպչում էր ամանեղենից, ու ստիպում Համեստին բարկանալ միայն մտքում: Պայծառը այդքան անհարմարություն էր պատճաում միակ նպատակի` իր երկու ղեկավարների սուրճը չուշացնելու համար: Թե ինչու էին ղեկավարները երկուսը, երբեք չէր անցել Պայծառի մտքով, դրա փոխարեն նրան հետապնդում էր իր մենակ լինելու միտքը: Մենակ բոլոր առումներով, աշխատանքային և անձնական՚: Իր աշխատանքային մենակությունը բացատրում էր միակությամբ և անգամ շոյվում էր, ու մոռանում անձնական մենակությունը: Նրա փոխարեն դա լավ էր անում հիմնարկը, բոլորը խոսում էին, որ դեռ ձկնկուլի դարաշրջանը շատ է հեռու և մինչ այդ Պայծառը պետք է համբերի: Նրա դեպքում չար լեզուներ չկային, բոլորն ըմբռնումով էին մոտենում: Ու սպասում էր Պայծառնյ իր օրվան և այնքան էր տարվում, որ մոռանում էր սուրճը չթափել և հատակը չջրոտել: Պայծառի սուրճն անխռով խմում էին նրա երկու ղեկավարները: Սակայն անխռովության տեսանկյունից մրցակիցը չուներ նրա տարեց ղեկավարը, որը մի քանի անգամ, ավելի ճիշտ ընդամենը 20 րոպե չէր սուրճ խմում, մնացած ողջ աշխատանքային օրվա ընթացքում Պայծառը սուրճ էր հասցնում ղեկավարին:

Տարեց ղեկավարը հին կուսակցական էր ու իր կուսակցության պես թունդ սիրում էր իր հայրենիքը: Սերը հնգապատկվում էր, երբ առօրյային ավելանում էր թթի պինդ օղին, որը միշտ անպակաս էր նրա դարակից: Ասել, թե նա լավ մարդ է, այդքան էլ չի համապատասխանի իրականությանը, բայց վատն էլ չէ, պարզապես հիմնարկը նրան այնքան էլ չի ընդունում: Չընդունելու հիմնական պատճառը նրա անտաշությունն է, որը նույնպես կուսակցական աքսեսուար է, երկրորդը, նրա  ՇՈՌԱՉՔՈՒԹՅՈՒՆԸ: Կանանց ետևից այնքան է նայում, որ զգացնել էր տալիս կարմրելու զգացումը վիրահատած սպիի առկայությունը:

Մի անգամ էլ Սև կատվին շոռեց ու դրանով միանգամից երեք կարևոր հարց իսպառ մնացին առանց լուծման, նախ` Մինսկ գործուղման մեկնելը, երկրորդ` բաղձալի հավելավճարը և երրորդ` Շեֆը մի քանի օր չուզեց տեսնել նրա շոռ աչքերը, համապատասխանաբար շոռ դեմքն ու ընդհանրապես… Էլի պտտվում ու հիշում եմ Սև կատվին, բայց մի քիչ էլ համբերություն, մնացածին ներկայացնեմ, ու հետո նրան կանդրադառնամ:

Կարծես երկրորդ հարկի աշխատողների մասին այսքանով կարելի է սահմանափակվել: Երկրորդ հարկում, ավելի ճիշտ Համեստի մոտ հաճախ էր հայտնվում Գիգոլի  անունով  Շեֆի գործազուրկ ընկերը: Նա սկզբում գալիս էր շաբաթը մեկ, հետո, երկու անգամ, հետո ամեն օր: Գալիս էր, որ ընկերոջը հիշեցնի իր աշխատանքի տեղավորման մասին: Սկզբում նրա հիմնական զբաղմունքը Համեստի համակարգչով գնդիկ գլորելն ու Համեստի նյարդերը հարազատաբար սղոցելն էր: Հետո, երբ հայտնաբերեց, որ համակարգչում նարդի կա, այն էլ՝ գրազով, ամբողջ օրը նվիրեց համակարգչին հաղթելուն: Հաղթանակի բերկրանքը աղջկա լուսանկար էր, որը  Գիգոլիի հաղթելուն պես արձակում էր բլուզը: Այդ խաղի մասին Գիգոլին Կարապետից էր իմացել ու նրա հետ էլ, հաճախ օյինով փոխվելով, խաղում էին: Մի ամսվա մեջ հազիվ հաջողվեց հանել աղջկա բլուզը: Ու իր անվանը համապատասխան, մեկ-մեկ Գիգոլին կոխ էր բռնում համակարգչի հետ ու գոռում, որ վերջինս անարդար է խաղում: Նրա գոռգոռոցից Համեստի համբերության բաժակը լցվեց ու երկրորդ համակարգիչը պահաջեց  Կարապետից:  Գիգոլին շատ էր նման անպատյան կարմրալերկ վիզ ունեցող կրիայի: Նա միշտ հումորով էր մոտենում կյանքին ու կյանքն էլ մեկ-մեկ հումորով ապտակում էր նրան: Գիգոլին այդ ապտակներից ոչ նեղանում էր, ոչ վիրավորվում...

Նրա այցերը հաճախակիացան ոչ միայն ընկերոջ աչքին երևալու ու այդպես նրան իր մասին մոռանալու ժամանակ չտալու պատճառով: Կար մի ուրիշ պատճառ ևս, որ աշխատում էր երրորդ հարկում: Անունը Հակինթ էր: Գեղեցիկ, անկնճիռ, խնամված ու ամենակարևորն ամուսնացած  Հակինթը հիմնարկի նամակներով էր զբաղվում: Կոկիկ ու փութաջան աշխատող լինելուց բացի, նա շատ զգույշ էր: Երևի կյանքը նրան այդ տեսակ էր բովել ու նա դարձել էր զգուշավոր ու չեզոք: Սեփական կարծիք հայտնում էր բոլորինը լսելուց հետո, հայտնում էր այնպես, որ ոչ ոք չէր հիշում, թե նա ինչ կարծիքի է: Երկու երեխա ուներ ու շատ հոգսեր երևի: Ու հենց նրան Գիգոլիի պես մի զվարճախոս դատարկաբանը չէր խանգարի: Երբեք չի իմացվի, թե արդյոք ամուսնու հետ խնդիրներ ուներ, թե ոչ, բայց որ Գիգոլիին երազում տեսնելը ճակատագրական դարձավ, հաստատ էր: Մի օր, երբ Գիգոլին համակարգչին հերթական գրազն էր տարվում, ներս մտավ Հակինթն իր նամակներով ու ի զարմանս Համեստի և Գիգոլիի` հայտարարեց.<<ՙԵրազումս քեզ եմ տեսել ու առավոտն էլ տեսա, ինչի չկանգնեցրիր մեքենադ>>: Տարակուսած Գիգոլին միայն հասցրեց կատակել, որ ինքը վախենում է Հակինթի ամուսնուց ու  խնդրեց, որ էլ իրեն երազում չտեսնի: Այդ դեպքից հետո Համեստը առանց սասանվելու պատրաստ էր երդվել իր թվով սահմանափակ, բայց բոլոր սրբություններով, որ Գիգոլին Հակինթի հանդեպ անտարբեր չէր: Օրեր անց պարզվեց, որ առանձնապես առատաձեռնությամբ չպսպղացող Գիգոլին հիմնարկի հսկիչի միջոցով թաքուն պաղպաղակ է փոխանցել Հակինթին: Պաղպաղակին հաջորդեցին սուրճն ու շոկոլադը ու արդեն նարդի խաղալը լրիվ ժամանակավրեպ դարձավ: Գիգոլին փոխեց  ժամանակավոր նստավայրը՝ նոր աթոռանիստ նշանակելով Հակինթի սենյակում... Հակինթը դավաճան դուրս եկավ ու սարսափելին այն էր, որ հիմնական դավաճանվածը` հուժկու ամուսինն այդ մասին չէր կասկածում: Հիմնարկը խոսում էր: Զարմանում լուրջ  կնոջ ցանցառ ու անմիտ պահվածքի վրա: Սակայն դա չէր հուզում երկկողմանի ամուսնացած զույգին, որը հանդիպում էր իր կարծիքով թաքուն, բայց հիմնարկի պնդմամբ անսքող ձևով:

Ընդհանրապես հիմնարկի կանանց մեծամասնությունը թեթև էր նայում ցանկացած, ներառյալ ամուսնական դավաճանությանը: Ու Հակինթին մեղադրողներ համարյա չկային: Դե ասենք բացի Համեստից ու Կարինեից: Կարինեն երկրորդ հարկի հավաքարարն էր ու Համեստի զրուցընկերուհին: Նրանք ազատ քննարկում էին հիմնարկի անցուդարձը: Կարինեն դեմ էր Հակինթի արտամուսնական կապին, բայց կարծում էր, որ դա տեղն էր նրա մեղմ ասած ապուշ ամուսնուն, իսկ Համեստը դատապարտում էր Հակինթին` մտածելով նրա երեխաների մասին: Հետաքրքիր մարդ էր Համեստը, երբեք երեխա չունեցած` պատրաստ էր խղճալ ու հասկանալ բոլորի երեխաներին:

Երրորդ հարկում էին աշխատում երկու Նունուֆարները: Նրանց նմանությունը միայն անվանականով չէր սահմանափակվում: Երկուսն էլ օճառվելու մեծ տաղանդ, սեր ու մոլուցք ունեին: Միակ բանը ինչի մասին անհանգստանում էին, օճառի անժամանակ ու ոչ տեղին վերջանալն էր: Դրա ճարն էլ էին գտել: Այնպիսի օճառ էին վերցնում, որը պատրաստված էր օձի լեզվից ու դյուրամաշ չէր, այքան մեծ էին վերցնում, որ երկու ափով հազիվ էին պահում: Նրանց օճառները տարբեր բույր ու գույն ունեին, բայց նպատակին անշեղ դիպչում էին: Նունուֆար Մեկը իրավաբան էր: Նա աշխատում էր հիմնարկում տևական ժամանակ: Նրա անցյալի մասին Համեստը լավ բաներ չէր լսել:

Հա սա կարևոր է իմանալ, Համեստին հիմնարկում տեղավորել էր շեֆի նախկին, սիրուհու ընկերուհին, որը սիրուհուն ասել էր, թե բարեխիղճ աղջիկ է ու ոչ մի բանի չխառնվող: Սիրուհին էլ տեսել էր, համեմատել իր հետ, հօգուտ իրեն գրանցել 10 միավոր ու զանգել էր շեֆին: Այսպես Համեստը, շեֆի ընկերուհու միջոցով նախապես պատրաստված ու բոլորի մասին տեղեկացված եկել էր աշխատելու: Նունուֆարի մասին շատ բաներ էր լսել, դե ասենք այն, որ  աշխատել էր դատախազների ու նմանատիպ   պաշտոնյաների մոտ: Աշխատելը համատեղել էր սեր անելուն և այդ ասպարեզում բավական հաստատուն քայլերով առաջ էր գնացել: Հիմա Նունուֆարն ամուսնացած էր, ուներ երկու դուստր: Ամուսնուն դիմում էր Կյանք փաղաքուշ մականվամբ, ու այդ դիմելաձևը  շատ էր զվարճացնում  հիմնարկին: Նրա ամուսնուն ամեն ձևով կարելի էր դիմել, բացի Կյանք-ից: Նախ նա Նունուֆարի թևատակիցն էր, երբեք ձայնը դուրս չէր գալիս ու ապրում էր Նունուֆարի ծնողների հետ: Այդքանից հետո կյանք բառը ոչ միայն չհամնկնող, այլ տեղը տեղին արհեստական էր հնչում, բայց Նունուֆարին դա չէր հուզում: Կարևորը ամուսին ունի, երեխեք ու ամուսինը ոչ միայն չի արգելում նրան ծխել, այլև` ինքն է գնում ծխախոտի հետևից, իհարկե Նունուֆարի Կյանք թռի սիգարետ առ բանալի բառերը լսելուց հետո: Համեստը լսել էր նաև, որ Նունուֆարը մեկ-մեկ շեֆի հետ էլ է հիշում իր անցյալից մնացած ման գալու բնավորությունը: Երևի դա էր պատճառը, որ արտասահմանյան գործուղումներից Նունուֆարն անմասն չէր մնում: Իհարկե Սև կատվից շատ ոչ մի տեղ չէր գնացել, բայց դե կատվի մնացորդներն այնքան էին, որ Նունուֆարի օճառը միշտ էլ անելու բան ունենում էր: Մյուս Նունուֆարի օճառը գործուղումների պարագայում դեռ փրփուր էր տալիս, առայժմ ոչ մի տեղաշարժ: Բացատրությունը շատ պարզ էր` երկրորդ Նունուֆարը, որին կարճ ասենք Նունուշ, շեֆի սրտովը չէր, համ գեր էր, համ դանդալոշ: Շատ քիչ բան կար, որ հասնում էր նրա ճարպոտ ուղեղին, իսկ անմկան մարմնին միայն սեզոնային հիվանդություններն  էին հասնում: Դե  դրա համար նա հիմնարկում զբաղեցնում էր սղագրողի տեղը: Սա սակայն շտկվեց այն պահից, երբ Նունուշին գլխի գցեցին, որ նիհարի: Օրերով բան չէր ուտում, ավելին` ուտելիքը դնում նայում էր, որ արագ նիհարեր, մի հավաստի տեղից էր լսել, որ այդպես արդյունավետ  է: Նիհարեց Նունուշը, առաջինը նրա համար, որ արձանագրային բաժնի պետի թափուր հաստիքում կարողանա տեղավորել իր մարմինը և երկրորդը,  երևի, որ դուր գա տղամարդկանց: Չէ, հիմնարկի տղամարդկանց համար նա փակ թեմա էր, խոսքը ինտերնետի այն միլիոնավոր տղամարդկանց մասին էր, որոնց անհուսորեն փորձում էր գայթակղել: Սովորաբար նրանց հետ շփումը վերջանում էր այսպես. որն է քո սիրած գույնը Նունուշի հարցը մնում էր անպատասխան: Լավագույն դեպքում, որը գրանցվել է մեկ անգամ, հանդիպեց Տերմինատոր հորջորջված նիկակրի հետ, որի անունը ընդամենը Սաշիկ էր և Նունուշը հասկացավ, որ ավելի լավ էր չբաժանվեր նախկին ամուսնուց: Նունուշը երևի 40-ն  անց կլիներ: Ամեն դեպքում ինտերնետային որսը նիհար վիճակում ավելի բարենպսատ էր:

Վերջապես հասավ Սև կատվին նկարագրելու հերթը: Ճիշտն ասած նրա անունն այնքան էլ կարևոր չի, քանի որ իր տեսքով բնույթով և պահվածքով նա ավելի շուտ սև կատվի էր նման, քան անուն ունեցող երիտասարդ աղջկա: Նորեկի կամ մեկ-երկու անգամ նրան հանդիպողների  համար Սև կատուն շատ, անչափ մեղմ, բարի ու կամեցող անձնավորություն էր թվում: Այդպիսին էր մնացել նա նաև Համեստի հուշերում, որի դեպքում նորեկը Սև կատուն էր: Հետագայում Համեստը հիշելու էր, որ հենց սկզբից Սև կատվի անմիջականությունը իրեն զարմանալի էր թվացել: Սև կատուն հիմնարկում գործուղումների բաժնի պետ էր աշխատում: Նրան հիմնարկ էր բերել ինքը` Շեֆը: Հենց առաջին իսկ օրվանից նա առանց Համեստի նախապես զեկուցելու էր մտնում Շեֆի սենյակ: Այնտեղ մնում էր ժամերով, դուրս էր գալիս կոնֆետներով ու գումարով: Իրեն պահում հոգատար և ազնիվ աղջկա նման, սակայն Համեստին խաբել հնարավոր չէր:   Համեստը կասկածելու լուրջ պատճառներ ուներ, նախ, որ հանկարծ Շեֆի սիրուհին դարձավ նախկին սիրուհի, իսկ դա պարզապես շոկ էր, քանի որ Շեֆն ու իր սիրուհին 15 տարվա կապի մեջ էին, երկրորդ, որ գործուղումների բաժնի նախկին պետին Սև կատվվի պատճառով հեռացրին աշխատանքից: Մի խոսքով կասկածելու պատճառները  շատ էին:

 

 

***

Հիմնարկում ամանորյա իրարանցում էր: Առանձին սենյակներում խոսում էին Շեֆին նվեր առնելու մասին: Պատերի տակ խոսում էին Շեֆի տուն այցելելու մասին: Սակայն ինչքան էլ խոսակցությունները դուրս գային տրամաբանության հունից, ինչքան էլ անարդար վերաբերմունքից դժգոհողներ լինեին, մեկ է բոլորը գիտեին, որ վերջին, որոշիչ խոսքը Սև կատվինն է ու սպասում էին: 12-ն  անց կլիներ: Սև կատուն մտավ Համեստի մոտ.

-Փող կա մոտդ, թե ես քո փոխարեն դնեմ, Շեֆին պիտի նվեր առնենք:

Այս հարցը Համեստի ամենաչսիրած հարցերից էր. ում էր պետք ավելորդ հոգատարության դրսևորումը, ցուցադրական կարեկցանքը, երբ ամեն ինչ միտված է թոզ փչելուն: Ինչի էր Սև կատուն փորձում ընկերուհի ձևանալ ու շահագործել մարդկանց: Նա վաճառում էր լավ վերաբերմունքը՝ իր սենյակ բարձրացող սուրճի դիմաց, իր տաքսու փողը տաքսու վարորդին վազացնելու դիմաց, վերջապես մենակ զուգարան չգնալու և ինչ-որ մեկին պահակ կանգնեցնելու գնով; Հիմնարկը հոգնել էր մեղրածոր աղջկա նենգ քայլերից, բայց հիմնարկի վերաբերմունքը հոգնածություն թաքցնող էր:  Հիմնարկի նյարդերը դիմանում էին բոլոր փորձություններին, ասենք, երբ Շեֆի հրահանգով բոլորը գալիս էին շաբաթօրյակի, անգամ Ժանետի ծաղրածուի կոստյումի հետ հաջողությամբ մրցող սպորտային համազգեստը չէր մեղմում անարդար վերաբերմունքը: Բոլորն աշխատում էին հավասարապես, մաքրությունը բոլորին էր վերաբերում, բացի Սև կատվից: Նա այդ ընթացքում անիմաստ փաստաթղթերի տրցակը վերցնում, մտնում էր Շեֆի սենյակ ու ԱՇԽԱՏՈՒՄ...Արժանի էին արդյոք բոլորը դրան, չափելի է, բայց, որ այդպես ճիշտ չէր, զգում էին բոլորը: Վերջում հոգնած կանանց Սև կատուն կատվային ժպիտով համեմված քաղցրավենիք էր հյուրասիրում ու ստիպելով դրվատանք էր կորզում: Տանջում էր մարդկանց, որ ասեն, թե ինչ հոգատար  է, եթե ինքը չլիներ,  շաբաթօրյակից հոգնությունը չէր թոթափվի: Ռիտան լվանում էր ձեռքերը ու ամենահամեղ պատառն առաջինը հյուրասիրում Սև կատվին: Մեծահոգության կարիք էր զգացվում, փոխարենը քծնանք  էր ու կեղծ կռապաշտություն: Սև կատուն սիրում էր նստել հիմնարկի կանանց գիրկը, ինչը համարժեք էր գլխներին նստելուն: Համեստը հիշեց սա ու էլի բաներ և  հերոսաբար հրաժարվեց Սև կատվի դրամական օգնությունից; Շեֆի համար հավաքած գումարը շատ էր Համեստի համար, բայց մտովի հրաժարվելով չորս կիլոգրամ մսից՝ գումարը մեկնեց Սև կատվին:

Որոշված էր, Շեֆի տուն գնալու էին Սև կատուն, Նունուֆար մեկը, Ժանետը, Ռիտան: Պայմանավորված փողոցում առաջինը Ժանետն իջավ տաքսուց: Նրան թվաց, որ դիմացի մայթից մի կապույտ արտասահմանյան մեքենա դանդաղ հետևել էր իր տաքսուն: Ժանետը թնդաց հրճվանքից: Վերջապես, շուտով մեքենան կթեքվի իր մայթին ու կմոտենա, կիջնի ասպետը կասի...

-Բարև Ժանետ:

Ժանետը սթափվեց Ռիտայի ձայնից, երազանքները ոտքով արտամղեցին Ժանետին իրենց գրկից: Ժանետն իրեն չկորցրեց, մանավանդ, որ մեքենան իր կանխատեսածի պես վարվեց: Վերջապես-ը էլի հետ եկավ ու Ժանետն ինքնավստահ հայտնեց Ռիտային, որ այդ մեքենան մի երեք ամիս է իրեն է հետապնդում, տոներն անցնելուն պես դիմելու է ոստիկանություն: Քիչ մնաց Ռիտան հավատար Ժանետին, բայց ինչպես որ լինում է կյանքում ու անգամ վերջերս կինոներում մեքենան մոտեցավ նրանց, ու Գիգոլին բացեց դռները:  Թե ինչ զգաց Ժանետը հասկանալի է, բայց Ռիտան ավելի անհարմար դրության մեջ էր: Նստել մեքենան կնշանակեր հակառակվել ամուսնու կանոններին, չնստել կնշանակեր...Ու մինչ նա տվայտվում էր անշնորհքության ու ուխտադրուժության ծանծաղուտում և շոշափում էր ձեռնոցի տակ ծվարած ամուսնական մատանին՝ Գիգոլին իջավ մեքենայից ու նրանց ուղեկցեց խցիկ: Թեթև գինովցած Գիգոլին մինչ օրս էլ չի կարող պատկերացնել, թե ինչ զգացին ընկերոջ հիմնարկի աշխատակցուհիները: Նա միայն հայելու միջից տեսնում էր Ժանետի վրձնած դեմքը և հազիվ էր զսպում ծիծաղը: Հիմնարկում Գիգոլիի ջանքերով թևավոր խոսք էր տարածվել. Ժանետի մորը չտեսանք: Երևի այդ պահին Գիգոլին դա էլ հիշեց...

Շեֆի կինը բարեհամբույր ընդունեց հյուրերին ու նստեցին սեղան: Սովորական կենացներից հետո սեղանին դրվեց այն ինչից  մարդիկ  սովոր են վախենալ: Սեղանի շուրջ հասկանալի ախորժակի փակում սկսվեց: Անգամ թունդ կուսակացականը, ով եկել էր առանց հրավերքի ևս մեկ բաժակ օղի խմեց   ու կոկորդը մաքրեց սարդոստայնից: Առաջինը խոսեց Շեֆը.

-Կերեք ժողովուրդ, էդքան փող եմ տվել...

Ժողովուրդը կնախընտրեր ուտել էդքան տված փողը մինչև վերջին կոպեկը, քան սեղանին դրվածը: Դրությունը փրկող չկար, մարդիկ չէին էլ մտածում դրվածը  կտրելու  և ուտելու մասին: Շեֆը հայացքով համակիր էր փնտրում.

-Ժանետ ջան, դու աշխարհ տեսած Միչիգանի այվիլիգ համալսարաններում սովորած մարդ ես: Դե ուտելու ձևն ասա, մենք էլ օգտվենք:
Ելքը գտնված էր: Ժանետն իրեն իր ափսեում էր զգում: Հաղթանակի դափնիները վզից կախ, Օքսֆորդը ականջից օղ, առանձնաշնորհյալ դիրքը գագաթնակետին նա արտաբերեց.

-Թևի տակն ով է ուզում;

Ու սկսվեց մի հեքիաթ թևի տակի օգտակարության մասին: Ժանետը մեջբերումներ արեց ֆրանսիացիներից, Ասորեստանի կործանումից, Դալայ Լամայի միամտությունից՝ ամեն բան մեկտեղելով սեղանին դրվածի հետ: Թևի տակն ուզող չեղավ ու ընդհանրապես ոչ մի կտոր  չուզեցին: Շեֆը զայրանալու նշաններ էր ցուցաբերում, Սև կատուն նախաձեռնությունը վերցրեց իր վրա ու մի քանի րոպեում Ժանետի հետ մարդկանց ափսեներում դրեցին թևի տակը, պոչի միջումն ու էլի կտորներ:  Ժանետը մեկնարկեց համտեսը: Առաջին անգամն էր, որ նա այդքան հեռուն գնաց,  առաջին անգամն էր, որ իր լեզվի  ոսկորի բացակայությունը  ստամոքսով էր հատուցելու:   Թունդ կուսակցականը չդիմացավ ու ճչաց՝ ԱՆՓՈՐՁԱՆՔ:  Գիգոլին հիշեց, որ Ժանետի մամային  ոչ ոք չի տեսել; Նա այդ մասին ասաց Ռիտային: Ռիտան ռեակցիա չտվեց: Գիգոլին կամաց պատմեց թևավոր խոսքի պատմությունը: Մի օր Ժանետն ասել էր, որ մինչև ուսերը պապային է նման, իսկ ուսերից ներքև՝ մամային: Սրամիտ Գիգոլին դրանից հետո տարածեց Ժանետի մամային չտեսանք-ը:  Ռիտան մնաց չծիծաղող, այդ պահին նա հարգում էր Ժանետին ու դա խղճի հանգստության նշան էր:

Նոր տարուն հիմնարկում նոր լեգենդ հյուսվեց՝ Ժանետը ալիգատոր է կերել:

 

 

 Նոր տարին հիմնարկին մի քանի նորություն բերեց: Նախ Կարապետը անիմաստ օրացույցներ գնեց, Շեֆը փոխեց իր վարորդին, երկրորդ և հիմնարկն ընդունեց Նախոդկայի չուչմեկների պատվիրակությանը:

Տոներից հետո  աշխատանքային առաջին օրը Նունուշն ու Պայծառը քննարկում էին, թե իրենց ինչու չեն ասել Շեֆի տուն գնալու մասին: Նրանք արդեն 2 ժամ էր քննարկում էին, երկուսն էլ գիտեին պատճառը, բայց  բարձրաձայն չէին համարձակվում տալ Սև կատվի անունը: Նունուշը չէր տալիս, որ սկզբունքային երևար, քանի որ նա միշտ ասում էր, որ սիրում է Սև կատվին, իսկ Պայծառը չէր վստահում Նունուշին՝ չնայած, որ վերջին 3 տարին միասին էին տոնավաճառ գնում:

Նրանց խոսակցությունը հնարավոր է շատ երկարեր, եթե սենյակ չմտներ Կարապետը սեղանի օրացույցներով: Նա ամեն մեկին տվեց իր օրացույցն ու դուրս եկավ: Նունուշը, լինելով հորոսկոպասեր և կախվածություն ունենալով տարբեր գուշակաություններից, առաջինը բացեց օրացույցը՝ փնտրելով Խոզի տարին ծնվածների մասին նորություններ: Տարիներ շարունակ Կարապետը հորոսկոպով օրացույցներ էր բերել հիմնարկին, բայց այս անգամ նա որոշել էր փոփոխություն մտցնել: Նրա մտցրած փոփոխության իմաստը հիմնարկն ի վիճակի չեղավ ընդունել ու Կարապետի աշխատանքային օերը արդեն հաշված էին: Սովորաբար աշխատանքային օրերի համրիչը Սև կատվի գրպանում էր, նա էր աշխատանքի նշանակում ու ազատում համարյա բոլորին: Նա յուրաքանչյուրին կարող էր վարկաբեկել և սրբացնել Շեֆի մոտ: Ըբնդհանրապես Շեֆը հիմնարկին նայում էր Սև կատվի աչքերով ու այդ աչքերը այս անգամ ճակատագրական ձևով տեսան օրացույցները:

 Սև կատուն մրրիկի պես ներխուժեց  Շեֆի սենյակ: Երկու րոպեից Շեֆը Համեստին ներս կանչեց:  Համեստի գլուխը նոր էր հայտնվել դռներից այս կողմ, երբ  Սև կատուն հիստերիկ ձայնով ճչաց.

-Ըհը էս էլ Համեստը, Շեֆ ջան, թող ինքը ասի, որ բոլորն էլ դժգոհ են, էդ մարդը լրիվ իրեն կորցրել է:

Համեստն ասելու բան չուներ. նա չէր հասկացել ինչի մասին է խոսքը:

Շեֆը սպասողական նայեց Համեստին:

-Չէ Համեստ չէ, ասա է ասա,-ծղրտում էր Սև կատուն:

Համեստը միայն իրեն լսելի ձայնով հարցրեց ինչի մասին է խոսքը: Սև կատուն նրան տվեց Կարապետի առած օրացույցը.

-Դե ասա է ասա, հիմա Շեֆն էլ կիմանա մենակ ես եմ դժգոհ, ես հեչ, ես, որ ուզեմ օրը հարյուր հատ օրացույց կառնեմ, բայց դուք դուք , դե խոսի...

Համեստը դեռ չէր հասցրել բացել օրացույցը: Նա ներողություն խնդրեց ու արագ դուրս եկավ՝ օրացույցին ծանոթանալու երկաթե պայմանով:

Երեք օրից Կարապետն ազատվեց իր դիմումի համաձայն, իսկ այդ օրվա վերաբերյալ օրացույցում գրված էր .<<Մեզով թրջոցները հանգստացնում են նյարդերը>>: Ընդհանրապես այդ օրացույցի յուրաքանչյուր էջում մեզի վերաբերյալ բժշկական տեղեկատվություն էր: Ճակատագրական օրացույցները հավաքվեցին սենյակներից, հիմնարկին բաժանվեց փիսիկների նկարներով օրացուցներ:  Միայն Համեստը չհրաժարվեց իր օրացույցից, դե նա երևի հավատում էր ժողովրդական բժշկությանը:

Սև կատվի հաջորդ զոհը Շեֆի  վարորդն էր:  Մի քանի անգամ առանց Շեֆի տեղեկության Սև կատուն վարորդին ստիպել էր մեքենան քշել իր համար: Վարորդը դա արել էր անթաքույց դժկամությամբ: Երևի մի գեղեցիկ, ավելի ճիշտ շատ գեղեցիկ պահի, երբ Շեֆը ոչինչ  չէր կարող մերժել, Սև կատուն նրա ականջին շշնջացել էր, որ վարորդը անձնական նպատակներով  է օգտագործում ծառայողական բենզինը, մեքենան լվալու է տալիս միայն իր նկատողություններից հետո և այլն.......

Վարորդը աշխատանքից ազատվեց իր դիմումի համաձայն: Նոր վարորդի ընտրությունը Սև կատուն վերցրեց իր վրա՝ աշխատանքի ընդունելով բավականին գեղեցկատես, բայց դատարկ ու տափակ մեկին:

Վարորդի մուտքը հիմնարկ ցնցող էր: Նունուշը չգիտես ինչու որոշեց աչքալուսանք տալ Պայծառին, ում ակնակապիճները լայնացան  գեղեցիկ ամուսին ունենալու հեռանկարից:  Նունուշը Պայծառին էր փոխանցում տղաներին իրենով անելու զինանոցը: Պայծառը ուշադիր լսում  էր, միակ բանը, որ տանջում էր Պայծառին, այն էր, որ ապագա ամուսինը վարորդ է, իսկ ինքը բարձրագույն կրթությամբ: նա մտածում էր, թե ինչպես իրեն կպախարակեն դոցենտ մորաքույրները, մյուս կողմից էլ պախարակելու փոխարեն այսքան ժամանակ կարող էին  փեսացու գտնել իր համար...

-Նայիր ինչ կանես, մեկ է բենզինի կտրոնները դու ես տալիս, որ կգա կուզի, սուրճ կառաջարկես աչքերդ կիջացնես ներքև, հետո դանդաղ կբարձրացնես ու կժպտաս, օգնում է,-ոգևորված ճամարտակում էր Նունուշը: Պայծառը համաձայն էր...

Նունուշը, ավարտված համարելով իր առաքելությունը, որոշեց իջնել Ռիտայի մոտ: Ռիտան սենյակում փակված դիմափոշի էր քսում կապտած աչքի տակ: Նունուշը մի պահ կարկամեց, բայց հետաքրքրասիրությունն արեց իրենը: Ռիտան պատեց, որ աչքի նախշն ամուսնու ստեղծագործությունն է: Սուրբ Ծննդյան օրը Ռիտան հեռախոսով հաղորդագրություն է ստանում: Մինչ նա մոտենում է հեռախոսին, ամուսինը վերցնում և կարդում է հետևյալը (Ռիտան լաց լինելով Նունուշին է մեկնում հեռախոսը).<< Քո բույրը մնացել է իմ հիշողության մեջ, դժվար է քեզնից բաժանվելը, ես ուզում եմ քեզ հետ լինել նաև գիշերը, ավաղ դա հնարավոր չէ.... >>..

-Վայ Ռիտ սա ով է գրել,- զարմացավ  Նունուշը:

-Դու էլ ես ամուսնուս օրին, ինքն էլ էդքանը կարդաց,-լացակումած Ռիտան ստիպեց Նունուշին շարունակել:

Նունուշը ավելի բարձրացրեց ձայնի տոնը.

-Սակայն հույս ունեմ, որ մենք նորից կհանդիպենք: Սիրով՝ քո գուլպա:

Նունուշը չգիտեր ինչ աներ, նա մոռացավ, թե ինչի համար է իջել, այնուամենայնիվ ստուգեց, թե ով է հաղորդագրության հեղինակը: Ռիտային հաղորդագրություն ուղարկողը Սև կատուն էր....

Նոր վարորդին հիմնարկն աչքաթող արեց այնքան մինչև Պայծառի դրվագը: Դրվագը շատ կարճ էր ու Պայծառը որոշեց դոցենտ մորաքույրներին չմեղադրել: Վարորդը զուրկ էր խոսքի կուլտուրայից: Նա այնքան անքաղաքավարի գտնվեց, որ Պայծառից բենզինի կտրոն ուզեց անբռնազբոս փողոցային լեզվով. <<Ստեղ ենք բենզին սրսկվում>>: Պայծառը որոշեց բենզինի կտրոնները հանձնել Համեստին: Նոր վարորդով հիացած էր միայն Ժանետը: Նա պարբերաբար իր մոտ էր կանչում տղային ու էկլեր հյուրասիրում: Դա տևեց այնքան, մինչև Սև կատուն արգելեց վարորդին շփվել Ժանետի հետ: Ժանետը  Համեստի ափսեն վերադարձրեց էկլերներով:

Համեստը ժամանակ չունեցավ անդրադառնալու  կամ նեղանալու էկլերների չորացած լինելու փաստից: Նա շատ զբաղված էր: Նախոդկայի չուչմեկների պատվիրակությունը շուտով հիմնարկ էր գալու, հարկավոր էր դիմավորել հավուր պատշաճի:

Պատվիրակության կազմին շենքի մոտ դիմավորեց Սև կատուն՝ ներքուստ ուրախանալով, որ իրենից վատ էին տիրապետում ռուսերենին: Պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ իրենց անդամներից մեկը մոլի հավատացյալ է և խմբին կմիանա նամազից հետո:  Պատվիրակությունը մի տեսակ աշխուժություն հաղորդեց հիմնարկին: Կանայք թարմացան: Անգամ Հակինթը մի քանի սանտիմետրով կիսաշրջազգեստը վերև ծալեց:  

Ընդունելությունների սրահը հյուրընկալեց չուչմեկներին, թունդ կուսակցականը հոտընկայս խմեց կազակների կենացը, նրան ոչ ոք չուղղեց, քանի որ քիչ թե շատ ռուսերեն նա գիտեր ու վիրավորվելու տգեղ բնավորություն ուներ: Եթե ասեին, որ կազակները հավաքի հետ կապ չունեն, կգնար ու կկտրեր միջմշակությանին հաղորդակցության թելը: Կենացները հասնում էին գագաթնակետին, երբ եկավ բացակա անդամը: Սև կատուն գունատվեց, շատ քիչ ընդամենը վայրկյաններ, սակայն Համեստը նկատեց դա: Պատվիրակության անդամները մի քանի օր մնացին : Համեստը շատ տանջվեց նրանց թեյ տալով: Արդեն  մաքուր բաժակ չէր մնացել: Համեստը գնաց թեյնիկը լցնելու:  Զուգարանի դուռը կողպած էր, զարմանալի բան: Համեստը մտածեց, որ Ժանետը ներսում հերթական կիպ տաբատն է փորձում և որոշեց սպասել:  Այն ինչ լսեց Համեստը շատ տարօրինակ թվաց : Կնոջ ձայնը  ինչ-որ մեկին կիսատ ռուսերենով քաղցր խոսքեր էր շշնջում՝ համոզելով, որ Շեֆին չասի, անցյալ տարի իրենց դաղստանյան գինարբուքի մասին: Մինչ Համեստը կհասկանար, որ ակամա ունկնդիր լինելը հարիր չէ իրեն և կշրջվեր, զուգարանի դուռը բացվեց ու Սև կատուն և պատվիրակության հավատացյալ անդամը դուրս եկան: Կատուն հայացքով ոչնչացրեց Համեստին, իսկ Համեստը, որպես արդարացում, դրոշի պես բարձր պահել էր թեյնիկը:

