allturkey-ի փոխանցմամբ՝ ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար (Երվանդունիք) գավառը, որը անվանվում է Թանգարան բաց երկնքի տակ, նշանավոր է ինչպես Վանա բերդով, Հայկաբերդով, այնպես էլ 40 ջրաղացներով, սակայն մոտավորապես 3 տարի է, ինչ պատմական ջրաղացները ոչնչացման եզրին են:
Հայերի կառուցած 40 ջրաղացները մի քանի մետր հեռավորությամբ կանգնած են կողք կողքի: Մինչև 2010 թվականը գործող 15 ջրաղացների աշխատանքը վերջին 3 տարիներին դադարեցվել է: Որոշ ջրաղացներ վերածվել են տների, իսկ մնացածներն էլ ավերված ու լքված վիճակում են:
Գյուրփընարի Դեղիրմենդուզու թաղամասի բնակիչ Շաքըր Յըլմազը, հայտնելով, որ ջրաղացները տարիներ շարունակ գործել են, նշել է. «Ես մեկն եմ, ով գիտի, թե ինչպես են ստեղծվել ջրաղացները, ինչպես են աշխատել, և թե ինչու է այժմ արտադրանքը դադարեցվել»:
Յըլմազը պատմել է, որ այդ ջրաղացները հայերին են պատկանել, կառուցել են հայերը: «Այն ժամանակաշրջանում հայերի` այս վայրերից հեռանալու հետևանքով գյուղացիները տիրել են այդ ջրաղացներին: Անվանումները նույնիսկ հայկական էին: Հայերի հետ կապված դեպքերից հետո մինչև օրս գործող ջրաղացները դեռևս 2 տարի առաջ կային և աշխատում էին: Սակայն վերջին երկու տարում մնացածներն էլ փակվեցին և ավերակների վերածվեցին:
Յըլմազը հավելել է, որ ջրաղացները փակելու պատճառներից մեկը 90-ական թվականների գաղթն է, որի հետևանքով գյուղերը դատարկվել են, այս կառույցներն էլ ավերվել են: Իսկ մյուս պատճառն այն է, որ ջրաղացների աշխատանքը ապահովող ջրի մատակարարումը դադարեցվել է:
Յըլմազը ասաց, որ տարեց գյուղացիների համար մեծ անցյալ պահպանող ջրաղացներից մեկը սկսել են վերանորոգել:
Հավելենք նաև, որ գյուղացիներից մեկը՝ Մուստաֆա Գյուլը, դատական հայց էր ներկայացրել ընդդեմ թուրքական ջրմուղի, քանի որ պետական ընկերությունը դադարեցրել է ջրի մատակարարում, ինչը պատճառով ջրացաղները շարքից դուրս են եկել: Սակայն դատական գործն արդյունք չի տվել: