2014-ի դեկտեմբերից սկսած հայկական լրատվամիջոցներում, մեղադրական բովանդակությամբ, քոփի-փեսթ արվող նյութ տարածվեց այն մասին, որ Թուրքիայում, նախկին Մեծ Հայքի Ծոփք նահանգում հայտնաբերվել է 3000-ամյա վաղեմության հնավայր, որը իր մեջ ներառում է մի քանի պատմական շերտեր: Իհարկե, այդ լուրը դժվար թե հայկական լրատվամիջոցներում առհասարակ տեղ գտներ, եթե հնավայրի լուսանկարներից մեկում պատկերված քարի վրա ինչ-որ մեկը հանկարծակի չնկատեր հնագույն հայատառ տեքստ, որը թուրքական լրատվականները, մեր լրատվականների պնդմամբ, անուշադրության են մատնել:
Մինչ այժմ ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա այն մասին, թե տվյալ լուսանկարում պատկերված հայատառ արձանագրությունը կոնկրետ որ դարաշրջանին է պատկանում: Կածում եմ, կհամաձայնեք, որ տվյալ հարցը չափազանց լուրջ է: Ի դեպ, հնավայրի հայտնաբերման լուրը թուրքական լրատվամիջոցներում հրապարակված է եղել դեռևս 2013-ի նոյեմբերին:
Անկախ նրանից, թե որ ժամանակաշրջանին է պատկանում տվյալ արձանագրությունը, պետք է վերջնականապես գիտակցել, որ նախամաշտոցյան գրի մերժումը ընդամենը կրոնական քող է, իսկ ընդունումը` պետական շահ: Մի մոռացեք հայոց լեզվի Դանիելյան նշանագրերի մասին, որոնք, հենց Կորյունի պնդմամբ, ինչ-որ ժամանակաշրջանում կրառվել են, այնուհետև քանակի և հնչյունային անբավարարության պատճառով դուրս են եկել կիրառումից և մոռացության են մատնվել: Մի մոռացեք նաև այն, որ բազմաթիվ պատերազմների, արհավիրքների, նվաճումների ժամանակ, օտարների ձեռքով, բացի դրանից, քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանում` մեր ձեռքով, գրեթե ամբողջովին ավերվել ու ոչնչացվել են նախաքրիստոնական ժամանակաշրջանի գրեթե բոլոր մշակութային արժեքները, էլ չեմ ասում ձեռագիր աշխատությունների մասին: