Մենք ապօրինի ենք համարում Վլադիմիր Գասպարյանի և իր ընտանիքի շուրջ ձևավորված քրեադատավարական միջավայրը, որով փորձ է արվում պարոն Գասպարյանին ճնշել. ABC Media-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ անդրադառնալով Գասպարյանին պատկանող առանձնատունը քանդելու մասին տեղեկություններին։
«Դատարանի որևէ որոշում, որ տունն ապօրինի է, չունենք, որևէ տվյալ, որ սա ապօրինի գույք է, չունենք։ Տեսեք՝ ինչ է տեղի ունեցել իրականում․ Վլադիմիր Գասպարյանը բնակարաններով խրախուսել է ոստիկանության ծառայողների, ովքեր բնակարանային ապահովման կարիք ունեցել են իրականում, և նկատեք իր հետ ազգակցական որևէ կապի մեջ չգտնվող ծառայողներին։
Եվ սա դիտարկվել է որպես ապօրինի, որոշում է կայացվել՝ որպես պետությանը պատճառած վնաս, այդ բնակարանների արժեքը բռնագանձել Վլադիմիր Գասպարյանից»,- ABC Media-ին հայտնել է Կոչուբաևը։
Փաստաբանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ պետությունը չի դիմել դատարան այդ տները բռնագանձելու պահանջով, այլ գնացել է այն տրամաբանությամբ, որ սա պետությանը պատճառված վնաս է և, ըստ էության, պետք է ապամոնտաժել։
«Հանցագործության մասին հաղորդումը տվել է Վալերի Օսիպյանը, թե իբր Գասպարյանը ապօրինի պարգևատրել է ոստիկանության ծառայողներին։ Աբսուրդն այն է, որ հենց Օսիպյանն էլ Վլադիմիր Գասպարյանի ձեռքից վերցրել է բնակարանի բանալի։ Եվ պատկերացրեք իրավիճակ, եթե այդ փուլում առանձնացվել է ընդամենը երեք ծառայող, ապա ինչո՞ւ օրինակ Վալերի Օսիպյանի տունը ևս չի դիտարկվել ապօրինի։
Եվ սա բացառապես քաղաքական կոնտեքստ ունեցող որոշում էր։ Ի սկզբանե հակված էինք այն տեսակետին, որ գործընկերները մեղադրանքի կողմում սխալվել են և դատարանը կկայացնի օրինական որոշում, բայց, ցավոք սրտ, այդ որոշումը մենք չունեցանք և ներկայումս նախատեսում ենք Մարդու իրավունքների Եվրոպական դատարան գանգատ ուղարկել, որով, ըստ էության, փորձելու ենք արդեն Եվրոպական դատարանում հասնել Վլադիմիր Գասպարյանի լիարժեք արդարացմանը»,-ասել է փաստաբանը։
Դիտեք նաև՝


