Կառավարության այսօրվա նիստում, նդրադառնալով տեխնիկական անվտանգության փորձաքննության ոլորտում առկա խնդիրներին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Արտակարգ իրավիճակների նախարարություն իրականացրած իմ այցի ընթացքում վերհանվել են գործնական և օրենսդրական խնդիրներ տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման ոլորտում: Նշված փորձաքննությունների ոչ պատշաճ իրականացման յուրաքանչյուր դեպք իրական վտանգ է ներկայացնում մեր համաքաղաքացիների անվտանգության և առողջության համար: Այս խնդրին հարկավոր է տալ համակարգային լուծումներ, հատկապես, հստակեցնելով թե՛ փորձաքննություն իրականացնողի, թե՛ շահագործողի և այլ մասնակիցների հստակ պարտականությունների շրջանակը և պատասխանատվության խիստ մեխանիզմները»: Վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համալիր լուծման առաջարկություն՝ տեխնիկական անվտանգության ոչ պատշաճ փորձաքննության իրականացման համար պատասխանատվության հստակ միջոցների, դրանց կիրառման և խստացման վերաբերյալ՝ հաշվի առնելով համարժեք պատասխանատվության սկզբունքը: Միաժամանակ նախարարությունը առաջարկություն կներկայացնի նաև նշված ոլորտի կարգավորումների բարեփոխման վերաբերյալ՝ մանրամասն ուսումնասիրելով հնարավոր այլընտրանքային մոտեցումները, ինչպես, օրինակ, ապահովագրական մեխանիզմների ներգրավման հնարավորությունը:
Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հանրապետությունում պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անդրադարձել է նաև հանրապետությունում, այդ թվում՝ Սևանա լճին հարակից տարածքներում և Երևանի կենտրոնում գտնվող պարապուրդի մատնված անշարժ գույքի խնդրին: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի ողջ տարածքում առկա է մեծ քանակությամբ պարապուրդի մատված գույք, չնայած այն հանգամանքին, որ դրանք ունեն բավականին լուրջ ներուժ՝ հավելյալ արժեք ստեղծելու համար: Կարեն Կարապետյանը, դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարին, հետաքրքրվել է, թե ինչ փուլում է այդ գույքի հաշվառումն ու ուսումնասիրությունը: Վարդան Արամյանը որոշ մանրամասներ է ներկայացրել տարվող այդ ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ և նշել, որ ավելի ամբողջական տեղեկատվությունը կներկայացվի առաջիկայում:Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ընդգծել է, որ աշխատող բիզնեսը լրացուցիչ բեռ չպետք է ստանա, իսկ այն բիզնեսի նկատմամբ, որը չի աշխատում, պետք է կիրառել պրոգրեսիվ գույքահարկ: «Աշխատող բիզնեսի մոտ պրոգրեսիվ գույքահարկը ջնջվում է, լրացուցիչ բեռ չի առաջանում, մյուսի մոտ առաջանում է: Ինչ վերաբերում է Երևանի կենտրոնին, ապա Երևանի քաղաքապետարանը պետք է որոշի և կարծում եմ տրամաբանական ժամկետ սահմանի՝ նշելով, որ եթե գույքն աշխատեցնեն, ապա պրոգրեսիվ գույքահարկ չի կիրառվելու, հակառակ դեպքում՝ կիրառվելու է: Դա պետք է լինի կանխատեսելի և այնպես չստացվի, թե մենք բիզնեսի համար պայմանը փոխում ենք՝ առանց իրեն զգուշացնելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կարդացեք նաև՝ Հայաստանում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր. Կարեն Կարապետյան


