Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ հունվարի 30-ին, մերժեց ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանին գրավի դիմաց ազատ արձակելու պաշպան Արամ Վարդեւանյանի ներկայացրած միջնորդությունը։
Նշենք, որ պաշտպանը կալանքից ազատելու հիմք էր ներկայացրել Գասպարյանի առողջական վիճակը. «Նա ունի կրկնակի վիրահատության կարիք։ Խափանման միջոցը երբեք չի կարող նպատակ ունենալ՝ առողջության քայքայելու։ Նրա մոտ կա նաեւ զարկերակային հիպերտենզիա եւ առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ վերջերս ՔԿՀ է հրավիրվել շտապօգնության բրիգադ»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից բերման էին ենթարկել Արամ Գասպարյանին: Հուլիսի 16-ին դատարանը նրան մեկ ամսով կալանավորելու որոշում էր կայացրել, ինչից հետո նա գրավի դիմաց ազատ էր արձակվել, որոշ ժամանակ անց Գասպարյանը կրկին կալանավորվել է։ Նշենք, որ Գասպարյանը ԱԱԾ փոխգնդապետ է, Արցախյան առաջին պատերազմի մասնակից։
Ըստ մեղադրանքի՝ Արամ Գասպարյանը նախնական համաձայնության գալով ինքնությունները դեռեւս չպարզված անձանց հետ, նախապատրաստել է մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը: Բացի այդ, Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզելու եւ այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները։