ԱԺ -ում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն շատ վրդովված ելույթ ունեցավ: Նա իր խոսքում ասաց, որ որևէ մեկը իրավունք չունի իր անձնական բոնուսները հավաքելու համար շահարկել առաջնագծում զոհված մեր զինվորների արյունը:
Պտտվելով «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ուղղությամբ՝ նա հայտարարեց. «Վեր ընկեք ձեր տեղը, եւ ձեր խնդիրները փորձեք լուծել բացառապես քաղաքական բանավեճի բարոյական շրջանակում: Սա անբարոյական է»:
«Բացարձակ անբարոյական է այստեղ առաջնագծում զոհված զինվորների արյունը շահարկելը: Որեւէ քաղաքական ուժ իրավունք չունի իր ճղճիմ քաղաքական բոնուսները հավաքելու համար զոհված զինվորների արյունը շահարկել՝ դարձնելով քաղաքական շահարկման առարկա: Նրանց ծնողները մեզնից որեւէ մեկին իրավունք չեն տվել այստեղ իրենց քաղաքական դիվիդենտները հավաքելու համար շահարկել զոհվածների անունը: Մեկը հերոսական առկախումներով, մեկը ինչ-որ ընդդիմադիր մուրաբաների, ընդդիմադիր պրոտեզների մասին ճառեր ասելով: Կաստինգ է սկսվել, դեֆիլ է սկսվել, ժողովուրդ ջան, ես եմ իրական ընդդիմադիրը, ես եմ ուզուրպացրել ընդդիմության տիտղոսը:Հանգիստ եղեք, ժողովուրդը, մեզնից ու ձեզնից ավելի լավ գիտի բոլորի արժեքը: Այնպես որ, մի փորձեք Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել ու վիճարկել, թե ով է իրական ընդդիմադիրը»,-զայրացած ասել է Նաիրա Զոհրաբյանը: