Հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանը երկրորդ անգամ հրապարակել է տեսանյութ, որտեղ խոշտանգելով սպանել են հայ ռազմագերիներին: Հոկտեմբերի 2-ին տարածված տեսանյութը/Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ եղել է Իշխանասարի Հովազ 1 դիրքում, իսկ վերջինը՝ Վերին Շորժայում/Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ :
Թեմայի շուրջ «ԳԱԼԱ»-ն է զրուցել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ:
«Տեսանյութում ակնհայտ երևում է երեք զինծառայող, զինծառայողները նույնականացված են, նրանք հաստատված գերիների ցանկում չեն եղել: Տեսանյութի երկու ռազմագերու մասով ունենք ապացույցներ, որ նրանց գնդակահարել են: Միջադեպը եղել է Վերին Շորժայի դիրքերից մեկի բունկերում, և այդ հանցագործությանը ներգրավված է ադրբեջանական «Յաշմա» հատուկ ջոկատը»,- հայտնել է Սիրանուշ Սահակյանը:
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցչի փոխանցմամբ՝ Ադրբեջանի հրապարակած երկու տեսանյութերի տվյալներով սպանվել է տասներկու հայ ռազմագերի:
«Սեպտեմբերի 13-ին սկսված մարտական գործողությունների հետևանքով, մեր փաստահավաք խմբի տվյալներով, կրկնակի գերեվարման դեպքեր են եղել, բայց Ադրբեջանը հաստատում է 17 գերեվարման դեպքերը, բայց առնվազն նրանց թիվը շուրջ 35 է եղել: Սեպտեմբերյան դեպքերի ժամանակ գերիների մեծ մասը գնդակահարվել է, և մենք ունենք ապացույցներ, իսկ մյուսների դեպքում հանգամանքները ուսումնասիրվում են:
Վերջին միջադեպով ողջ գերիները հայրենադարձվել են, կան նաև բռնի անհետացածներ… մենք չենք կարող վստահ լինել, որ նրանք դեռևս ողջ են: Մենք այդ ամբողջ ինֆորմացիան ներկայացնում ենք միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին, միջազգային լրագրողներին, մարդու իրավունքներով զբաղվող կառույցներին»: