▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող սովորեն, լսեն, ֆիքսեն, որ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի․ Ալեն Սիմոնյան

Լրատվականներից մեկի մեկնաբանություններն եմ կարդում իմ ճեպազրույցի այն հատվածի տակ,  ուր ասել եմ, որ գալու է ժամանակ, որ հայերը և ադրբեջանցիները ապրեն իրար կողքի: Պարզ է, որ մի նոր բան չի ասվել և բացահայտում չկա նրա մեջ, որ երկու հարևան պետության գոյատևման լավագույն տարբերակը խաղաղ ապրելն է և առևտուր անելը: Երկարատև արյունալի պատերազմներից հետո խաղաղ ապրելու օրինակները շատ են, իսկ այլընտրանք ուղղակի չկա: Այս մասին տելեգրամի իր ալիքում գրում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բայց, արի ու տես, մեկնաբանություններն այլ բանի մասին էին: Բովանդակալից ոչինչ չկար, զուտ վիրավորանքներ և հուզմունք: Փորձեցի հասկանալ՝ ովքեր են այս մարդիկ, որոնք այդքան սրտացավ են և չեն ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի, և ոչ մի զարմանալի բան չբացահայտվեց: Եթե մի կողմ դնենք անիծող երիտասարդ մայրերին, քաղաքականությամբ զբաղվող վիզաժ-մակիաժ-տատուաժ անող տիկնանց, պարզվում է՝ նրանց մեծ մասը բնակվում է ՌԴ-ում, և, օրինակ՝ Ստավրոպոլ քաղաքից ինքը չի ցանկանում, որ հայերը ապրեն ադրբեջանցիների հետ կողք կողքի, և թեկուզ գրում է ռուսատառ, բայց իր պատկերացմամբ՝ հայերեն, հաճախ նույնիսկ գերազանց ռուսերենի և հայերենի տիրապետումը չի օգնում լիարժեք հասկանալ, թե ինչ է ցանկացել ասել այդ հայորդին: Մի փոքր մաս էլ բնակվում է ԱՄՆ-ում և, բնական է, նույնպես չի ուզում ապրել ադրբեջանցիների հետ կողք կողքի և անընդունելի է համարում իմ ասածը:

Հետաքրքիր մի տեսակ էլ կա, որ աչքի է ընկնում հայհոյանքների շքեղությամբ, և վստահ կարող եմ ասել, թե որքան շքեղ են հայհոյանքերը, այնքան հեռու են ապրում նրանք Հայաստանից և այդքան արագ էլ անհետանում են, երբ փորձում ես կապ հաստատել և հասկանալ, թե ինչն է այդքան զայրացրել Ստավրոպոլում ապրող, իր էջում Հիսուսի և զենքի նկարներ տեղադրող և մեքենայի սպիդոմետրը վիդեո նկարած այդ հայրենասեր երիտասարդ հայորդուն:

Բայց չկարծեք, թե բողոքում եմ կամ նեղսրտում, պարզ է, որ հանրային մարդը, քաղաքական գործիչը կարող է և պետք է քննադատվի, այն էլ մեր ժամանակներում, երբ նույնիսկ իրենց թոռների և մազերի սանրվածքների շքերթով փայլող կանայք չեն խորշում վերջին հայհոյանքները տալ և լսել:

Հակառակը, թող սովորեն, լսեն, ֆիքսեն, որ ամեն բան անելու եմ, որ խաղաղություն լինի, որ իրենք էլ հանգիստ, չվախենալով ոչինչից՝ վերցնեն իրենց  ընտանիքներին և վերջապես վերադառնան Հայաստանում ապրելու»։

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին