ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է «Հրապարակ» օրաթերթում զետեղված հոդվածին, որը վերաբերում է իր՝ բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում արգելվելու մասին օրենսդրական նախաձեռնությանը:
Թերթը հեգնական տոնով է անդրադարձել Հրաչյա Հակոբյանի նախաձեռնությանը, որին նույն տոնով պատասխանել է պատգամավորը:
«Վարչապետի աներորդի, պատգամավոր Հրաչ Հակոբյանի նախաձեռնությամբ դեռ նախորդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախագիծ էր ներկայացվել, որով արգելվելու է բուքմեյքերական ընկերությունների գովազդը հեռուստատեսությամբ եւ առցանց տիրույթում, ինչը ֆինանսական մեծ հարված կլինի լրատվամիջոցներին, որոնք հիմնականում գովազդից են ֆինանսավորվում, իսկ Հայաստանում քանի որ տնտեսությունը չի զարգանում, ուստի, գովազդատուները հիմնականում բուքմեյքերներն են», - ասված է թերթում տպագրված հոդվածի առաջին պարբերությունում։
Հակոբյանի պատասխանը, որը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում հետեւյալն է. «Վարչապետի նախկին աշխատակցուհի, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի զոքանչի թերթը իմ ներկայացրած օրինագիծը համարում է առնվազն ԶԼՄ-ների ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ դեմ ուղղված քայլ:
Պարզաբանում.
1. Օրենքը ոչ միայն լրատվամիջոցներում բուքմեյքերական ընկերությունների գովազդը արգելելու մասին է, այլ առհասարակ բուքմեյքերական ընկերությունների բոլոր տեսակի գովազդները ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ մասին է:
2.Ավելին, երբ օրինակ արտաքին գովազդի (վերգետնյա անցումներ, փողոցային վահանակներ, կամուրջներ, վերելակներ....) դեպքում ընդհանրապես գովազդը կարգելվի, ապա ես նախաձեռնել եմ հանդիպում, որպեսզի լրատվամիջոցների հետ քննարկենք այս հարցը եւ միգուցե կայքերում գովազդի չափի սահմանափակում լինի, կամ վիդեո տարբերակների դեպքում, վայրկյանների սահմանափակում լինի, եւ այլն:
3.Երբ երեկ Հրապարակ օրաթերթի լրագրողի հետ հեռախոսազրույց ունեցա այս թեմայի շուրջ, այդ իսկ պահին իրենց ասացի որ իրենց ներկայացուցչին նույնպես հրավիրում եմ այսօրվա քննարկմանը: Սակայն նյութում գրել են, որ հրավեր չեն ստացել:
4.Րոպեներ առաջ ինձ զանգահարեց Հրապարակ թերթից մի լրագրող եւ ասեց, որ ինչքանով տեղյակ է նրանք այսօրվա քննարկման հրավեր ունեն, կարող է ինքը մասնակցել այդ քննարկմանը: Եւ չնայած նրան որ հրավերը եղել է կամ լրատվականների տնօրեններին, կամ գովազդի բաժնի պատասխանատուներին, այնուամենայնիվ համաձայնեցի որ Հրապարակ թերթի ներկայացուցիչը լինի լրագրող»: