Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը ոչ թե պառակտել, այլ ավելի է համախմբել ժողովրդին. Խալիլ Շիրղոլամի
«Մեր ժողովրդի շրջանում էլ կային մարդիկ, որ հավատում էին Թրամփի խոստումներին, սակայն մենք տեսանք, որ դրանց հետևանքը եղան մարդկային կորուստներն ու ավերածությունները»,- ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը` պատասխանելով ԱրմենիաSputnik–ի հարցին։
Նա անդրադարձավ նաև Իրանի վերջին շահի որդու՝ 65-ամյա Ռեզա Փահլավիին, ով ապրում է ԱՄՆ-ում և հույսը չի կորցնում՝ վերադառնալու Իրան և ղեկավարելու երկիրը, և որը երեկ գրառում էր արել՝ նշելով, թե իր սիրտը ցավում է ամերիկացի զինվորների զոհվելու կապակցությամբ։ Դեսպանը հիշեցրեց, որ ամերիկաիսրայելական հարձակման հետևանքով 100-ից ավելի երեխաներ են զոհվել...
***
Եթե ԱՄՆ-ն դադարեցնի ագրեսիան և հնարավորություն ստեղծեն ազնիվ բանակցությունների համար, Իրանը կպատասխանի դրան, ասուլիսին ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Պարոն Թրամփը ցանկանում է ունենալ շատ հեշտ նվաճվող և ծախս չպահանջող հաղթանակներ։ Դուք ինձ հարցնում եք, թե ես ինչպես եմ պատկերացնում ԱՄՆ-ի պարտությունը։ Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն հիմա էլ պարտվում է։ Դուք խոսում եք մարդկության պատմության մեջ ռազմական ամենամեծ ուժն ունեցող պետության՝ ԱՄՆ-ի մասին, հիմա էլ նա համոզվեց, որ սա հեշտ նվաճվող ու որևէ ծախս չպահանջող հաղթանակը չէ, երբ կարող ես հարված հասցնել ու առանց որևէ հակահարվածի գնալ։ Մենք մեր երկիրը բոլոր հնարավոր միջոցներով կպաշտպանենք»,- ասաց դեսպանը։
***
Հայ-իրանական սահմանին, այսպես կոչված, փախստականների հոսք չենք արձանագրել, ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին
Համակարգային խնդիրներով պայմանավորված` իրանական երկու սահմանային անցակետեր ժամանակավոր չէին գործում, դրանցից մեկը Հայաստանի հետ սահմանին էր, բայց այսօր առավոտից խնդիրը կարգավորվել է։
«Մեր գլխավոր հյուպատոսը Իրան-Հայաստան սահմանին է, և ես նրան խնդրել էի, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգերը գրեթե 24 ժամ չէին աշխատել, փորձի հասկանալ` ինչ շարժ կա, արդյոք կուտակումներ եղել են, թե ոչ։ Նա ինձ վստահեցրեց, որ կուտակումներ չեն եղել։ Սահմանում սպասման մեջ էին 35-40 քաղաքացի, որոնք բոլորն էլ միջազգային տոմսեր ունեին, և թռիչքները պետք է Երևանից տեղի ունենային։ Կա նաև գործընթացի հակառակ տարբերակը․ մեր քաղաքացիներից շատերն ընտրում են տուն վերադառնալու ճանապարհը՝ թռիչքով հասնում են Երևան, այստեղից էլ ցամաքային ճանապարհով՝ Իրան»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ երեկ շուրջ 2 տասնյակ քաղաքացիների Իրան վերադարձն են կազմակերպել, այսօր ևս 15 քաղաքացի կուղևորվեն հայրենիք։
***
Իրանի հանդեպ ագրեսիան անմիջականորեն վտանգում է տարածաշրջանային անվտանգությունն ու խաղաղությունը. դեսպան
«Եթե այս գործողությունները շարունակվեն, ապա տարածաշրջանում գտնվող բոլոր երկրների համար կստեղծվեն ոչ բարենպաստ պայմաններ։ Նրանք, ովքեր իրականացրեցին այս գործողությունները մեր նկատմամբ, ոչ պատասխանատու կերպով վտանգի ենթարկեցին թե՛ տարածաշրջանային, թե՛ միջազգային կայունությունն ու խաղաղությունը»,–ասուլիսին ասաց ՀՀ–ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Ընդգծեց` մեր բարեկամ և հարևան Հայաստանի անվտանգությունը մեզ համար չափազանց կարևոր է և ՀՀ–ի տարածքային ամբողջականությունն էլ` կարմիր գիծ։ Իհարկե, մեր ցանկությունն է, որ Հայաստանը երբևէ որևէ վնաս չկրի միջազգային օրենքը խախտողների գործողությունների հետևանքով։