Դրան ոչինչ չհաջորդեց, միայն Գիգոլին ակնարկեց, որ Համեստը այնուամենայնիվ դեն նետի Կարապետի հիշատակ օրացույցը: Համեստը սպասում էր ու կրկնապատկում աշխատելու եռանդը: Շեֆը չէր փոխվել, Սև կատուն՝ նույնպես: Համեստին դա հույս էր ներշնչում, չնայած ժամանակ առ ժամանակ ուզում էր խոսել Սև կատվի հետ, ասել, որ ոչ ոքի ոչինչ չի ասի, բայց չէր համարձակվում: Նա լիաթոք սկսեց շնչել, երբ Շեֆը մեկնեց գործուղման առանց Սև կատվի: Մեկնելուց առաջ ոչ մի կարևոր բան չհանձնարարվեց  Համեստին, բացի չուչմեկների նվիրած մանգոյի ծառը խնամելուց: Շեֆը Համեստին հանձնարարեց ուշադիր լինել ծառին և լուսամուտը բաց չթողնել, որ մեղուները  դուրս չթռչեն: Շեֆը սիրում էր այդ ծառը և որոշել էր բերք ստանալ ու մասնագիտական խանութից  փոշոտման նպատակով երկու մեղու էր գնել: 

Համեստը դարձավ մեղուների գերին: Նա երկու րոպեն մեկ մտնում և ստուգում էր մեղուներին: Նրան շատ էր օգնում Գիգոլին. երբեմն հետևելով մեղուներին Համեստից սուրճ էր կորզում:  Շեֆի վերադարձին մի օր էր մնացել: Վարորդը մտավ ընդունարան և  Համեստին խնդրեց Շեֆի դուռը բացել, որ ներսից բան վերցնի: Համեստը, ճշտելով, որ Շեֆը տեղյակ է բացեց դուռն ու  ետ վազեց հեռախոսին պատասխանելու: Վարորդը վերցրեց  Շեֆի սեղանից հանձնարարած իրը և ուզում էր դուրս գալ, երբ միտքը փոխեց: Նա որոշեց նստել Շեֆի աթոռին, ինչը մի ակնթարում իրագործեց: Հետո վեր կացավ ու ձեռքով հրեց շերտավարագույրը՝ նայելով դուրս: Դրսում Սև կատուն Նունուֆար մեկի հետ կանգնած զրուցում էր: Տափակությունը փոխակերպելով անկաշկանդության՝ վարորդը բացեց պատուհանը, փեղկից հավաքեց ձյունը և նետեց կանանց ուղղությամբ: Հարվածը շեղ ստացվեց: Վարորդը սենյակից դուրս եկավ: Համեստը մոտեցավ դռանը, որ կողպի ու շանթահարվեց բաց լուսամուտից:

Սև կատուն Համեստի միակ փրկությունն էր, նա որոշեց օգնություն հայցել: Սև կատւն արագ պարզեց, որ մեղուները բելգիական ծագման են և կան միայն մի խանութում: Համեստը առանց մտածելու գրավադրեց միակ ոսկե մատանին ու երկու մեղու գնեց: Կարելի էր խորը շնչել, ամեն ինչ նույնն էր...

Շեֆը ոչինչ չկասկածեց, անգամ Համեստին խցանահան նվիրեց: Կյանքը կարգավորվում էր արդեն, երբ Շեֆը կանչեց Համեստին.

-Դու ինձ բան չունես ասելու,-հայացքով պապանձեց Համեստին:

Համեստը լուռ էր: Շեֆը կրկնեց հարցը.

-Բայց դե ես մեղուները առել տեղն եմ դրել ու...

Ու էլ չգիտեր ինչ ասեր Համեստը: Նրան թվաց, որ Շեֆը ձև է անում, թե չի հասկանում ինչի մասին է խոսքը: Հարցը հնչեց երրորդ անգամ: Համեստը հիշեց Կարապետի օրացույցն ու պոչը ջարդած բաժակը, բայց դրանք իրոք ասելու բան չէին:

-Լավ դու չունես ես կասեմ, ինչու ես գումար վերցրել չուչմեկներից:

Համեստն ապշեց ու լեզուն կապ ընկավ: Նա ոչինչ չկարողացավ արտաբերել ու դուրս եկավ սենյակից:

Նա հավաքեց իրերը, դիմում գրեց ու գնաց:

Հաջորդ օրը Գիգոլին ընկերոջ մոտ բարեխոսում էր Համեստի համար: Նա պատրաստ էր երդվել, որ չուչմեկների պատվիրակության ղեկավարը որպես հուշանվեր է Համեստին տվել իրենց ազգային մանրադրամը: Շեֆն անհողդողդ էր...

 

Վերջաբանի փոխարեն

Համեստին փոխարինելու եկած Կարոլինան  դեռ ուսանող էր: Հետո Համեստը պիտի իմանար, որ հղի Սև կատուն հորդորում էր Կարոլինային ավելի ազատ լինել, կուսանոցի  բնակչի նման չկոճկել վերնաշապիկն այլ արձակել մի քանի կոճակ և նոր մտնել Շեֆի մոտ:  Համեստը իրոք չէր հասկանում ինչի համար  էր իր սիրտն ավելի ցավում՝ իր խոհանոցը կեղտոտ բաժակների ռմբակոծության ենթարկելու, թե ոսկե մատանին կորցնելու համար...

 

 

Հեղինակ`

 Ծովինար Խաչատրյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին