Արցախյան պատերազմի մասնակից, եղբորը պատերազմի ժամանակ կորցրած Հարություն Մնացականյանը ֆեյսբոուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, թե որն է եղել իր համար ամենածանր օրը: «Բոլորը կարծում են, թե դա ամենահարազատ մարդկանց կորցնելն է, տարածքների կորուստն է, բայց ոչ:

Հավատացե՛ք, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ իր տունը կառուցած մարդու կողմից իր տունը վառելու երևույթն ինձ համար այնքան դժվար չէր, որքան այն տեսարանը, թե ինչպես էին մեր հայերը մի աննկարագրելի երջանկությամբ թալանում մեր սիրելի քարվաճառցիների տները: Երբեք իմ մտքից չի թռնի այն տեսարանը, թե ինչպես էին Քարվաճառի նախկին փրկարար ծառայության պետ Սամվել Խաչիկյանի տունը մտնելով ու տեսնելով, որ գույք ու նյութական այլ իրեր կան, տղամարդկանցից մեկը ձեռքերը շփելով ասաց՝ ջան, ախպեր, կպավ: Այո՛, հայի այդ տեսակը պարտվեց, սակայն Նարեկի, Թովմասի, Բոսյայի, Գուրգենի ու մնացած տղաների տեսակը չպարտվեց»,- ասել է Հարություն Մնացականյանը՝ հավելելով, որ հայը պետք է վերաարժևորի իր արժեքները և շատ տուրք չտա նյութական և ժամանակավոր բարիքներին: Մանրամասները՝ տեսանյութում:


