ԱՊՊԱ ընկերությունների գործունեության վերաբերյալ քաղաքացիների բողոքները չեն դադարում:
Արդեն տեղեկացրել ենք «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության չփոխհատուցման վերաբերյալ երկու քաղաքացիների բողոքի, ինչպես նաև դատարաններում առկա դատական գործերի մասին:
Քաղաքացիները և կազմակերպությունները ապահովական ընկերություններից հիմնականում բողոքում ու նրանց դեմ դատարան են դիմում երկու պատճառով` ապահովագրական ընկերությունը չի ընդունում ապահովագրական պատահարի փաստի առկայությունը կամ ցածր է գնահատում պատճառված վնասի չափը:
Ոլորտի հետ կապված մեկ այլ խնդրի առաջ են վերջերս կանգնել տասնյակ վարորդներ, ովքեր իրենց` դեռ մի քանի տարի առաջ վաճառված մեքենաների համար ծանուցումներ էին ստացել, ըստ որի պետք է վճարեն ԱՊՊԱ-ի ուշացման համար սահմանված 5000 դրամ տուգանքը:
Ստեղծված վիճակի համար իրավասուները ունեն իրենց բացատրությունը, ըստ որի`«եթե նույնիսկ մեքենան վաճառել ես, սակայն այն դեռ գրանցված է քո անունով...»: Վարորդն էլ ստիպված է փնտրել գնորդին , 5000 դրամի ակտը փոխանցել նրան ու պարտադրել, որ կատարի անվանափոխություն: Արդյունքում սկսվում է գլխացավանք, որին փորձում են ինչ-որ չափով աջակցել ճանապարհային ոստիկանները, որոնց տրամադրության տակ է մեքենաների հաշվառային համարների բազան: Սակայն արդյունքը ոչ բոլոր դեպքերում է ցանկալի ու մնումէ նույն գլխացավանքն ու քաշքշուկը:
Ի դեպ, օրերս, ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպությունը տեղեկացրել է, որ ՃՈ-ն մեքենաների ապահովագրության ուշացման մասին 5000 դրամանոց ակտ է ուղարկել նաև այն վարորդներին, ովքեր պնդում են, որ իրենց մեքենաների ապահովագրության ժամկետը չի լրացել: Այս առիթով, ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ,ըստ որի իրենք տուգանքները կիրառում են ` հիմնվելով ԱՊՊԱ բյուրոյի տվյալների բազայի վրա, իսկ ԱՊՊԱ բյուրոն էլ նշում է, որ իրենց բազան էլ հիմնվում է ապահովագրական ընկերությունների տրամադրված տվյալների վրա:
Վերջնական արդյունքում ստացվում է, որ ստեղծված վիճակի մեղքը հենց ԱՊՊԱ ընկերություններին է, որոնք վարորդի շահերը պաշտպանելու ու հոգսերը թեթևացնելու փոխարեն` հակառակը` նրանց համար նորանոր խնդիրներ ու գլխացավանք են առաջացնում:
Այս խնդրի վերաբերյալ է Արմենիա հեռուստաընկերության «Սուր Անկյուն» հաղորդաշարի ռեպորտաժը, որ կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում` 8.20 վայրկյանից: