▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա․ Վարդան Հակոբյան

Հանրային հեռուստաընկերության արտադրության պետ Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Ես ՀՀ վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն եմ եղել Հանրային հեռուստաընկերության կողմից։ Անձամբ եմ ներկա եղել այն բոլոր նախապատրաստական աշխատանքներին, որոնց հրավիրվել եմ, ապահովել եմ ուղիղ եթերում տեխնիկական անխափան աշխատանքը։ Հանրային հեռուստաընկերությունը դեռ չի արձագանքել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարությանը, բայց քանի որ ինքս եմ անմիջականորեն շփվել, տվել, լսել և կատարել բոլոր հրահանգները, հարկ եմ համարում պարզաբանել։
Հուսով եմ, տիկին Մանե Գևորգյանը հասցրել է ծանոթանալ հեռուստատեսության ուղիղ եթերի աշխատանքին, տեխնիկական ազդանշաններին։ Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել․ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա։ Սա գլխավոր հարցն է։ Առանց այս հարցին պատասխանելու հապճեպ որոշում կայացնելը և մեղադրելը, իմ կարծիքով, խոսում է կանխակալ վերաբերմունքի մասին։ Ես ինքս եմ բարձրացնում այս հարցը․ գտնվելով նույն սենյակում գործընկներների հետ, հայտնելով նրանց եթեր մտնելու մասին, ուրիշ է՞լ ում պետք է հայտնեի այդ սենյակում կամ այդ սենյակից դուրս։ Ինքս բազմաթիվ անգամներ կազմակերպել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ միացումները, տեսագրությունները, շտկել եմ մանրամասներ։ Ուղիղ եթերում գտնվող հրահանգը ոչ մի անգամ ինքս չեմ տվել վարչապետին, այլ՝ կազմակերպիչը։ Ես արդեն պարզաբանումներ եմ տվել Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանն ու իմ գործընկներներին։ Եթե այս գիշեր որևէ հետաքննություն, իրավիճակի պարզաբանում և քննարկում է գնացել, որի արդյունքում տիկին Գևորգյանը ներկայացրել է իր մեղադրականը, այդ դեպքում կարող եք համադրել նաև իմ պարզաբանումը։ Ես չեմ ուզում հավատալ, որ այս ծանր օրերին դավեր են նյութվում անձնական հարցեր լուծելու նպատակով։ Անկեղծորեն ցավում եմ կատարվածի համար։ Հատուկ չեմ անդրադառնում այս քողի տակ իրենց տեխնիկական գուրուներ ներկայացնող այլ անձանց պարզաբանումներին։ Ես ամեն օր կազմակերպում եմ ուղիղ միացումներ, իսկ դուք ամեն օր միայն գրում եք այդ մասին։

Նշենք, որ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն, արձագանքելով Հանրային հեռուստաընկերության պարզաբանմանը, գրել է․

Հարգելի գործընկերներ,

Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից:

Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։

Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ։

Վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից` տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի վերաբերյալ:

Վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։ Ավելին՝ կառավարության լրատվական ծառայությանը տեղեկացվել է, որ նախքան վարչապետի ուղերձի մեկնարկը, եթերում լինելու է միայն լուսանկար, այդ թվում՝ բաց կապուղում։

Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին