▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում...Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր:

Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Զինված ուժերում այժմ իրականացվում են բազմաթիվ դրական փոփոխություններ:

«Դուք գիտեք, որ մենք ավելի քան 2 մլրդ դրամ ենք հատկացրել զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: Այժմ մեծ թափով ընթանում է սննդի որակը բարելավելու ծրագիրը, որը թույլ տվեք ասել, հեղափոխական նշանակություն ունի, ընդ որում, երեք ուղղությամբ. ամենաառաջինը` զինվորի սննդի որակի մակարդակն է, երկրորդը` դրանից զինվորի ինքնազգացողությունը, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում զինվորին և նրա կարիքներին, երրորդը` դրա սոցիալական ազդեցությունը: Ուզում եմ արձանագրել, որ սննդի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում: Դա նշանակում է, որ նաև նրանց ծախսերն են կրճատվում, դա նաև սոցիալական ազդեցություն է ունենում:

 Հաջորդը, սպառազինությունների ձեռքբերման առումով ուրախ եմ և հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք այս մեկուկես տարվա ընթացքում շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք: Այս համատեքստում, կարևորում եմ նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետև այսօրվա սպան գիտի, որ վաղը զինթոշակառու է լինելու, և կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու: Հակառակը, Արցախի իշխանությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թվականը ներառյալ լուծենք համատեղ ուժերով:

 Բացի սպառազինությունից, այսօր ձեռք է բերվում ավտոմոբիլային մեծ քանակությամբ տեխնիկա, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում և շարունակվելու են տեղի ունենալ զինվորների հագուստի և կոշիկի առումով: Այստեղ դեռ չենք հասել մեր ուզած որակին, բայց շատ էական փոփոխություն կա:

 Այս ամենի ամենակարևոր իմաստը հետևյալն է. զինվորն ամենահեռավոր մարտական հենակետում պետք է իր կողքին զգա կառավարության ներկայությունը, ժողովրդի ներկայությունը, Հայրենիքի ներկայությունը: Զինվորը դիրքում երբեք իրեն միայնակ պետք է չզգա: Ես նկատի ունեմ` մենք ասում ենք սնունդ, հագուստ, զենք, ենթակառուցվածքների բարելավում, տեսադիտարկման համակարգեր, այսօր դիրքերն ապահովվում են խմելու ջրով, և այդ պրոցեսը մեծ թափով ընթանալու է և ավելի մեծ թափ է ստանալու: Ճիշտ է, այս ամենը տեխնիկական նշանակություն ունի, բայց ես ուզում եմ ընդգծել դրանց բովանդակությունը:

 

 Զինված ուժերը, զինվորը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, ժողովուրդը, Հայրենիքը` ամեն վայրկյան, 24 ժամ, գիշեր ու ցերեկ,  տարին 12 ամիս և այդպես լինելու է միշտ և այս զգացողությունը զինվորի սրտում, զինվորի հոգում պետք է անընդհատ ուժեղանա: Իհարկե, դա կապված է շոշափելի ենթակառուցվածքների, ձեռքբերումների հետ, բայց այդ փոփոխությունների ամենակարևոր իմաստը մտքի և զգացողության փոփոխություններն են, որոնք ես համոզված եմ, որ կան:

 Ամենակարևորը չնշեցի. զինված ուժերում սպայական կազմի աշխատավարձերի բարձրացումը, որը շատ էական բարձրացում է, դա խորհրդանշական բարձրացում չի կարելի համարել: Ձեր հարցին ի պատասխան՝ ես շարունակում եմ և դեռ ավարտին չեմ հասնում և այդ ավարտը չի լինելու, որովհետև այս պրոցեսը շարունակվելու է անընդհատ: Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ և ամեն դարի հետ: Ու այդպես շարունակվելու է հավերժ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին