▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ղեկավարներն իրենց մոտ կանչեցին Երևանի ճանաչված գողերին, բացատրեցին. Հայաստանի ու հայի պատվի խնդիրն է

newmag.am-ը գրում է. Երկրորդ համաշխարհայինից հետո Երևանում արդեն հայտնի հեղինակություններ էին Արամայիսը, Աղվանը (այս երկուսը ծնվել և ապրել են Կրասնոդարում, Գոգոլևսկի 75 հասցեով տան բակում, որը հայտնի էր «Արմյանսկի դվոր» անվամբ, բայց հաճախակի լինում էին Երևանում, ու Երևանի գողերը հարգում էին նրանց): Ճանաչված հեղինակություն էր Շիլաչու Կարպիսը, որի ծնողները Հայաստան էին ներգաղթել 1945 թվականին: Բավական թիկնեղ (մոտ 1մ 85սմ), ֆիզիկապես ամուր այս տղամարդու հետ խոսողները բնավ չէին կարող մտածել, որ իրենց դիմաց գող է կանգնած: Կարպիսը հիմնականում խաղամոլ էր: Բիլիարդ, թղթախաղի տեսակներ, նարդի, այս խաղերում նա արժանի մրցակիցներ քիչ ուներ: Միության ողջ տարածքով շրջագայում էր Կարպիսը` «ցուցադրական խաղեր» տալով և, իհարկե, զգալի գումարներ շահելով: Նա կարոտով չէր թողնում նաև Երևանի խաղամոլներին, ովքեր ամիսներ շարունակ փող էին հավաքում, որպեսզի Երևան «հյուրախաղերի» եկած Կարպիսի հետ խաղասեղանի մոտ նստեին, թեև գիտեին, վստահ էին, որ ամիսների իրենց խնայողությունները կհալվեն շատ կարճ ժամանակում:

– Ուզում եմ հիշատակել մի անախորժ դեպք, որ կատարվել է Կարպիսի եղբայրների ու Գժոյան եղբայրների միջև,- հիշում է Լևոն Սողոմոնյանը:-Ընկեր Մայիսը (Ասլանյան), որն աշխատում էր Բաբկենի հետ (Գժոյան), ընդհարվում է Կարպիսի եղբայր Հակոբի հետ: Այդ գործին խաոնվում է Հակոբի կրտսեր եղբայր Մեսրոպը, որը նոր էր վերադարձել սիբիրյան աքսորից: Մայիսի կողմից խոսակցությանը խառնվում Է Բաբկենը (Գժոյան)` իր Համբիկ տղայի հետ: Բավական մեծ վիճաբանության ժամանակ Գժոյանները դանակահարում են Հակոբին, որին տեղափոխում են հիվանդանոց: Դեպքի առիթով ձերբակալում են Հակոբի կրտսեր եղբորը և Բաբկենին: Ես տեղյակ չէի այդ դեպքին: Պատահաբար մեր տուն եկավ Կարպիսը և պատմեց եղելությունը: Ես խորհուրդ տվեցի, որ հաշտվեն միմյանց հետ, որպեսզի հնարավոր լինի բանտարկվածներին ազատել, այլապես երկուսին էլ կդատեն: Կարպիսի հետ գնացինք Մայիսի մոտ, երկար-բարակ խոսակցություններից հետո, որոնք, ի դեպ, ամիսներ տևեցին, որովհետև իմ խորհրդին չէին համաձայնում, վերջապես հասկացան, որ ձերբակալվածներին ազատելու միակ ելքը հաշտությունն է: Այս խոսակցությանը մասնակցում էր նաև Բաբկենի եղբայր Ռուբոն: Ի վերջո կարողացանք քրեական գործը կարճել տալ և տղաներին ազատ արձակել: Իր եղբայրական պարտքը կատարելուց հետո Կարպիսը կրկին մեկնեց Երևանից: Այդ դեպքից երեք տարի անց Կարպիսը հիվանդացավ քաղցկեղով ու մի քանի ամիս անց մահացավ Երևանում:

