▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող հարձակվի, վաղը կրկին համբուրվի...

Լրագրողներիս համար երջանիկ օրեր

 

Ինձ համար, որպես լրագրող, անհասկանալի է, երբ իմ գործընկեր լրագրողները նյարդայնանում են, երբ Աշոտյանը հարձակվում է Ծառուկյանի վրա: Կամ սրտի թեթևություն են զգում, երբ տեսնում են, թե ինչպես է Աշոտյանը տարիներ առաջ հաբուրվել Ծառուկյանի հետ: Թող հարձակվի, վաղը կրկին համբուրվի: Մեր գործը այդ հարձակումը և համբույրը լուսաբանելն է:

Մենք լրագրողներ ենք և պետք է լինենք կամ փորձենք լինել հավասարաչափ հեռու և Աշոտյանից, և Ծառուկյանից: Եվ Քոչարյանից, և Սերժից: Եվ Լևոնից, և Գալուստից: Մենք չպիտի լինենք քաղաքականության մաս: Լրագրությունը և քաղաքականությունը անհամատեղելի են:

Իսկական լրագրողները որոշվում են հենց ներքաղաքական այսպիսի լարված օրերին: Իսկ նրանք, ովքեր լրագրողներ չեն, այլ իշխանությունների կամ կուսակցությունների դրածոներ (սա վիրավորական չէ, սա ընդունված տերմին է), նրանք բացահայտվում են առաջին հարցից:

Մեր գործը հնարավորինս հավասարակշիռ, չեզոք լուսաբանումն է, այլ ոչ Ծառուկյանին Աշոտյանից, Շարմազանովից կամ մյուս երիտհանրապետականներից պաշտպանելը: Իհարկե, մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, կարող ենք պաշտպանել Ծառուկյանին կամ Աշոտյանի հետ հարձակվել Ծառուկյանի վրա, բայց դա անելուց առաջ պետք է գրիչներս ցած դնենք:

Ես համարում եմ, որ մեզ՝ լրագրողներիս իրադարձությունների լուսաբանման երջանիկ, գուցե վտանգավոր և ճակատագրական օրեր են սպասվում: Բայց երբ լրագրողը չի ուզում լարվածություն կամ պատերազմ լուսաբանել, երբ չի ուզում դիրքավորվել ցուցարարների և նրանց վրա բռնությունների պատրաստ իշխանական ուժերի միջև, էլ ինչ լրագրող:

 

Թաթուլ Հակոբյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին