«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով կազմված արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 16-ից վերսկսել է պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, արշավախմբի ղեկավարի տեղակալ Կարեն Փահլևանյանի փոխանցմամբ հնագետներն այս օրերին պեղումներ են իրականացնում հուշարձանի մի քանի հատվածներում:
Բնակատեղիի հյուսիսից-հարավ ձգվող պարսպի ճարտարապետական կառուցվածքն ամբողջությամբ հասկանալու համար, պեղվել է վերջինիս մի հատվածը: Պարզվել է, որ այն թույլ հիմքերի վրա է եղել կառուցված, շատ արագ և, ըստ երևույթին, պաշտպանական նպատակ է հետապնդել: Կ. Փահլևանյանի խոսքով պարսպի հատվածում ընթացող պեղումները հնարավորություն կտան որակական առումով էլ ավելի լավ լուսաբանել կառույցի պատմական նշանակությունը, առանձնահատկությունը: Պեղվել է նաև հուշարձանի տարածքում առկա 30 դամբարաններից մեկը, որը մինչև ՊՈԱԿ-ի պահպանությանը հանձնելը, բազմիցս «արժանացել» է գանձագողերի, հովիվների, որսորդների ուշադրությանը:
«Սկզբում կարծում էինք, թե հետաքրքիր նյութ չենք կարողանա գտնել, սակայն, երբ սկսեցինք պեղել դամբարանի կենտրոնական հատվածը, կավե անոթներ, դանակի ու նիզակի մասեր հայտնաբերեցինք: Ըստ երևույթին դամբարանում թաղված անձը հասարակության մեջ բարձր դիրք է զբաղեցրել», -իր խոսքում ասել է Կ. Փահլևանյանը: Հնագետները նույն հատվածում կենդանիների ոսկորներ, ատամներ են հայտնաբերել, նաև` ժանիքներ: Կ. Փահլևանյանի խոսքով ամբողջական պատկերացում կարելի է կազմել միայն նյութի մշակումից, համադրումից և լաբորատոր ուսումնասիրությունից հետո:
Այս օրերին արշավախումբը նաև օձի գլխով ապարանջան, բրոնզե ուլունքներ և այլ գտածոներ է հայտնաբերել: ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի փոխանցմամբ առաջիկայում հնագիտական արշավախմբին կմիանան նաև լեհ մասնագետները: