▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը բժիշկներ կայցելեն Հովհաննես Հարությունյանին

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը կլինի առողջապահության նախարարության հսկողության ներքո։ Փոխնախարար Վահան Պողոսյանը նախարարություն այցելած հարազատներին խոստացավ այսօր իսկ  մասնագետ գործուղել Դատապարտյալների հիվանդանոց։

«Մենք մասնագիտական նոր խումբ հենց էսօր կկազմակերպենք, սահմանված կարգով կուղարկենք այնտեղ, կգնան կտեսնեն՝ ինչի կարիք ունի ինքը, կտեսնենք բուժման ամբողջական տակտիկաները ի մի կբերենք ու կկազմակերպենք աշխատանքը»,- ասաց փոխնախարարը։

Հովհաննես Հարությունյանի քույրը՝ Թամարա Հարությունյանը, հատկապես վերջին շրջանում ահազանգում է եղբոր առողջական վիճակի մասին։ Քույրը պնդում է՝ եղբայրն անհապաղ վիրահատության կարիք ունի, սակայն բժիշկները տարբեր պատճառաբանություններով հետաձգում են այն։

«Երբ իմացա նրա ոտքը կտրելու ցանկության մասին, խելագարվեցի։ Երբ Հովհաննեսը կանգնում է, իր ոտքերը ահավոր տարբեր են, հիվանդ ոտքը նիհարել է մինչև կոնքը։ Ոտքի  տարբերության տեսարանը ցնցող է»,- բացատրում է Թամարա Հարությունյանը։

«Ես հեռու եմ այն մտքից, որ բժիշկները որևիցե մի առումով բուժման փուլերում թերացել են։ Խոսեցի բուժող բժշկի հետ, բոլոր գրառումներն արված են, հետազոտություններն արված են»,- հակադարձեց Վահան Պողոսյանը։

Մինչ փոխնախարարի մոտ գնալը,  Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակով մտահոգ քաղաքացիները   Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում էին։ Նրանք օմբուդսմենից պահանջեցին միջնորդել, որպեսզի բժիշկներից ու հարազատներից կազմված պատվիրակությունը տեսակցի Հովհաննես Հարությունյանին։  Հարազատները պահանջում են նաեւ անհապաղ վիրահատություն։ Այդ հարցով Օմբուդսմենն արդեն դիմել է իշխանություններին։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանը դատապարտյալների հիվանդանոց է տեղափոխվել հուլիսի 26-ին՝ Էրեբունու ՊՊԾ շենքի մոտ ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո։ Նա մեղադրվում է շենք-շինություններ գրավվելու եւ  ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու և կրելու մեջ։ Հովհաննեսը մեղադրանքը չի ընդունում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին