2022 թվականի երեք եռամսյակի արդյունքներով ԳեոՊրոՄայնինգի մաս կազմող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի հարկատուների շարքում կրկին առաջատարն է։
ԶՊՄԿ-ն հաշվետու ժամանակահատվածում պետբյուջե է վճարել ավելի քան 129 մլրդ դրամ տարբեր տեսակի հարկեր, ինչը 304%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը (42,3 մլրդ դրամ): Ընդ որում, եկամտահարկի վճարումների ծավալն աճել է ավելի քան երեք անգամ՝ մինչեւ 32,3 մլրդ դրամ։
Պետական բյուջե հարկային մուտքերի զգալի աճին նպաստել են ԶՊՄԿ-ի կողմից արտադրվող ապրանքների ինքնարժեքի աճը միջազգային շուկաներում, պետության կողմից խտանյութի արտահանման վրա նոր տուրքի սահմանումը, ինչպես նաեւ արտադրական գործընթացների եւ ծախսերի օպտիմալացումը եւ ԶՊՄԿ-ի արտադրողականության բարձրացումը:
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին նշում է, որ չնայած պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների որոշակի անկմանը, տարեկան կտրվածքով գների դինամիկան դրական է․
«Բացի այդ, ակտիվի շահութաբերության բարձրացման էական գործոն է հանդիսացել արտադրական գործընթացների, արտադրական ծախսերի օպտիմալացումը եւ ձեռնարկությունում մրցութային ընթացակարգերի ներդրումը: Դինամիկ աճող տնտեսական եւ արտադրական ցուցանիշների ձեռքբերմանը զուգընթաց խնդիր է դրվել ապահովել ընկերության բնապահպանական պատասխանատվության բարձր մակարդակ, պատրաստակամություն կիրառելու ամենաարդյունավետ միջոցներ շրջակա միջավայրի վրա արտադրական գործունեության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
Բիզնեսի բնապահպանական պատասխանատվության բարձր մակարդակի հասնելու համար, արտադրության օպտիմալացմանը զուգընթաց, մենք աշխատում ենք բարելավել կայուն զարգացման կորպորատիվ քաղաքականությունը՝ կիրառելով միջազգային ստանդարտներ եւ գործելակերպ»:
Ռոման Խուդոլին նշում է, որ ԶՊՄԿ-ի ողջ աշխատանքային թիմն այս տարի լուրջ միջոցներ է ձեռնարկել, որոնք պսակվել են հաջողությամբ․ «Իմ երախտագիտությունն եմ հայտնում ԶՊՄԿ-ի ողջ անձնակազմին. նրանք մեծ ներդրում են ունեցել ձեռնարկության գործունեության նման դրական արդյունքների ապահովման գործում»։