Անշուշտ, Լևոն Սողոմոնյանը լավ գիտե ետպատերազմյան տարիների Երևանը, և նրա խոսքին կարելի է վստահել: Այդ ժամանակներում իսկապես առասպելական համբավ ունեցող, գողական աշխարհի կանոնները խստորեն պահպանող հեղինակությունների հետ Երևանում ապրում ու «ստեղծագործում» էին գրպանահատները, մատնիչները («ծախողները»), «մատնոց խաղացնողները», խաբեբաները: Ի դեպ, քիչ չէին նաև ադրբեջանցի գողերը: Կոլխոզնիկների փողոցում ապրող Ափոն, Չամոն, Սաբիրը, Նարիմանովի նրբանցքում ապրող Նարիմանը, Դքի մայլից փոքր-ինչ վերև` «Դինամո» մարզադաշտի ճանապարհի տներից մեկում ապրող Ֆայկը, գրպանահատ Ռահիմը նույնպես ճանաչված էին Երևանում: Նրանցից ամեն մեկն իսկապես գտնված կերպար կարող է լինել հմուտ գրողի համար:

Մեկ նկատառում. Հայաստանում, Երևանում ծնված տղաներն առավել մեծ ճանաչման են արժանացել Խորհրդային Միությունում, եթե մշտական բնակության կամ երկարատև մեկնում էին Մոսկվա, Լենինգրաղ, Միության խոշոր կենտրոնները: Ու, այսպես, այդ լայնատարածք երկրի տարբեր վայրերում մենք տեսնում էինք և այսօր էլ տեսնում ենք հայերի: Պատերազմից հետո Երևանում հաճախ էր հոլովվում Կոնդում ապրող Կառլենի անունը, որը հայտնի էր «Կուլակ» մականունով: Նա հաճախ էր հայտնվում Խորհրդային Միության բանտերում և գաղութներում: Նրա ազատությունները կարճ էին տևում: Ամեն անգամ նա թեթևամտորեն իրեն փորձության էր տանում: Այդպես եղավ նաև այն օրը, երբ Կուլակը բավական կասկածելի մի անձնավորության` Երևանի կրկեսի հարևանությամբ ապրող Սերգոյի և երկու կանանց հետ մեկնեց Չարբախի ծիրանանոցները` «քեֆ քաշելու»: Ճանապարհին հանդիպած մի քանի տղաներ կանանց հասցեին մի քանի «փաղաքշական» խոսք են ասում: Զայրացած Կուլակը և Սերգոն ծեծկռտուքի մեջ են մտնում: Բայց երբ Սերգոն տեսնում է ուժերն անհավասար են (նրանց դեմ կանգնել էին մի փոքր գինովցած հինգ տղամարդ), անմիջապես դիմում է փախուստի: Միայնակ մնացած Կուլակը ստիպված դանակ է հանում, պատասխան հարված հասցնում տղաներից մեկին, որն էլ հիվանդանոցում մահանում է: Պարզվում է` Երևանի Լենինյան շրջանի ՆԳԲ պետի քրոջ տղան է: Կուլակը փախչում է Հայաստանից, հասնում Օդեսա և փորձում արտասահման մեկնող նավով հեռանալ: Սակայն նրան հայտնաբերում են, և նա փախչում է Միջին Ասիա` թաքնվում ծանոթներից մեկի տանը: Միլիցիայի աշխատակիցները Սերգոյի օգնությամբ Կուլակին Միջին Ասիայում հայտնաբերում են: Սերգոյի տված ցուցմունքների հիման վրա նրան ձերբակալում են և դատապարտում մահապատժի:

Կրիմինալ աշխարհի մասին պատմող իմ գրքերում («Գողերի աշխարհը», «Ուռկանի մեջ թպրտացող ձկներ», «Գողական աշխարհ-2», «Գայլի թակարդ», «Գայլաորս», Սվո Ռաֆի մասին 3 գրքերում), նաև մամուլին ու հեռուստատեսությանը տված իմ հարցազրույցներում միշտ շեշտել եմ, որ բնավ միտք չունեմ իդեալականացնել կրիմինալ աշխարհը և այդ աշխարհի հեղինակություններին: Պարզապես ես նկարագրել եմ այդ աշխարհի ամբողջ սարսափը, նրա դաժանությունները, մարդկային ճակատագրերի շեղումը: Իմ նպատակը մեկն է. բնավ պետք չէ ռոմանտիկ պատկերացնել կրիմինալ աշխարհը: Ավելին, որքան հնարավոր է պետք է հեռու մնալ այդ աշխարհից:

Այնքա՜ն խութեր, մութ անկյուններ կան այդ աշխարհում, հզոր անհատականությունների կողքին այնքան ստահակներ կան այդտեղ, այնքան վատահամբավ մարդիկ: Բայց հանուն ճշմարտության պետք է նշել, որ այդ աշխարհում էլ երբեմն բարոյական այնպիսի բարձր արժեքներ են լինում, որ մարդ զարմանում է: Այդպիսի մի դեպքի մասին տարիներ առաջ ինձ պատմել է հրաշալի գրող, բյուրեղյա մաքրության տեր մի մարդ` Ոստիկանության փոխգնդապետ Սարգիս Հոռոփյանը, որն ընթերցողին հայտնի է իր «Գողը» վեպով: Ավա՜ղ, նա իր երկրային կյանքի ժամանակ առանձին գրքով տպագրված չտեսավ վեպը, մի գործ, որը շատ բարձր էր գնահատում հայ գրականության խիղճը` Հրանտ Մաթևոսյանը: Եվ այսպես, ահա, թե Սարգիս Հոռոփյանն ինչպես է ներկայացնում 1950-ական թվականների վերջերի Հայաստանի կրիմինալ աշխարհը:

1958 թվականին Մոսկվայում անցկացվում էր երիտասարդության համաշխարհային ֆեստիվալը: Եվ ինչպես ընդունված էր Խորհրդային Միությունում, տարբեր երկրների պատվիրակությունների անդամները 1-2 օրով հյուրընկալվում էին միութենական հանրապետություններում: Երևան էին եկել Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամները, իջևանել էին «Երևան» հյուրանոցում: Հենց առաջին օրը երեկոյան պարզվեց, որ բրիտանացի պատվիրակների մոտից զգալի մի գումար է կորել: Այս մասին հյուրանոցի ղեկավարությունն անմիջապես տեղեկացրեց Հայաստանի ներքին գործերի կամ, ինչպես այն ժամանակ էր կոչվում, հասարակական կարգի պահպանության նախարարության ղեկավարներին: Միջազգային մեծ սկանդալի հոտ էր գալիս: Նախարարության աշխատակիցները հարցաքննեցին հյուրանոցի աշխատակիցներին: Սակայն ոչ ոք ոչինչ չէր կարող ասել: Ժամանակը քիչ էր, շատ քիչ: Հաջորդ առավոտյան պատվիրակությունը մեկնելու էր:

Եվ նախարարության ղեկավարներն իրենց մոտ կանչեցին Երևանի ճանաչված գողերին, նրանց, որոնց խոսքն օրենք
էր կրիմինալ աշխարհում: Բացատրեցին, որ դա մեծ ամոթ կլինի ոչ միայն երկրի, այլև` հենց Հայաստանի ու հայերի համար: Պետք է գտնել գումարը, որը հավանաբար թռցրել է Երևանի գողերից մեկը. Հայաստանի ու հայի պատվի խնդիրն է: Համարձակ քայլ էր, որն արդարացվեց: Կեսգիշերն անց ֆունտստեռլինգների մեծ կապոցը բերվեց նախարարություն: Իսկ մյուս օրն առավոտյան բրիտանացի պատվիրակներին ասվեց, որ պատահաբար նրանք այդ փողը դրել էին հյուրանոցի համարի փոքրիկ պահարանիկը և մոռացել: Ամեն ինչ արվեց բարձր մակարդակով:

Գողական աշխարհում, իհարկե, հետո այս միջադեպը քննվեց, մեղավորն ստացավ իր պատիժը: Սակայն կարևորն այն է, որ զուտ կրիմինալ օրենքները ստորադասվեցին ավելի բարձր արժեքների: Այո, ետպատերազմյան տարիների Երևանի կրիմինալ աշխարհը որքան էլ դաժան ու բարբարոս, բայց և կառավարելի էր, կառավարելի էր հենց կրիմինալ հեղինակությունների շնորհիվ: Ավա՜ղ, այդ ժամանակներն անցել են, և այժմ քաոս է տիրում:

Հեղինակ` Սերգեյ Գալոյան

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին