«Ատելությունը, թշնամանքը, վիրավորանքը պետք է դուրս մղվեն ԱԺ շենքից, քանի որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացիներն ընտրատեղամաս չեն գնացել, որ խորհդարանում ատելության խոսք տարածեն»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, ԱԺ-ի նիստի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ԱԺ 7-րդ գումարման իր գործընկերներին։
«Հպարտանում եմ ձեզանից յուրաքանչյուրով։ Շնորհակալ եմ, որ պինդ մնացիք, հավատարիմ մնացիք ձեր սկզբունքներին, թիմին և մեր երկրին։ Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ հպարտ, ուժեղ և իմաստուն ժողովրդին, որ այս բարդ ժամանակաշրջանում հերթական անգամ ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով ձևավորեց ՀՀ 8-րդ գումարման ԱԺ-ն։ Ընտրությունների անցկացման բարձր որակը փաստեցին բոլոր միջազգային դիտորդական կազմակերպությունները, հետագայում նաև ՍԴ-ն հաստատեց դրանց արդյունքները»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ շնորհավորելով նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին խորհրդարան անցնելու կապակցությամբ։
«Բոլորիդ խնդրում եմ և հորդորում, որ անկախ այսօրվա քվեարկություններում գրանցված արդյունքներից վերափոխվենք՝ հանուն հայ մարդու»,-ասաց Ալեն Սիմոնյանը։