▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիկ Սարգսյանի եղբայրը խոչընդոտե՞լ է Maxinfo.am-ի հիմնադրի լրագրողական գործունեությունը

Այսօր Maxinfo.am կայքը հաղորդում է տարածել այն մասին, որ արգելափակվել է կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանի ավտոմեքենան: Ըստ լրատվամիջոցի, դա արվել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի եղբոր կողմից:

«Փաստինֆո»-ն անդրադարձել է թեմային ու  հեռախոսով կապ է հաստատել  Բաբկեն Հարությունյանի հետ. վերջինս կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ է տվել. 

«Ես լուսանկարահանումներ էի իրականացնում Արարատի մարզի Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, որտեղ գտնվում է Սարգսյանների շքեղ առանձնատունը, ռեպորտաժը իրականացնելուց հետո իմ մեքենան հետապնդեց, ինչպես հետագայում պարզվեց, Ալիկ Սարգսյանի եղբայրը’ Անդրանիկ Սարգսյանը: Նրանք փակեցին իմ մեքենայի Ճանապարհը, ես, իհարկե, ստիպված եղա կանգնել, որից հետո վերցրեցին իմ մեքենայի բանալիները եւ թույլ չտվեցին ինձ շարունակել իմ ճանապարհը»,- պատմել է նա և պատասխանելով կատարվածի պատճառների մասին հարցին,  մասնավորապես,  ասել է.  «Մենք բազնմիցս անդրադարձել ենք Ալիկ Սարգսյանի գործունեությանը եւ հավանաբար նրանց համար դա շատ տհաճ է: Միանշանակ դա կապված է իմ մասնագիտական գործունեության հետ, որեւէ անձնական բնույթի խնդիր մենք երբեւէ չենք ունեցել եւ չէինք էլ կարող ունենալ»:

Հարցին, թե արդյոք կատարվածի մասին Բաբկեն Հարությունյանը տեղյակ պահե՞լ է Ոստիկանությանը, թե՞ բավարարվել է կայքում տեղադրված հրապարակմամբ, մեր զրուցակիցը նշեց, որ թեեւ ինքը իրավապահներին չի դիմել, բայցեւայնպես «քիչ առաջ ինձ զանգահարեցին ոստիկանությունից, կանչեցին, դեպքի վայր, այնտեղ, որտեղ ես թողել էի իմ ավտոմեքենան»:

Առայժմ նա չի ցանկացել  դեպքի մասին այլ մանրամասներ ներկայացնել` գերադասելով սպասել իրավապահների ձեռնարկելիք գործողություններին:

 

Աղբյուրը`pastinfo.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more