Անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության լուծել հիմնախնդիրը: Ղարաբաղի հարցը լուծելու է Արցախի ժողովուրդը, առանց նրա մասնակցության` անհնար է այս խնդրի լուծումը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, Ստեփանակերտում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանից մեկնած մի խումբ երիտասարդների հետ հանդիպմանն ասաց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: «Երբ Ղարաբաղը մասնակցի բանակցությանը, կարող եք ակնկալել, որ մի քանի տարի հետո խնդիրը կլուծվի»,-համոզված է Հակոբյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստնի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքին, Հակոբյանի խոսքով, Արցախի նախագահը բավական կոշտ դիրքորոշում է հայտնել: «Իհարկե, շատ վատ է, որ մեր դաշնակիցը զենք է վաճառում մեր հակառակորդին: Անկախ նրանից, թե զենքը որտեղից է գնում Ադրբեջանը, դա կիրառվելու է մեր դեմ, և դա շատ վատ է մեզ համար: Ամեն օր պատրաստ ենք պատերազմի: Պատերազմի վերսկսումն այս պահի դրությամբ մեզ նորից բերելու է հաղթանակ: Իմ զինվորն այսօր դրան է պատրաստ»,-ընդգծեց Հակոբյանը:
«Վերջերս նաև փոքրիկ Ալիևը հայտարարություն է արել, թե իբր հավակնություններ ունի Զանգեզուրի մասով, իհարկե, դա անհեթեթություն է, և որևէ մեկը չի կասկածում, որ դա երբևէ իրականություն չի դառնալու: Արցախի ժողովուրդը և ողջ հայ ժողովուրդը մի շատ կարևոր հետևություն է արել, որ մենք այլևս կորցնելու բան չունենք: Այս վերջին իրադարձություններն էլ վառ օրինակ են եղել, որ մեր հասարակությունը պատրաստ է ամեն կերպ պահել իր հողը: Բոլորը համախմբվեցին մեկ խնդրի շուրջ և ապացուցեցինք, որ մենք միահամուռ ենք, միասնական ենք և պատրաստ ենք մեր խնդիրը լուծել: Այսօր մեր զինվորը ևս մեկ անգամ ազդակ ուղարկեց, որ պետք է համախմբված լինել և պետական շահը վեր դասել ցանկացած շահից»,-ասաց Արցախի ՊԲ հրամանատարը:
Նա նաեւ աննախադեպ է համարում լրատվամիջոնցերի արձագանքը վերջին դեպքերին, բայց չափից շատ լուսաբանումը ևս, ըստ նրա, վտանգավոր է: «Ավելի մեծ վտանգ կա, երբ սկսում են բանակը գովաբանել: Մենք որեւէ առանձնահատուկ բան չենք արել, սա մեր պարտականությունն է: Ես միանգամից հանդես չեկա հայտարարությամբ, եթե նկատել եք, այլ իրավիճակը գնահատելուց հետո միայն»,- նկատեց Հակոբյանը:
Կարդացեք նաև` Ադրբեջանցի դիվերսանտները դատվելու են ԼՂՀ օրենսդրության համաձայն.Մովսես Հակոբյան