Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» ավանդական ողջույնը զզվելի էր, անհարգալից ու ռասիստական «Թվիթեր»-ում նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ գրելով. «Հիտլերը պատասխան ողջույնն է ուղարկում գերեզմանից»։
Մնացականյանն անդրադարձել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին՝ ընդգծելով, որ դա անհրաժեշտ է երկու հարևանների միջև հարաբերություններում։ «Անկասկած, այն ենթադրում է բարեխղճություն ու կարեկցանք։ Թուրքիայի ժխտողականությունը չի որակվում որպես բարեխղճության դրսևորում։ Դադարեցրեք Հայոց ցեղասպանության ժխտումը։ Եվ Աստծու սիրուն, դադարեցրեք Հայոց ցեղասպանության թեման պատմաբաններին հանձնարարելը։ Նրանք այս 107 տարիների ընթացքում իրենց աշխատանքը բազմիցս հիանալի կատարել են։ Հիմա ձեր հերթն է ցույց տալ քաղաքական քաջություն ու հարգանք՝ ինքներդ ձեր նկատմամբ»,- նշել է Մնացականյանը։
Նա հեգնական է որակել այն, որ Իսրայելն ու Ռուանդան, որոնք պատմության ընթացքում ևս տեսել են ցեղասպանություն, մինչ օրս չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը։ «Սա մրցում չէ «լավագույն ցեղասպանության» համար։ Քանի դեռ դուք ժխտում եք այլ ժողովուրդների ողբերգությունը, արդարության ու ճշմարտության մասին ձեր զգացմունքները դատարկ են»,- գրել է Մնացականյանը։