▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորը՝ Մարիետա Բադալյանի օջախում

Հարցազրույց հայ ռոմանսի թագուհի ՄԱՐԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ

-Ինչպե՞ս էիք դիմավորում Ամանորը Ձեր մանկության տարիներին, երբ այն հեքիաթի եւ հրաշքի պես մի բան էր թվում:

-Այն իսկապես հեքիաթի էր նման: Իմ ծնողների ոգևորությունը փոխանցվում էր ինձ. նախ հայրս սիրում էր  գնել ամենամեծ տոնածառը, որը մենք երեք երեխաներով զարդարում էինք, հետո մեզ համար հատկացված էր առանձին սեղան՝ մեր ափսեներով, պնակներով, և մայրս հատկապես ավելի էր ուշադրություն դարձնում այն բաների վրա, որ մենք էինք սիրում: Նախօրեին մայրս թխվածքներ էր պատրաստում իմ բոլոր մորաքույրների համար, ու մի քանի օր մեր տանից բուրում էր թխվածքների անուշահոտ բույրը: Մենք ունեինք մի հրաշալի գիրք, որ մինչև հիմա պահում եմ: Հաստափոր գիրք էր: Այդտեղ ցուցադրված էին սեղանի զարդարման ձևերը: Հենց այդպես շքեղ էլ ձևավորում էր մայրս մեր տոնական սեղանը: Այդ ամենը իսկապես հեքիաթ էր...

-Ասում են՝ Ամանորի գիշերը, երբ ժամացույցի սլաքները կանգնում են 12-ի վրա, ողջ Հայությունը միասնաբար երազանք է պահում, եւ այն ի կատար է ածվում: Ի՞նչ երազանքներ ունեք Դուք:

-Իմ երազանքը եթե նախկինում անձնական բնույթի էր, հետո վերածվեց իմ սեփական երեխաների երազանքը իրականանալու խնդրանքով: Հիմա ես ուզում եմ՝ իմ ժողովուրդը հոգսեր չունենա, նախկին անհոգ ձևով դիմավորի և հավատա, հույսը չկորցնի, որովհետև հիմա մի բացասական շերտ-գիծ է խանգարում, բայց գալու է նաև դրականի հերթը. կյանքը սինուսոիդ է... Ես դա զգացել եմ իմ ապրած տարիների ընթացքում:

-Ո՞վ է զարդարել այս տարի Ձեր տոնածառը: Սա էլ խորհրդավոր արարողության պես մի բան է:

-Այս տարի մեր տոնածառը զարդարել է աղջիկս՝ Էլիզան՝ իմ երկու թոռնիկների հետ միասին: Ուրախ, ոգևորված, պստլիկ թոռնուհիս՝ Արիանան, արդեն ընտրում էր՝ որ խաղալիքը որ ճյուղին է սազում, նույնը՝ Արենը: Շատ գեղեցիկ տոնածառ ստացվեց, բայց դե ես բնական ծառի բուրմունքին եմ հակված. այն ճիշտ է կտրված էր իր հողից: Բայց դե ծաղիկներն էլ են աշխատում մի քանի օր հաճույք պատճառել:

-Ինչպիսի՞ ուրախությամբ էիք անցկացնում Ամանորի օրերը Ձեր սիրելի ամուսնու՝ տաղանդավոր ռեժիսոր Յուրի Գզոյանի հետ միասին:

-Օ՜, Նոր տարին նրա ամենասիրած  տոնն էր: Նա մի ուրիշ տեսակ էր ոգևորվում, և այն փոխանցում էր մեզ: Գնումներին չէր խառնվում, բայց գիտեր, որ ամեն, ամեն ինչ իդեալական էր լինելու: Դե քանի որ նա երաժշտական հաղորդումների գլխավոր ռեժիսորն էր, մինչև վերջին ժամերը նկարահանման և մոնտաժային աշխատանքներով էր զբաղված: Երբեմն այնպես է պատահել, որ հազիվ է հասցրել ժամը 12-ին տուն գալ: Մենք սեղանը պատրաստ միշտ սպասել ենք նրան: Հենց ուղիղ կեսգիշերին մենք շամպայնով շնորհավորում էինք միմյանց: Հետո նա սիրում էր Նոր տարվա առաջին րոպեներին երեխաներին և ինձ անպայման դրամ  տալ: Ասում էր՝ թող գրպաններդ միշտ լիքը լինի: Մեզ մոտ սովորույթ էր՝ դիմավորել Նոր տարին նոր հագուստներով:

-Ես անձամբ եմ զգացել, թե Դուք ժողովրդական լեզվով ասած ի՜նչ «համով ձեռք» ունեք: Ի՞նչ ավանդական կերակրատեսակներ է պատրաստում Մարիետա Բադալյանը, եւ այդ բուրմունքը մինչեւ ու՞ր է հասնում:

-Նա շատ գեղեցիկ էր խոսում, շատ կնամեծար էր, գովում էր իմ պատրատած ամեն մի կերակուր: Շատ էր սիրում իմ թփով տոլման, մանր ֆրիկադելկաները, իմ բայա-դերան, թխվածք, որի համար խենթանում էր: Իդեալը, նապոլեոնը, շաքարլոխումը, այն, ինչ եփել եմ կամ թխել,եղել է արվեստով: Ես պետք է ասեմ, որ իր ընկերներից շատերն էին գալիս մեր տուն և միշտ բացահայտ գովել են ոչ թե քաղաքավարությունից դրդված, այլ իսկապես: Ես չգիտեմ բարի ասեմ, թե այլ  նախանձ էի զգում նրանց ասածների մեջ: Հատկապես նրա ծննդյան օրերին, երբ ես համեղ կերակուրներ էի ուղարկում ստուդիա, այնտեղ նույնպես նշում էին իր ծննդյան օրը, նա գալիս և պատմում էր, որ բոլորը հիացած են եղել: Իսկ քանի որ նա մշտապես հսկում էր երաժշտական հաղորդումները, միշտ ստուդիայում էր լինում, հենց ամսի մեկից մինչև տասներեքը, մենք նրա ներկայությունը միայն ուշ ժամերին էինք վայելում: Յուրան շատ նվիրված էր իր աշխատանքին, իր  մասնագիտությանը:

-Եվ վերջապես Ձեր ամանորյա բարեմաղթանքը Հայ ժողովրդին:

-Շատ եմ ցանկանում, որ իմ ազգի, իմ ժողովրդի մոտ վերականգնվի նախկին ժպիտը, անհոգ ժպիտը, սրտառատ ժպիտը, անբռնազբոս ժպիտը, և մեկ էլ՝ տեղ չտան չարությանը: Դա շատ կործանարար է և հիմա խցկվել է մեր երկիր: Չգիտեմ՝ որտեղից  է եկել: Հարկավոր է այդ հատկանիշին իր տեղը ցույց տալ, շպրտել մեր երկրից, մեր հասարակությունից, մեր հոգիներից և սրտաբացորեն առատ սնունդ տալ բարությանը, իմաստությանը, գթասրտությանը:  Իմ ազգն այսպիսին է եղել: Ուզում եմ՝ վերականգնվի նրա երբեմնի այդ հրաշագեղ կոչումը: Սիրում եմ իմ ազգը: Ոչ մի ազգ այդպիսին չէ, հավատացե՛ք...

Հեղինակ՝ Սերգեյ Մանվելյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more