▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրացումների մասին հաղորդում կտան.«Ժողովուրդ»

Երեկ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները կրկին բողոքի ակցիա անցկացրեցին. նրանք այս անգամ հավաքվել էին Բաղրամյան 26-ի դիմաց: Նաիրիտցիները ՀՀ նախագահից պահանջում են իրենց աշխատավարձերը: Իհարկե, նախագահականի մոտ նրանց ոչ ոք չընդունեց, որից հետո երթով շարժվեցին դեպի ՀՀ ազգային ժողով՝ այնտեղ եւս պահանջելով վճարել իրենց ավելի քան մեկ տարվա աշխատավարձը:

Տեղեկացնենք, որ «Նաիրիտ» գործարանն ունի մոտ 400 միլիոն ԱՄՆ դոլարի պարտք: Իսկ գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը 2007-ից տնօրինում է բրիտանական Rhinoville Property Limited-ը, մյուս 10 տոկոսը պատկանում է ՀՀ Կառավարությանը:

Ի դեպ, նաիրիտցիները մի քանի օր առաջ դիմել էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ հայտնել էին, որ իրենց իրավունքները խախտվել են: «Նաիրիտ» գործարանի մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը երեկ հայտարարեց, որ պաշտպանը չի կարող որեւէ բան ձեռնարկել, քանի որ իրեն իրավունքների խախտման վերաբերյալ դիմում ներկայացված չէ: «Աշխատանքային օրենսգիրքը խախտվել է, նա տեսնում է, տեղյակ է, բայց քանի դեռ այդ մասին դիմում ներկայացված չէ, ոչինչ անել չի կարող: Այնուհետեւ մենք բոլոր հիմնավորումներով պատրաստի դիմումն իր հիմքերով ներկայացրեցինք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղ դիմումն ընդունել են հրատապ կարգով: Եւ նախօրեին ինձ տեղեկացրեցին, որ պաշտպանը նամակ է ուղարկել Կառավարություն եւ պնդել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում պատասխան տան»,- հայտարարեց Ա. Հարությունյանը:

Իսկ, ահա, «Նաիրիտ»-ի աշխատակից Սամվել Հովհաննիսյանը նամակ է պատրաստել, որը պետք է ներկայացվի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: Նամակում նրանք պահանջում են, որ դատախազը ուսումնասիրի «Նաիրիտ» գործարանի դրամական միջոցների յուրացման փաստը: Բանն այն է, որ աշխատակիցների պնդմամբ՝ իրենք հենց այդ յուրացումների պատճառով չեն կարողանում աշխատավարձ ստանալ:

Տեսնելով, որ նախագահականից իրենց ոչ ոք չի մոտենում, հուսահատված նաիրիտցիները երթով շարժվեցին դեպի ԱԺ՝ հույս ունենալով, որ այնտեղ կհանդիպեն ԱԺ խմբակցությունների պատգամավորներին: Այնուհետեւ նաիրիտցիներին մոտեցան ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու քարտուղար Արամ Մանուկյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը: Իսկ ավելի ուշ աշխատակիցներին մոտեցան նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Գարեգին Նուշիկյանը:

Զայրացած նաիրիտցիները Վ. Այվազյանից պահանջեցին վճարել իրենց աշխատավարձերը: Ի պատասխան այդ պահանջի՝ Այվազյանը ոչինչ չասող պատասխան տվեց. «Ձեր գործարանի տնօրինությանն այդ հարցը մի քանի անգամ տվել եմ, իսկ իրենք էլ երկինք էին նայում»:

 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին