▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրք վերլուծաբան. «Պուտինն էլ խաբեց»

Թուրքական «Sozcu» թերթում սյունակ վարող Զեյնեփ Գյուրջանլըն, հիշեցնելով հյուսիսային Իրաքում անցկացրած հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Բարզանիի հարցում սխալվել ենք» արտահայտությունը, գրում է, որ շուտով ևս մեկ նմանատիպ հայտարարության ենք ականատես լինելու:

««Պուտինն էլ խաբեց». հայտարարությունը ճանապարհին է» հոդվածում Գյուրջանլըն գրում է, թե մեծ է հավանականությունը, որ շուտով Էրդողանը վերոնշյալ հայտարարությունն անի Պուտինի վերաբերյալ, ում համարում է իր ընկերը: Գյուրջանլըն մասնավորապես գրել է. «Հյուսիսային Իրաքում տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը բոլորին հայտնի է՝ «Բարզանիի հարցում էլ ենք սխալվել»: Սակայն շատ մոտ է նաև նոր «սխալվեցինք/խաբվեցինք» հայտարարության ժամը: Իսկ խաբող/դավաճանող նոր գործիչը այս անգամ մեծ հավանականությամբ կլինի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, որին Էրդողանն իր ընկերն է համարում:

Այդ խաբվելու նախանշանները ի հայտ եկան Պուտինի՝ Թուրքիայի կատարած այցի ընթացքում նախագահների համատեղ ասուլիսի ժամանակ: Էրդողանն ասաց, որ Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ լիարժեք համակարծիք են: Պուտինը ուղղակի անդրադարձ չարեց թեմային՝ հղում անելով այդ թեմայով ՌԴ արտգործնախարարության ավելի վաղ արած հայտարարությանը: Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ կա հետևյալ նախադասությունը՝ «Ռուսաստանը հարգում է անկախություն ունենալու քրդերի ցանկությունը»:

Ավելին՝ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը Էրդողանի հայտարարությունից հետո լրացուցիչ հայտարարարությամբ է հանդես եկել՝ ասելով հետևյալը. «Պուտինի ու Էրդողանի միջև Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային ղեկավարության անցկացրած անկախության հանրաքվեի վերաբերյալ լուրջ տարակարծություն չկա»: Պեսկովը ուղղակիորեն ասել է, որ թեև ոչ մեծ, բայց քրդական հանրաքվեի հարցում նախագահների միջև անուամենայնիվ կան հակասություններ:

Լավ, իսկ Սիրիայի հարցը՞: Այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Էրդողանն-Պուտին հանդիպումը, մեկ հայտարարություն էլ Սիրիայի եկավ: Ասադի ռեժիմի առանցքային գործիչներից մեկը՝ արտգործնախարար Վելիդ Մուալլիմը հայտարարեց, որ պատրաստ են քրդերի ինքնավարության վերաբերյալ բանակցություններ սկսել: Ռուսաստանի շնորհիվ ոտքի վրա մնացած Ասադի ռեժիմը «ԻՊ»-ին (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) հաղթելուց անմիջապես հետո հայտարարում է, որ կարող է բանակցություններ սկսել Սիրիայի քրդական PYD/YPG-ի հետ (Ժողովրդավարական միություն կուսակցություն), որին Անկարան ամեն առիթով ահաբեկչական կազմակերպություն է անվանում: Էրդողանի՝ անձամբ Պուտինին ուղղված բողոքներից հետո Մոսկվայում շարունակում է բաց մնալ PYD-ի գրասենյակը:

Փաստորեն Սիրիայի հարցում նույնպես հնարավոր չէ խոսել Անկարայի և Մոսկվայի լիակատար համաձայնության մասին: Վերը թվարկածները իրար գումարելուց հետո պետք է սպասել մի նոր հայտարարության: «Սխալվել եմ» կամ «խաբվեցինք» բովանդակությամբ հայտարարությունը կարծես արդեն ճանապարհին է…

Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին