▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զիջումներ չկան.Բանակում ծառայող կանայք՝ իրենց հանդեպ վերաբերմունքի մասին

Այսօր՝ ապրիլի 7-ին, Մայրության, գեղեցկության տոնին, լրագրողներին հանդիպեցին ռազմական ոլորտի կանայք: Նրանք խոսեցին բանակում ծառայության, իրենց որոշման ընդունման ու այլ հարցերի շուրջ:

«Դպրոցում ռազմագիտություն առարկան ուսումնասիրելիս մեծ հետաքրքություն էր առաջացել այդ ոլորտի նկատմամբ, իսկ սեր ծնվեց ուսուցչի շնորհիվ: Ցանկությունս այնքան մեծ էր հայտնվել այս ոլորտում, որ կարող  էի տարիներով սպասել մինչ կընդունվեի: Ճիշտ է, որոշմանս դեմ էր ընտանիքս, բայց չխանգարեցին ինձ՝ թողնելով, որ հասկանամ, թե որն է ճիշտը, որը՝ ոչ,-ասաց ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Գալինա Կարապետյանը, ով հասցրել է կոտրել «Կինը չի կարող գտնվել բանակում կարծրատիպը»:

«Հիմա արդեն շատերն են համաձայն, որ կինը լինի բանակում, որովհետև տեսնում են՝ կինն էլ կարող է տղամարդուն հավասար ծառայել: Զիջումներ չկան, եթե հանձնարարված է՝ բոլորը պետք է կատարեն: Այսպիսի բան գոյություն ունի.«Հրամանները պետք է կատարել, դրանից հետո նոր բողոքել»,-նշեց Գալինա Կարապետյանը:

ՀՀ ՊՆ Կենտրոնական Կայազորային հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանն էլ, ով անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ է, նկատեց.

«Ամենածանր ու պատասխանատու մասնագիտություն ունեմ: Զինվորական հոսպիտալում այն շատ է կարևորված: Անգամ ընդունելության ժամանակ բաժանմունքի պետը հարցրեց՝ միգուցե փոխե՞մ մասանգիտությունս, քանի որ այն շատ ծանր է կնոջ համար: Ես որոշումս չփոխեցի, իսկ այդ հարցն ինձ տրվեց նաև հետագայում՝  ամեն մի ծանր դեպքից հետո: Ես անդրդվելի է, չէ՞ որ սիրում եմ աշխատանքս»:

Շարունակելով վերջինին՝ ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նարինե Կարապետյանն ասաց.

«Հատկապես բժշկական բնագավառում կարևոր է հոգատարությունը, խնամքը: Կարող եմ հավաստիացնել, որ ցանկացած զինվոր բացի բուժումից ջերմ, մայրական խնամք է ստանում»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին