▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ, հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու մտքից. Բախշյան

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն անդրադարձել է «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու վերաբերյալ խոսակցություններին:

Այդ թեմայի շուրջ նրա հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ: 

«Կրկին թեժացել են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու մասին խոսակցությունները, որի առիթը դարձավ նոր «Հանրակրթության պետական չափորոշիչ» փաստաթղթի հանրային քննարկումը, որտեղ գրված է, որ 5-6-րդ դասարաններում Հայաստանի պատմությունը, աշխարհագրությունը, մշակույթը, կրոնը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացվելու են ինտեգրված առարկաների միջոցով, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով։ Կարծես հստակ գրված է, որ 7-12-րդ դասարաններում առանձին պետք է դասավանդվեն վերոնշյալ առարկաները, որոնց մեջ է նաև Հայ եկեղեցու պատմությունը։

Այս առարկայի դասավանդումը պաշտպանված է օրենքով և ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն տրված կարգավիճակով, ու ոչ մի պաշտոնյա իրեն չի կարող իրավունք վերապահել դեմ գնալ օրենքին։

Եվ այսպես․ 1999 թ․ մայիսին  ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է․ «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաև Հայ Եկեղեցին»: 

ՀՀ Սահմանադրությունն ասում է․ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։ 2007 թ․ փետրվարի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որտեղ 8-րդ հոդվածում ամրագրվեց․ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի․

«2) մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները.

3) պետական կրթական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու՝ օգտագործելով դրանց շենքերն ու ռեսուրսները՝ այդ հաստատությունների հետ համաձայնեցնելով դասընթացների իրականացմանն առնչվող խնդիրները.

4) նպաստելու հասարակության հոգևոր կրթությանը կրթական հաստատություններում՝ օրենքով

սահմանված կարգով:

3. Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա»: 

Խնդրում եմ, հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ուսումնական պլաններից հանելու մտքից, դա չի բխելու ո՛չ մեր գործող Սահմանադրությունից, ո՛չ օրենքներից։ Մեր եսակենտրոն ժամանակներում մեզանում գլուխ բարձրացնող բազմաթիվ անբարոյական երևույթներ կկանխվեն նաև ա՛յս կրթությամբ, որի արդյունավետությունը դեռևս հեռու է գրված չափորոշիչներից։ Ա՛յ, սա խնդիր է, արժե ա՛յս մասին լրջորեն մտահոգվել ու սթափվել։

Պետական չափորոշչի այս նախագծի դրական առանձնահատկությունը ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ԱԿՆԿԱԼՎՈՂ

ԿԱՐՈՂՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ են։ Շրջանավարտից ակնկալվող կարողունակություններն 8-ն են, իսկ վերջնարդյունքները տարրականի շրջանավարտների դեպքում սահմանվել են 37 կետով, հիմնականի դեպքում՝ 52-ով և միջնակարգի դեպքում՝ 48-ով։ Կարդում ես ու մտածում, տեսնես կա՞ արդյոք ուսումնասիրություն, վերլուծություն այն մասին, թե առաջարկվող ուսումնական առարկաներն ապահովելո՞ւ են այս ակնկալվող կարողունակություններն ու վերջնաարդյունքները, մեր մանկավարժների ո՞ր տոկոսն է պատրաստ ապահովելու Չափորոշչով պահանջվող այս արդյունքները, նախատեսվո՞ւմ է բուհական մանկավարժական կրթության այն բարեփոխումը, որի արդյունքում կունենանք աշակերտից պահանջվող 8 կարողունակությունները բացահայտող մանկավարժներ։

Հայտնի չէ, որովհետև դեռևս չունենք «Կրթության զարգացման պետական ծրագիր» օրենք, որը կձևակերպեր հեղափոխությունից հետո կրթության բարեփոխմանն ուղղված տեսլականն ու քայլերի հաջորդականությունը։ Ե՞րբ կունենանք, հայտնի չէ։

Բայց ինձ մեկ այլ հարց է շատ մտահոգում։ Ես Չափորոշչի այս նախագծի մի քանի կետում նկատել եմ գործող «Հանրակրթության մասին» օրենքի հետ հակասություն, որի մասին փակ քննարկումների ժամանակ էլ եմ ասել, սակայն որևէ արձագանք չեմ ստացել։

Վերոնշյալ օրենքում Չափորոշչի սահմանումը սա է․ «Հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը, իսկ այս նախագծի հիմնավորման մեջ առաջարկվում է հանրակրթության պետական չափորոշչում հրաժարվել «Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը» սահմանումից, ինչը հնարավորություն կընձեռի գիտության և տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգընթաց ներդնել նոր բովանդակություն և ծրագրեր: Համամիտ լինելով այս առաջարկի հետ, ավելին՝ առաջարկում եմ հրաժարվել նաև «կրթական ծրագրի առավելագույն ծավալ» հասկացությունից, բայց խնդիր եմ տեսնում օրենքի սահմանման հետ։ Չի կարող օրենքից բխող իրավական ստորադաս փաստաթուղթը հակասություն ունենալ օրենքի հետ։

Հաջորդ հակասությունը գալիս է գիտելիքների գնահատման 1-10 միավորների համակարգում բացասական միավորներից հրաժարվելուց, որի հետ շատ համամիտ եմ, այն շատ կարևոր է գիտելիքը արժևորելու տեսակետից, որքան էլ այն փոքր կամ քիչ լինի, ինչպես ուզում եք որակեք, ցանկացած գիտելիք ու կարողություն չի կարող բացասական գնահատվել, երբ երկրում համընդհանուր ներառական կրթություն է իրականացվում։ Ինչպես պահանջում է 2014 թ․ դեկտեմբերին ընդունված «Հանրակրթության մասին» օրենքը, որով երաշխավորվում է կրթության ներառական քաղաքականությունը, յուրաքանչյուր սովորող պետք է ստանա իր կարողություններին համապատասխան գիտելիք և հմտություն, որը կամփոփվի հիմնական կրթության վկայականով և ատեստատով, որտեղ կարող են լինել 1-10 միավորներ։ Ուղղակի խելամիտ շեմեր պետք է սահմանվեն միջին մասնագիտական կրթական հաստատությունների և բուհերի համար։

Սակայն գնահատման 10, միայն դրական միավորներով համակարգը ընդունելու դեպքում ամբողջությամբ պետք է վերանայվեն «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ կետերն ու սովորողների տեղափոխման, փոխադրման և ազատման գործող կարգերը։ Մասնավորապես, օրենքում պետք է վերանայվի այս միտքը․ Հանրակրթական ծրագրերի յուրացման արդյունքներն ամփոփվում են կրթական յուրաքանչյուր աստիճանի ավարտին: Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան: Կամ սա 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը կրկնում է ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը: 

Այս նորմը միջնակարգ կրթության 3-րդ մակարդակում կարելի է կիրառել ներդրվող կրեդիտային համակարգի մեջ։

Ինչ վերաբերում է տարրական դպրոցում միավորային գնահատումից հրաժարվելուն, որին կողմնակից եմ, սակայն այն, իմ կարծիքով, հակասության մեջ է մտնում օրենքի այս կետի հետ: Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում: Ստուգումը ենթադրում է միավորային գնահատում, որն առաջարկում են փոխարինել բնութագրերով, որոնք պետական ամփոփիչ ատեստավորմանը փոխարինող փաստաթուղթ չեն կարող լինել, որովհետև նման փաստաթուղթ սահմանված չէ օրենքով։ 

Կարելի է միավորային գնահատումը սկսել 4-րդ դասարանի 2-րդ կիսամյակից, տարրականն ավարտել համապատասխան ստուգում իրականացնելով, որը նաև տարրականի դասվարների աշխատանքի ցուցիչ կարող է դիտվել նրանց ատեստավորման ժամանակ։

Ամփոփենք այս հարցով՝ մինչև օրենքում չարվեն վերոնշյալ փոփոխությունները, այս նախագիծն ինչպե՞ս կարող է գործողության մեջ դրվել»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին