▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խաչիկյանին պատժում են, որ անուններ չտա՞. «Ժողովուրդ»

 

Ամբաստանյալի աթոռին հայտնված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին,  ըստ էության, որոշել են պատժել ոչ միայն յուրացումների, այլեւ՝ հանկարծ չփորձի անցանկալի անուններ տալ:

 

Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչեւ 2010թ. դեկտեմբերի 17-ը կեղծ դիմումներ պատրաստելով՝ կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով հափշտակել էր ընդհանուր՝  260 մլն 956 հազար ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել էր պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29 մլն դրամ գումարը: Այս արարքի համար Խաչիկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ խոշոր չափերի յուրացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի խարդախություն, եւ 314-րդ հոդվածով՝ պաշտոնական կեղծիքի հատկանիշներով:

Շուրջ 1, 5 տարի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող այս գործը նոր ընթացք է ստանում: Երեկ դատարանը Խաչիկյանին եւ այս գործով անցնող ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանին, Հովհաննես Գրիգորյանին եւ Սամվել Էլբակյանին  նոր, առավել խիստ մեղադրանք առաջադրեց: Նրանց առաջադրված 3 հոդվածներով մեղադրանքներին գումարվեց 4-րդը՝  ՀՀ ՔՕ 38-րդ հոդվածը, որը վերաբերում է պաշտոնական կեղծիք կազմակերպելուն: Այսինքն՝ նրանք իրականացրել էին պաշտոնական կեղծիք, հիմա մեղադրող կողմը համոզված է, որ նաեւ կազմակերպել են: Սրա հետեւանքով 7 մլն դրամով ավելացվել է նաեւ յուրացված գումարի ընդհանուր չափը:

Բայց սա դեռ վերջը չէ: Երեկ դատարանում «Ամերիա» բանկի ներկայացուցիչը ներկայացրեց բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի դիմում-բողոքը, ըստ որի` Վ. Խաչիկյանը չի կատարել բանկի նկատմամբ մոտ 60 մլն ՀՀ դրամի վարկային պարտավորությունը: Պարզվում է, որ Վազգեն Խաչիկյանը վարկ էր վերցրել՝ Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող իր բնակարանը գրավադրելով, սակայն երբ կալանավորվել է, նրա բնակարանի վրա  կալանք  է դրվել: Այսինքն՝ Խաչիկյանը հայտնվելով դատարանում, չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները, ինչի հետեւանքով երեկ դատարանում բանկի ներկայացուցիչը միջնորդություն ներկայացրեց՝ խնդրելով Խաչիկյանի բնակարանի վրայից հանել արգելանքը, որպեսզի բանկը կարողանա վաճառել այն եւ մարել կուտակված պարտքը: Դատարանն էլ որոշեց  բավարարել բանկի միջնորդությունը: Ասել է թե՝ մեղադրանքը խստացրեցին, յուրացման գումարը ավելացրեցին հերիք չէ, բնակարանն էլ վերցրեցին Խաչիկյանի ձեռքից:

 

Ինչո՞ւ են պատժում

Խաչիկյանին

Դեռեւս 2012թ. «Ժողովուրդ»-ը գրել էր, որ  Խաչիկյանը գործը վարող քննիչներին ասել էր՝ եթե ինքը որոշի ցուցմունք տալ, ապա պետք է ասի այդ գործում ներգրավված բոլոր անձանց անունները, հակառակ դեպքում՝ կլռի: Ինչպես տեսնում ենք, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Մինչ Խաչիկյանը կհասցներ անուններ տալ, նրան «շնչելու ժամանակ» էլ չեն տալիս: Հետաքրքիր է՝ այսքանից հետո Խաչիկյանը էլի՞ կվախենա անուններ տալ, թե՞ այնուամենայնիվ, բոլորին հետեւից կտանի կալանախուց: Այս հարցի պատասխանը «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ստանալ Խաչիկյանի եղբորից, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանից: Սակայն վերջինս ասաց, թե ոչնչից տեղյակ չէ՝ անջատելով հեռախոսը:

 

Հեղինակ`

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին