ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ելույթը ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում
Իր խոսքում Աննա Հակոբյանն ասել է․
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների սիրելի ունկնդիրներ
Պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաներ, հյուրեր
Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում, հանդիպել ձեզ, իմ խոսքն ուղղել ձեզ, ապա նաև հույս ունեմ անկեղծ զրույց ունենալ ձեզ հետ։
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգությունը պաշտպանող կառույցներն ու այդ կառույցներում աշխատող մարդիկ առանձնահատուկ ակնածանք են վայելում մեր ողջ ժողովրդի կողմից, որովհետև մենք մեր ապրած յուրաքանչյուր խաղաղ օրվա համար պարտական ենք ձեզ։
Դուք եք, որ օր ու գիշեր ձեր ջանքերը ներդնում եք մեր երկրի սահմաններն ամուր պահելու, արտաքին վտանգները գնահատելու և կանխելու գործում։
Դուք եք, որ վտանգի պարագայում առաջինն եք կանգնելու դրան դեմ հանդիպման՝ չխնայելով ձեր կյանքն ու առողջությունը և ապահովելով Հայաստանի և Արցախի քաղաքացիների բնականոն կյանքն ու անհոգ քունը։ Այդպես եղել է, և այդպես կլինի, քանի դեռ մենք չենք հասել մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Բայց ո՞րն է է այս օրվա խորհուրդը։
Դա Պաշտպանության համակարգում կանանց ներկայությունն ու ներգրավվածությունն է։ Ամբողջ աշխարհում բոլոր առաջատար վերլուծական կենտրոնների հետազոտությունները հանգել են այն եզրակացության, որ կանան ներկայությունը անվտանգության և պաշտպանության խնդիրներում խիստ շահեկան է յուրաքանչյուր երկրի համար։ Բոլոր զարգացած երկրները վաղուց արդեն իրենց առաջ խնդիր են դրել մեծացնել կանանց թիվը իրենց պաշտպանական համակարգերում, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ ավելի արդյունավետ են այն զինված ուժերը, որտեղ կանայք ավելի մեծ ներկայություն ունեն։ Բացի դրանից, ըստ միջազգային հետազոտությունների՝ աշխարհն ավելի խաղաղ ու անվտանգ կլինի, եթե կանայք ավելի լուրջ և խորքային դերակատարություն ունենան պաշտպանության և անվտանգության հարցերում և, առավել ևս, հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացներում։ Եվ կրկին տարբեր տարածաշրջանների հակամարտությունների պատմությունը ցույց է տալիս, որ խաղաղությունն ավելի կայուն և երկարաժամկետ է լինում ավելի հաճախ այն պարագայում, եթե համաձայնագրերի կնքման գործում, միջնորդական առաքելություններում մեծ է լինում կանանց դերն ու մասնակցությունը։
Ի՞նչ է սա նշանակում։ Իմ կարծիքով՝ սա նշանակում է, որ մենք հեծանիվ հորինելու կարիք չունենք։ Առավելագույնը կարող ենք ուսումնասիրել այս հետազոտությունները, համոզվել դրանց ճշմարտացիության մեջ և բացել մեր բանակի ու անվտանգության և պաշտպանական մյուս կառույցների դռները կանանց առջև։
Այսօր կանանց ընդհանուր թիվը բանակում 12 տոկոս է։ Սա, թերևւս, փոքր թիվ է՝ հաշվի առնելով վերը նկարագրածը և այն, որ մենք ապրում ենք սառեցված հակամարտության կամ ավելի ճիշտ սողացող պատերազմի ժամանակաշրջանում։ Պարզ է, որ մենք ունենք մեր կարծրատիպերը, հայ ընտանիքները այնքան էլ չեն ողջունում իրենց աղջիկ երեխաների՝ ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելու ցանկությունը, ուր մնաց՝ ՊՆ, Ոստիկանություն կամ ԱԱԾ համակարգերում սովորելու և աշխատելու ցանկության մասին։ Թերևս ժամանակն է, որ մենք սկսենք վսըահել և հավատալ մեր կանանց և աղջիկներին, նրանց մասնագիտական հնարավորություններին՝ զուգորդված նրանց խոհեմության, առաքինության ու հավատարմության հետ։ Մեր հայրերը, եղբայրներն ու ամուսինները պետք է վստահ լինեն, որ իրեց դուստրը, քույրը, կինը, հարսը կարող է միաժամանակ բարձրակարգ մասնագետ որևէ ոլորտում, այդ թվում՝ պաշտպանության, և լավ կին ու մայր՝ ընտանիքում։ Իսկ որպեսզի նրանք կարողանան դրան հավատալ, մենք պետք է ավելի նախաձեռնող լինենք, համոզենք նման հնարավորություն տալ մեզ և մեր աշխատանքով և կյանքով ապացուցենք վերը նշվածի հնարավորությունը։
Ի վերջո մենք Սոսե Մայրիկի, Գևորգ Չաուշի կնոջ՝ Հեղինեի, Եղիշե պատմիչի նկարագրած՝ Ավարայրի ճակատամարտում զենքը ձեռքներին մաքառած ‹‹Հայոց աշխարհի փափկասուն տիկնանց›› սերունդներն ենք, մենք լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի օրինակն ունենք մեր աչքի առջև։ Եվ վերջապես՝ քնքուշ ու կանացի, բայց հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում՝ ամուր ու աննկուն հայ կնոջ կերպարը լավագույնս նկարագրված է ժողովրդական բանահյուսության մեջ։ Հիշենք, օրինակ, ‹‹Անահիտ›› հեքիաթը․ ‹‹Քաջարի օրիորդներն ու տիկիններն էլ երբ որ իմացան, որ թագուհին պիտի առաջնորդե զորքին, նույնպես զրահավորվեցին և ձիավորվելով շրջապատեցին թագուհուն››։ Սա է հայ կնոջ իրական կերպարը և մեր երկրի, մեր ընտանիքների շահերից է բխում, որ մենք վերականգնենք այս կերպարը մեր ամուսինների, հայրերի, եղբայրների և փեսացուների աչքում, շահենք նրանց վստահությունն ու հարգանքը՝ մեր նպաստը բերելով Հայաստանի ու Արցախի անվտանգության ամրապնդմանը և խաղաղության վերջնական ու երկարաժամնկետ ահստատմանը։ Մանավանդ, որ՝ այդ հարցում ունենք նաև ժամանակակից ոգեշնչող օրինակներ՝ ի դեմ այսօևր այս սրահում ներկա կանանց և աղջիկների։ Մեկ անգամ ևս շնորհակալ եմ այս հանդիպման հնարավուության համար և սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։