▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խենթություններս դեռ առջևում են. Շուշաննա Թովմասյան

Կան սերիալային դերասաններ, որոնց հասարակությունը գրեթե չի հիշում, սակայն նույնը չենք կարող ասել «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում Էլենի կերպարը մարմնավորած Շուշաննա Թովմասյանի մասին, ում հիշում են և ում մասին կարելի է լսել թե՛ դրական, և թե՛ բացասական կարծիքներ: Դերասանուհուն  զայրացնում են իր մասին լսած բոլոր ասեկոսեները: Այս և այլ մանրամասների շուրջ  ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Շուշաննա Թովմասյանի հետ:

 -Մանկությունից մնացած մի հուշ,  որը  միշտ  ժպիտով  եք  հիշում:

-Միշտ ժպիտով եմ հիշում այն, երբ ծնողներիցս թաքուն կտրել էի մազերս (չոլկա):

Դերասանի  համար  որքանո՞վ  եք կարևորում մասնագիտական կրթությունը, և ի՞նչ է  Ձեզ տալիս Թատերականում սովորելը:

-Իհարկե  կարևորում  եմ  մասնագիտական  կրթությունը, բայց  լինում են դեպքեր, երբ կա տաղանդ առանց կրթության: Դեռ մեկ տարի է, ինչ ես սովորում եմ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, և կարծում եմ, որ դեռ ամեն ինչ առջևում է, որպեսզի  ստանամ լավ և որակյալ մասնագիտական կրթություն:

-Շատ հաճախ դերասանին նույնացնում են կերպարի հետ: Ձեր անձը որքանո՞վ է նման «Էլեն» կերպարին:

-Այս հարցին բազմիցս անդրադարձել եմ, բայց ևս մեկ անգամ սիրով կկրկնեմ, որ ես շատ էի սիրում էլենի կերպարը: Իսկ ինչ վերաբերվում է նմանություններին,ապա կավելացնեմ, որ իմ և կերտածս կերպարի միջև, այո՛, կային  ընդհանրություններ, բայց տարբերությունները ևս շատ էին:  Ժամանակի ընթացքում ես և մարմնավորած կերպարս դարձել էինք ներդաշնակ:

 -Այսօր էկրանին չեք երևում: Ինչո՞ւ

-Կարծում եմ, որ երկու տարի շարունակ հեռուստաէկրանին լինելը  բավարար ժամանակ է, որպեսզի անցնեմ տրամաբանական դադարի, և կարծում եմ, որ այս դադարը ուղղակի անհրաժեշտ է:

-Մարդկային   ո՞ր   որակներն   եք   առաջնային   համարում:

-Անկեղծությունը, անմիջականությունը և պատասխանատվության զգացումը:

-Ձեր  կյանքի  ամենահիշարժան  հանդիպումը:

-Դեռևս սերիալի նկարահանումների ընթացքում  Սուրբ Սարգիս եկեղեցու բակում՝ Էլենի և Գոռի ձախողված հարսանեկան արարողության ժամանակ հանդիպեցի  այժմ ինձ համար շատ հարազատ դարձած մի անձնավորության:

-Ո՞րն   է   եղել   Ձեր   ամենամեծ   խենթությունը:

-Կարծում եմ, որ խենթությունները դեռ առջևում են (ժպտում է):

-Կա՞  մի   բան,  որի   հետ   չեք  համաձայնի:

–Կյանքում երբեք չեմ համաձայնի անարդարության հետ:

-Ի՞նչը   կարող  է  Ձեզ  վհատեցնել:

-Ինձ շատ են վհատեցնում սուտն ու ձախողումները:

-Ձեր   բնավորության   մեջ  ի՞նչը   կցանկանայիք  փոխել…

–Ես բնավորությամբ շատ անհամբեր մարդ եմ և կցանկանայի դա փոխել:

-Ձեր   թուլությունը:

–Սիրելի անձնավորությունս:

Ձեր   մասին   լսած   ասեկոսեներից   ո՞րն   է   Ձեզ   զայրացրել   և  ո՞րը   զվարճացրել:

-Ինձ շատ զվարճացրել է այն ասեկոսեն, որ իբր ամուսնացել եմ մի ամերիկաբնակ մեծահարուստ պապիկի հետ:  Եվ զայրացրել ու միշտ էլ զայրացնում են այն փաստը,որ  իմ մասին կեղծ լուրեր են տարածում:

-Ինչի՞   եք   պատրաստ   հանուն  Ձեր  սիրո:

-Հանուն իմ սիրո պատրաստ եմ դիմանալու ամեն մի դժվարության:

-Ի՞նչ   է   անկեղծությունը  Ձեզ  համար:

-Անկեղծությունն  ինձ համար ամենավեհ և ամենաբարդ երևույթն է:

-Ի՞նչ  ծրագրեր  ունեք  առաջիկայի  համար:

-Ծրագրերի մասին կարող եմ խոսել միայն սեպտեմբեր ամսից սկսած, իսկ այժմ պատրաստվում եմ մեկնել` վայելելու  ամառային հանգիստս:

 -Ի՞նչ   կմաղթեք   Ձեր  երկրպագուներին  և  հեռուստադիտողներին:

-Ես շատ բարձր եմ գնահատում նրանց ջերմ վերաբերմունքն իմ նկատմամբ, նույնիսկ հիմա, երբ չեմ նկարահանվում, նրանք չեն դադարում ոգևորել ինձ՝ իրենց մաղթանքներով, ուշադրությամբ  ու անակնկալներով, որը շատ պարտավորեցնող  է, և ես խոստանում եմ չհիասթափեցնել նրանց  սպասումները՝  հանդես գալ որակյալ աշխատանքով և նոր ասելիքով:

 

Հարցազրույցը՝  Երվանդ Մարեյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին