▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայքի համայնքապետը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջ ընկերության հետ

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

/filemanager/uploads/2022/08/week-2/Mxitar_Mxitaryan.jpg

Այս մասին գրում է Hetq.am-ը։

Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ 

Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։ 

Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։

Իսկ ամենախոշոր պայամանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։

Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով՝ «Մավշին» ՍՊԸ-ն 2013 թվականի հունվարի 16-ին հիմնադրել է Մխիթար Մաթևոսյանը` հայրենի Զառիթափ գյուղում։ Մինչև 2022 թվականի փետրվարի 16-ը ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանել է Մաթևոսյանին, սակայն դրանից հետո թե՛ իր բաժնեմասը, թե՛ տնօրենի պաշտոնը փոխանցել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։

2021 թվականի հոկտեմբերի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մխիթար Մաթևոսյանը նշանակվել է Վայք համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021թ․ դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին Վայքում գլխավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, և արդյունքում՝ ընտրվել համայնքի ղեկավար։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին